21/11/2024

Ո՞վ և ի՞նչ գնով է ապահովելու իրավիճակն անհավասարակշռությունից բխող հնարավոր հետևանքներից

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը և այն կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստին: Գործնականում այստեղ էլ չկա հավանության արժանանալու կասկած:

Դրան զուգահեռ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ կանոնակարգի ստորագրողն է եղել հայկական կողմից, խորհրդարանում հայտարարել է, որ չունի Ադրբեջանում ներպետական ընթացակարգի վերաբերյալ տեղեկություն:

Միևնույն ժամանակ, Գրիգորյանը նշել է, թե չի տեսնում պատճառ, թե Ադրբեջանն ինչո՞ւ չպետք է վավերացնի այն ներպետական ընթացակարգով, եթե ստորագրել են կանոնակարգը հենց այդ պայմանավորվածությամբ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե Ադրբեջանն ինչո՞ւ չի սկսել ներպետական վավերացման գործընթաց, կամ եթե սկսել է, ինչո՞ւ այդ մասին չկա որևէ տեղեկություն և տեղյակ չէ նույնիսկ Մհեր Գրիգորյանը: Այո՛, առաջանում է տրամաբանական հարց, թե ինչո՞ւ պետք է ստորագրեին, եթե չէին իրականացնելու ներպետական վավերացումը: Բայց քանի դեռ չկա դրա մասին որևէ տեղեկատվություն, որևէ պաշտոնական հավաստում, որ Բաքուն սկսել է այդ գործընթացը, հիմնավոր է դրա առնչությամբ ցանկացած կասկած:

Առավել ևս, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը ստորագրված կանոնակարգի տեքստի վերաբերյալ պարզաբանման մեջ, որ հրապարակել էր օգոստոսի 31-ին, խոսել էր ներպետական գործընթացի զուգահեռ իրականացման մասին: Մինչդեռ ստացվում է, որ չկա զուգահեռ պրոցես: Կրկնեմ, եթե կա, ապա ինչո՞ւ չկա այդ մասին որևէ հրապարակային տեղեկատվություն:

Իսկ եթե որևէ հարց չունի հոդաբաշխ բացատրություն, ապա բնականորեն միշտ առաջացնում է հիմնավոր կասկածներ: Իսկ դրանք ավելի են խորանում՝ հաշվի առնելով այն, որ առ այսօր որևէ հոդաբաշխ և սպառիչ, համոզիչ բացատրություն չի եղել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած մի շարք զարգացումների մասով՝ սկսած Գորիս-Կապան ճանապարհից, մինչև Կիրանց:

Այդ ամենում, ըստ էության, համոզիչ է եղել մի «բացատրություն», որ այդ իրադարձությունները կատարվել են, որովհետև Ադրբեջանը սպառնացել է ու շանտաժել: Իսկ պատկերն այդ իմաստով, ցավոք սրտի, բոլորովին չի ենթարկվել փոփոխության, չի նշմարվում անգամ Ադրբեջանի վարքագծային տրամաբանության փոփոխություն:

Հետևաբար, երբ խախտվում է կանոնակարգի վավերացման ներպետական ընթացակարգերի այսպես ասած զուգահեռը, և Հայաստանը «ընդունում» է դա, ապա խախտվում է գործընթացի հավասարակշռության տրամաբանությունը, ինչը սպառնում է մի իրողությամբ, երբ Հայաստանը կապված կլինի «վավերացման ուժով», իսկ Ադրբեջանի ձեռքերն ազատ կլինի ռազմական շանտաժի ուժի տեսանկյունից: Եվ կառաջանա հարց՝ իսկ ո՞վ և ի՞նչ գնով է ապահովելու իրավիճակն այդ անհավասարակշռությունից բխող հնարավոր հետևանքներից: