Չնայած դրան` վարչապետը շարունակում է վայելել հանրային մեծ աջակցություն, ըստ IRI հարցման արդյունքների
Վաշինգտոնի Միջազգային հանրապետական ինստիտուտ (International Republican Institute – IRI) հաստատությունը օրերս հրապարակեց Հայաստանում այս տարվա փետրվարին չափահաս քաղաքացիների շրջանում հեռախոսային սոցհարցման արդյունքները: Հարցումն ընդգրկում է խնդիրների լայն շրջանակ, որոնք առնչվում են երկրի առջև ծառացած քաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգության ոլորտների մարտահրավերներին: Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Սթեֆեն Նիքսի կարծիքով` այս հետազոտության հիմնական նպատակն է արտացոլել մարդկանց տրամադրություններն ու օգնել կառավարությանը հասկանալ, թե ինչ կարիքներ ու կարծիքներ ունեն Հայաստանի քաղաքացիները:
՛՛Եթե հավատացած եք, որ իրական կառավարումը կախված է ժողովրդի ձայնը լսելուց և գիտակցումից, թե ինչ է զգում ժողովուրդը, ապա այս հետազոտությունը շատ կարևոր կամուրջ է Հայաստանի քաղաքացիների և կառավարության միջև՛՛,- ասում է Նիքսը:
Հարցումը հետաքրքրական է հատկապես երկրում ընթացող քաղաքական զարգացումների ու ճգնաժամի համատեքստում: Արդյունքները ցույց են տալիս, որ հարցման մասնակիցների 55% ընդհանուր առմամբ կողմ են արտահերթ ընտրություններին, իսկ 42%-ը՝ ոչ: Հարցման մասնակիցների 33 տոկոսը իրենց ձայնը կտան գործող վարչապետի “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցությանը կամ “Իմ քայլը” դաշինքին, եթե ընտրությունները կայանան մոտակա կիրակի օրը: Հաջորդ քաղաքական ուժն է “Բարգավաճ Հայաստան”-ը՝ 3% և Ռոբերտ Քոչարյանը՝ 2% վստահության քվեով:
Բարձր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի հանրային աջակցության աստիճանը՝ 29% բացարձակ դրական եւ 25% մասամբ դրական աջակցությամբ: Այն առավել բարձր է գյուղական շրջանների բնակիչների, ինչպես նաև միջնակարգ կրթություն և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների շրջանում, իսկ առավել ցածր է՝ Երեւանի բնակիչների, բարձրագույն կրթություն եւ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների պարագայում:
Չնայած վստահության բարձր քվեի, ըստ հարցման արդյունքների, գործող վարչապետի այսօրվա վարկանիշը զիջում է IRI-ի՝ 2020թ. ամռան սոցհարցման արդյուքներին: Այդ ժամանակ վարչապետ Փաշինյանի գործունեւոթյունը ընդհանուր դրական էին գնահատել հարցման մասնակիցների 84 %, որոնցից բացարձակ դրական պատասխան էին տվել 72 %, իսկ մասամբ դրական՝ 12 %: Այսօր, ըստ հարցման արդյունքների՝ վարչապետի գործունեությունը բացարձակ դրական են գնահատել հարցվածների 29%-ը, իսկ մասամբ դրական՝ 25%: Այսպիսով, 2020 թ.-ի ամռանից առայսօր վարչապետ Փաշինյանի գործունեության ընդհանուր աջակցության քվեն անկում է ապրել 30 %- ով:
՛՛Այս հարցման արդյունքները մեզ հուշում են, որ Հայաստանի բնակչության մեծ մասը պահպանել է վստահությունը վարչապետի աշխատակազմի նկատմամբ՝ չնայած այն ամենին, ինչը տեղի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում՛՛,- ընդգծում է Սթեֆան Նիքսը:
Դրա հետ մեկտեղ համեմատաբար ցածր է ՀՀ կառավարության վարկանիշը: Ըստ հարցման արդյունքների՝ կառավարության գործունեությանը բացարձակ դրական են վերաբերվում հարցման մասնակիցների 9%- ը, իսկ որոշակի դրականորեն՝ 33%- ը: Պետական եւ հանրային հաստատություններից առավել մեծ աջակցություն է վայելում բանակը՝ 50% բացարձակ եւ 23% որոշակի աջակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ 30% բացարձակ և 30% որոշակի աջակցությամբ և ոստիկանությունը՝ 26% բացարձակ և 37% որոշակի աջակցության քվեով: Հարցվածների 30% ունի բացարձակ, իսկ 22% որոշակի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ: Առավել ցածր է Ազգային Ժողովի, դատարանների, Սահմանադրական դատարանի եւ քաղաքական կուսակցությունների վարկանիշները:
՛՛Բանակի հանդեպ այս մեծ աջակցությունը, որը տեսնում ենք հարցման արդյունքում, նախորդ հարցումների շարունակությունն է, որը մենք արձանագրել էինք նախկինում: Կարող եմ ասել, որ մեր կատարած բոլոր հարցումներում և՛ բանակը, և՛ եկեղեցին բնակչության շրջանում մշտապես բարձր վարկանիշ ունեցող հաստատությունների շարքում են: Եվ դա, անշուշտ, շարունակվում է՝ հաշվի առնելով հակամարտությունը՛՛,- նշում է Նիքսը:
Հարցման մասնակիցների կարծիքով այսօր Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը քաղաքական անկայունությունն է: Այս կարծիքին են հարցման մասնակիցների 12 %։ 11 %- ի կարծիքով առաջնային են տնտեսական խնդիրները, որոնցից է, մասնավորապես, գործազրկությունը։ Ղարաբաղյան հակամարտությունը որպես ամենակարևոր խնդիր համարում է հարցման մասնակիցների 9 %։ 8 %-ի համար առաջնային են ռազմական բարեփոխումները, իսկ կառավարության թերացումը հիմնական խնդիր է համարում հարցման մասնակիցների 6 %։
՛՛Հարցման արդյունքները խոսում են մի շարք տրամադրությունների մասին: Առաջին հերթին և ամենակարևորը, այն է, որ հրադադարի հաստատման պայմաններում Հայաստանի ժողովուրդը ցանկանում է, որ իր կառավարությունը կենտրոնանա սոցիալական, տնտեսական, աշխատատեղերի ստեղծման, քաղաքական կայունության և այլ հարցերի վրա: Մարդիկ իսկապես ցանկանում են, որ այս ծանր պահին կառավարությունը ավելի շատ ուշադրություն դարձնի ներքին խնդիրներին՛՛,- նշում է Սթեֆան Նիքսը:
Հարցման արդյունքների համաձայն հայաստանցիների մեծամասնությունը համոզված է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ընթանում է սխալ ուղիով: Այս կարծիքին են հարցման մասնակիցների 45%-ը: 31%-ի կարծիքով՝ Հայաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 24%-ը դժվարանում է տալ պատասխան: Առավել հոռետես են երիտասարդները կամ հարցմանը մասնակցած 18-35 տարեկանները, ինչպես նաև Երեւանի բնակիչներն ու բարձր եկամուտ
ունեցողները, մինչդեռ գյուղաբնակ քաղաքացիների շրջանում լավատեսությունը ավելի բարձր տոկոս է կազմում:
“Նախկին ԽՍՀՄ տարածքի մեր հարցումների համեմատականներն ընդհանուր առմամբ ցույց են տալիս, որ երիտասարդներն ամենից շատ աջակցում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, ժողովրդավարության առանձնահատկություններին, բայց նաև դասվում են ժողովրդագրական խմբին, որն ամենաքիչն է մասնակցում ընտրություններին, և դա այն բացն է, որ մենք արձանագրում ենք ողջ տարածաշրջանում: Մենք անընդհատ աշխատում ենք այս ուղղությամբ` լինի դա Ուկրաինայում, Վրաստանում, թե Մոլդովայում՝ փորձելով ներգրավել երիտասարդներին և թույլ տալ, որ վերրջիններս օգտվեն իրենց սահմանադրական իրավունքից` ընտրություններին մասնակցելու և իրենց նախընտրած թեկնածուին ընտրելու համար: Այնպես որ, սա հատուկ չէ միայն Հայաստանին, այլ միտում է, որը նկատում ենք ողջ տարածաշրջանում՛՛,- նշում է Նիքսը:
Երկրում տիրող տրամադրությունների առումով քաղաքացիների 49%-ը դրական է տրամադրված, հավասարապես՝ 49%-ը՝ բացասական: Լավատեսների 24%-ը համոզված է, որ ապագան միանշանակ լավ է լինելու, իսկ 25%-ը որոշ դրական փոփոխությունների հույս ունի: Նույն պատկերն է հոռետեսների ճամբարում. 24%-ը բացարձակ հիասթափված է, իսկ 25%-ն իրեն անապահով է զգում եւ չունի հավատ ապագայի հանդեպ: Առավել հոռետես են Երեւանի բնակիչները:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել