Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում երեկ ավելի քան 3 ժամ քննարկվեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, ապա ԱԺ-ի վավերացման առաջին կնիքը դրվեց՝ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ փաստաթղթին:
Հրապարակ թերթը գրել է․ Բայց ՔՊ-ական պատգամավորները չկային քննարկմանը, հայտնվեցին քննարկումից ժամեր անց, միաձայն ձեռք բարձրացրին՝ կողմ քվեարկելով կանոնակարգին։ ՔՊ-ականները ո՛չ հարց ունեին, ո՛չ մտահոգություններ մի փաստաթղթի վերաբերյալ, որն ամիսներ շարունակ բուռն կրքեր է բորբոքել հայ հասարակական-քաղաքական ակտիվ շրջանակներում, քանի որ կանոնակարգ կոչվածում ոչ մի քարտեզ ամրագրված չէ, թե ինչ կոորդինատներով է գծվելու հայ-ադրբեջանական սահմանը: Ո՛չ որոշակիություն կա, թե հաջորդ սահմանազատվող տարածքը որն է լինելու, ո՛չ էլ, առավել եւս, երաշխիքներ կան, որ այդ գործընթացն իրականություն է դառնալու նույն սկզբունքով, նույն քարտեզներով, ինչը Կիրանցում էր արվում։
«Էս կանոնակարգը նաղդի ու նիսյայի մասին է, կտոր-կտոր Բաքվի պահանջներն եք կատարելու»․ փաստաթուղթն այսպես բնորոշեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Որոշ ՔՊ-ականներից զատ, նաեւ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր ներկա քննարկմանը, բայց, ինչպես նշեցինք, բոլորը, հավատարիմ իրենց ուսապարկի կոչմանը, ձայն-ծպտուն չհանեցին խորհրդարան ուղարկված փաստաթղթի վերաբերյալ, նույնիսկ ձեւական հարցադրումներ չարվեցին: Ճիշտ հակառակը` մեկ-երկուսն անգամ բոցաշունչ ելույթներով փորձեցին գովերգել կառավարությունից ստացված «սեւ թուղթը»։
Ընդդիմությունից էլ միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էին ներկա, որոնք իրենց սուր հարցադրումներով հիմնական զեկուցող, հայկական կողմից հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին ասես կանգնեցրել էին, Փաշինյանի խոսքով ասած` գնդակահարության պատի տակ: Գրիգորյանի «կռուտիտներից» անդին, նկատելի էր ընկճված հոգեվիճակը, ակնհայտորեն հասկանում էր իր հանցավոր արարքի մասշտաբը, եւ ինչ-որ պահի նա չկարողացավ տիրապետել էմոցիաներին, քննարկման եւ քվեարկության ավարտից հետո, երբ ընդդիմադիրները փորձեցին հոգեբանական ճնշում գործադրել նրա վրա՝ ասելով, որ իշխանությունները գնալու են, պետք չէ աթոռին կառչած մնալու համար նման գործընթաց իրականացնել, Մհեր Գրիգորյանը՝ «իշխանությունները գնալու են» արտահայտությանն ի պատասխան, բերանից կիսաձայն թռցրեց․ «Տա Աստված»: Նիստից հետո լրագրողներս հետաքրքրվեցինք՝ ինքն է՞լ է ուզում, որ իշխանությունները հեռանան, հոգնե՞լ է իր պաշտոնից, եթե այո, ապա ի՞նչն է խանգարում իրեն դիմում գրել-հեռանալ։ Սակայն Մհեր Գրիգորյանը հանդիմանեց լրագրողներին, թե` լսել եք մի բան, որը չպետք է լսեիք, իսկ եթե անգամ լսել եք, ապա հարցեր պետք չէ տալ դրա վերաբերյալ․ «Դուք պատահաբար եք լսել դա․․․ էդպես չի կարելի, հիմա հարց տալ»։ Տպավորություն է, որ Մհեր Գրիգորյանն էլ է հասկանում՝ Նիկոլ Փաշինյանի հետ ավիրում են Հայաստանը, եւ Աստծուց խնդրում է, որ նրանց հեռացնեն, կամ էլ նրան շանտաժով են պահում իր աթոռին, որ խայտառակ գործընթացի պատասխանատու կարգեն։
Վերադառնալով քննարկմանը՝ Մհեր Գրիգորյանը ոչ հիմնավոր, իսկ ավելի ճիշտ՝ «փաշինյանական կռուտիտներ» էր ներկայացնում` ի պատասխան ընդդիմադիրների մտահոգություններին, որոնք հիմնականում վերաբերում էին այն փաստին, որ հստակ քարտեզներ ամրագրված չեն կանոնակարգում, ինչը, մեղմ ասած, խիստ ռիսկային է դարձնում սահմանազատումը` այն իմաստով, որ Ադրբեջանը սեփական քարտեզներով է որոշելու՝ ինչ վերցնել Հայաստանից։ Դրա վերաբերյալ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց կառավարության բացատրությունը. «Ամբողջական քարտեզ գոյություն չունի, կան քարտեզներ՝ տարբեր մասշտաբի, տարբեր ժամանակահատվածում հաստատված, տարբեր ժամանակահատվածներում հերթապահություններ անցած, այսինքն՝ ըստ էության, ուժի մեջ մտած»: «Մեկ քարտեզին հղում տալը շատ ռիսկային կլինի, դա է պատճառը, որ կանոնակարգում հղում չենք տվել։ Վերաբերելի քարտեզի տակ չենք ընկալում նկարներ, այլ իրավական հիմք եւ հենք ունեցող քարտեզներ են լինելու»։
Արդեն նիստի ավարտից հետո Գրիգորյանին հարցրինք՝ եթե հայ-ադրբեջանական սահմանի մասին կոնկրետ քարտեզ չկա, այդ դեպքում ինչպե՞ս էր հայկական կողմը տեւական ժամանակ փորձում հասնել նրան, որ սահմանազատման փաստաթղթում կոնկրետ քարտեզ ամրագրվի: Բացի այդ՝ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանի համար ընդունելի կլինի սահմանազատումն իրականացնել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզներով, առավել կոնկրետ՝ 1975 թվականի քարտեզով: «75 թվականի քարտեզ ասելով մենք ի՞նչ ենք հասկանում՝ դա Գլխավոր շտաբի քարտեզներն են, որոնք կազմվել են 74-78 թվականներին եւ 79 թվականին անցել են հերթապահություն, այլ կերպ ասած՝ մտել են ուժի մեջ: Բայց էդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք պետք է օգտագործել եւ կամ, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխաններն էդ քարտեզները չեն տալիս»,- ասաց Գրիգորյանը: Հարցին՝ «բայց դա Հայաստանի սահմանների ամբողջական քարտե՞զն է», փոխվարչապետն արձագանքեց. «Ըստ էության, ինքը որոշակի իմաստով ամբողջական է, բայց հիմա ավել դետալ ձեզ չեմ ասի»: Իսկ թե ինչու ասաց, որ ամբողջական չէ, փոխվարչապետը հայտարարեց. «Որովհետեւ չկա»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչո՞ւ է հայկական կողմը շտապում, եթե Ադրբեջանում այս առումով տեղից չեն շարժվում։ Մհեր Գրիգորյանը պարզ հարցից վրդովվեց․ «Ո՞վ է ասում, թե շտապում ենք, դուք ճշտե՞լ եք՝ Ադրբեջանում գործընթաց կա՞, թե՞ չկա»: Երբ արձագանքեցինք, որ դա իրենք պետք է ճշտեն, անդրդվելի մնաց՝ ասելով, թե չեն շտապում։
Բաց մի թողեք
Մե՞ղք է արդյոք պահք չպահելը, ե՞րբ պետք է այցելել նոր մահացածի գերեզմանին. մանրամասնում է Տեր Շահեն. Տեսանյութ
Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը․ ՀԺ
Մենք Հրանտի հիվանդությունը հաղթահարեցինք ամբողջ ընտանիքով․ Լուիզա Ներսիսյան․ Տեսանյութ