13/11/2024

Ստեփանակերտում իր տանը մաhացել է հայազգի բնակչուհի Վերա Աղասյանը

Հոկտեմբերի 20-ին, Երևանի ժամանակով 10։10-ի սահմաններում, Ստեփանակերտում իր տանը մահացել է հայազգի բնակչուհի Վերա Աղասյանը (ծնված 1954 թ.), հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մահվան դեպքի առթիվ համապատասխան մարմնի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների՝ 70-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է սուր թոքային սրտի անբավարարությունը, որը զարգացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետ կապված։

Պարզվում է, տիկին Վերան որևէ հարազատ չի ունեցել․ «Վերան, ինչպես նաև իմ ամուսնու եղբայրն ապրում էին Ստեփանակերտի նախկին «Դղյակ» հյուրանոցում, որը ադրբեջանական Կարմիր մահիկի կողմից օգտագործվում է որպես հայկական ճամբար։ Երբ տեսազանգով խոսում էինք մեր հարազատի հետ, ասում էր, որ Արցախում մնացել է 4 կին։ Մեկի անունը Լարիսա է, մյուսները՝ Ռիտան, Պանդորան ու Վերան։ Զանգերի օրը Պանդորան ու Վերան ոչ ոքի հետ չէին խոսում, քանի որ հարազատներ չունեն Հայաստանում։ Հնարավոր է, հեռու բարեկամներ ունեն, բայց նրանց հետ կապ չէր պահում»։

Նա Արցախում մնացած ամուսնու եղբոր հետ ընթացիկ ամսում չի խոսել, սակայն, հիշում է, որ Վերան հիմնականում անկողնային վիճակում է գտնվել, ճամբարի տարածքից դուրս չի եկել․ «Չգիտեմ, գուցե գնացել է իր տուն ու այնտեղ է մահացել, բայց որքանով հիշում եմ՝ նրա տունը պետք է լիներ Իվանյանում։ Ամեն դեպքում ես շատ փոքր մարդ եմ մեղադրելու, թե ինչի համար են մնացել այնտեղ, դա իրենց կամքն էր»։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումից հետո իրենց կամքով օկուպացված Արցախում մնացել է մի քանի տասնյակ հայ։ Կարմիր խաչի միջնորդությամբ նրանց մի մասը վերադարձել է Հայաստան։ Առ այսօր Ստեփանակերտում շարունակում է ապրել 14 հոգի, որից մեկը՝ Վերա Աղասյանն էր։ Արցախաբնակ հայերի մեծ մասը չունեին հարազատներ, ապրում էին միայնակ և ունեին առողջական ու տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ։