22/11/2024

Թող մանդատները վայր դնեն, որ Փաշինյանը չցրի…

«Հրապարակի» զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

– Ձեր եթերներում կոչ եք անում խորհրդարանական ընդդիմությանը՝ մանդատները վայր դնել։ Բայց մանդատները վայր դնելով Ազգային ժողովը չի լուծարվի։

– Հատուկ իրենց համար լայվ եմ արել, խնդրել էին՝ դա էլ եմ բացատրել, էլ ի՞նչ անեմ, ինչքա՞ն կարելի է բացատրել՝ նույն բանն ասել։ Մեկ էլ ասում էին՝ հանձնաժողովներում տեղ չենք ունենա, դա էլ եմ բացատրում, որ կունենաք տեղ՝ մի անհանգստացեք, իրենք շարունակում են նույն բանն ասել։

– Պարզապես այս իշխանությունները ցույց են տվել, որ տրամաբանական կամ իրավական համակարգերը գոյություն չունեն․․․

– Իրավականի բան չկա, իրենք երկու ֆրակցիայով հայտարարում են, որ մենք մանդատները վայր ենք դնում եւ Նիկոլ Փաշինյանին առաջարկում ենք ցրել խորհրդարանը։ Փաշինյանը ցրում է խորհրդարանը՝ գնում ենք նոր ընտրությունների։ Այդ մարդիկ չեն ուզում հրաժարվել իրենց մանդատներից՝ Նիկոլ Փաշինյանից ի՞նչ են ուզում։

– Իսկ եթե Փաշինյանը չցրի խորհրդարանը։

– Թող իրենք 2 ֆրակցիայով այդ հայտարարությունն անեն, որ Նիկոլ Փաշինյանը չցրի, իրենց ես էլ կյանքում չեմ անդրադառնա։ Հայտարարություն անեն, որ մենք հրաժարվում ենք մանդատներից, դու էլ հրաժարվիր ու ցրիր խորհրդարանը, ու գնանք նոր ընտրությունների, որովհետեւ դա քաղաքական պրոցես է, քաղաքական պայմանավորվածությամբ պետք է լուծարվի խորհրդարանը։ Բոլորս գիտենք, թե Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությունն ինչպես է աշխատում, պետք չէ դնել ռետինի խողովակի տեղ իրենց ու ասել, որ մենք չենք հասկանում, թե ինչպես պետք է դա անել։ Դա՝ այն դեպքում, երբ որ իրենց աչքի առաջ՝ 2021 թվականին, դա տեղի է ունեցել։ Փաշինյանի տեղը թող չխոսեն, իրենք իրենց տեղը թող հայտարարեն, տեսնենք` ցրո՞ւմ է Փաշինյանը, թե՞ չէ։ Կարո՞ղ է բոլոր փորձերն արել են՝ չի ցրվել խորհրդարանը, եւ ես շարունակում եմ իրենց քննադատել։

– Ասում են՝ այս ընդդիմադիրները մանդատները վայր դնեն, նրանց տեղը կզբաղեցնեն արտախորհրդարանական այն ուժերը, որոնք Փաշինյանի հետ են հանդիպում։

– Դա հերթական մանիպուլյացիան է, խաբում են ձեզ, մի լսեք իրենց, ստախոս թալանչիների խմբավորումներ են։ Մի լսեք ստախոս թալանչիներին, որոնք ժողովրդից մի միլիոն դրամի չափ աշխատավարձ են հիմա ստանում եւ չեն աշխատում։ Մի լսեք, սուտ են ասում։

– Ձեր լայվերում եւ հարցազրույցներում անընդհատ շեշտում եք, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պիտի հեռանան ասպարեզից։ Բայց հասկանալի է, չէ՞, որ եթե նրանք հեռանան, իրենց հետ գնալու է նաեւ նրանց ռեսուրսը։

– Նախ՝ այդ ռեսուրսը գողոն է, չէ՞, այդ գողոնը պետք է վերադարձվի պետական բյուջե, ճի՞շտ է։ Հիմա այդ ռեսուրսը թող վերադարձնեն պետական բյուջեին։

– Ռեսուրս ասելով՝ ես նկատի ունեի մարդկանց, աջակիցներին, քաղաքական թիմերը։

– Մարդկանց ո՞վ է բան ասում, մարդկանց մասին խոսք չկա։ Այդ երկուսն էլ դաշինքներ են, չէ՞, բազմաթիվ ուժեր կան դրանց մեջ՝ այդ ուժերը կմասնակցեն։ Բայց Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նրանց ընտանիքի անդամները հենց մտնում են, նրանք ծառայեցնում են ամբողջ պրոցեսը Նիկոլ Փաշինյանին, դա տեսել ենք, չէ՞։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նայեք, իրենք գալիս են, ժողովուրդը գնում է՝ էլի իրեն է ընտրում։ Հիմա ասում ենք՝ ախպեր ջան, դուք դուրս եկեք, քաղաքական դաշտը թողեք, թող մանր-մունր ինչքան ուժեր, նորաստեղծ կուսակցություններ ունեն իրենք, մասնակցեն, որեւէ խնդիր չկա։ Նայեք, ես դա որ ասում եմ, գիտեմ, որ իրենք դուրս չեն գալու, հասկանո՞ւմ եք, դա բացառված է, որ իրենք դուրս գան։ Դա նույնն է, որ, ասենք, թմրամոլին ասես` թմրանյութ մի օգտագործիր, քաղաքականությունն իրենց սնուցող ռեսուրսն է, իրենց ռեսուրսները պահպանող պրոցես է իրենց համար, բայց այս պրոցեսի, այս մեր խոսքի արդյունքում ժողովուրդն արձանագրում է, որ իրենցից վտանգ չկա, որ իրենք կարող են վերադառնալ, որ իրենց՝ այդ ուռճացված վտանգը, որ իշխանություններն օգտագործում են ամեն անգամ, դա կնվազի, կզրոյանա։ Իրենց պարագայում Փաշինյանի ռեյտինգը չի կրկնապատկվի, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կրկնապատկում են Փաշինյանի ռեյտինգը։ Միացյալ Նահանգներից օրինակ բերեմ․ Դոնալդ Թրամփը միանշանակ հաղթում էր Ջո Բայդենին, Դեմոկրատական կուսակցությունը փոխեց թեկնածուին, բերեց Քամալա Հարիսին, հիմա հավասար են, հասկանո՞ւմ եք։ Նիկոլ Փաշինյանն ունի 50 տոկոս ռեյտինգ, օրինակ, Քոչարյանի դեմ, 54 է հավաքել` լավ, բայց իմ դեմ չունի 50 տոկոս ռեյտինգ, ուրիշ թեկնածուների դեմ չունի 50 տոկոս ռեյտինգ, նույնն էլ Սերժ Սարգսյանի մասին է խոսքը գնում։ Ու իրենք լավ գիտեն, ես ինչ-որ բարդ բան չեմ բացատրում։ Իրենք լավ գիտեն, ուղղակի իրենք ամեն ինչ անում են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Հիմա մենք էլ ասում ենք՝ մի արեք, խնդրում ենք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին՝ մի արեք, եղբայր, ինչի՞ եք դա անում։

– Ռեյտինգից խոսեցիք․ վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտում 2 տոկոս աջակցություն ունի։

– Շատ լավ, Նիկոլ Փաշինյանը, ըստ այդ հարցման, քանի՞ տոկոս է։

– 16 տոկոս։ Բայց ընդդիմադիրների շարքում քիչ թե շատ աջակցություն, փաստորեն, ընդդիմությունից միայն Քոչարյանն ունի։

– Որովհետեւ խորհրդարանական ուժ է, որ մենք խորհրդարանում էինք, բոլոր հարցումներում մենք երրորդ տեղում էինք, երկրորդ տեղում էլ ԲՀԿ-ն էր։ Դա նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Հիմա եթե Փաշինյանի դեմ մասնակցում է Քոչարյանը, Փաշինյանի 16 տոկոսը դառնում է 35, 40 տոկոս։ Խնդիրը հակառեյտինգն է, այդ հարցման մեջ հակառեյտինգ չկա ստուգված։ Եվ հետո` այդ հարցումներն այդպես հալած յուղի տեղ ինչի՞ եք ընդունում։ Մենք ունենք ընտրությունների արդյունքներն չէ՞, ես ելնում եմ ընտրությունների արդյունքից, հարցում-մարցում։ Այդ հարցումն ի՞նչ է` ես ունեմ ընտրությունների արդյունքները, ժողովրդի քվեի արդյունքները կան, մտեք նայեք։

– 2021 թվականից հետո շատ բան է փոխվել, պարոն Մարուքյան։

– Այո, ունեմ Երեւանի ընտրությունների արդյունքները, որին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն մասնակցել՝ իշխանությունը 32 տոկոս է տարել։ Էլ ի՞նչ օրինակ բերեմ Ձեզ համար, որ համաձայնեք ինձ հետ, որ նրանք պետք է դուրս գան։

– Խոսեցիք Ձեր քաղաքական թիմի մասին։ Քանի՞ անդամ է մնացել Ձեր թիմում…

– Մեր կուսակցությունը մենք չենք քննարկում, ես իմ կուսակցական շահերը չեմ առաջ մղում։

– Բայց չե՞ք ասի՝ «Լուսավոր Հայաստանն» ու Ձեր քաղաքական թիմը հիմա ինչո՞վ է զբաղված, գուցե ինչ-որ ծրագրեր կամ նախագծեր կան։

– Ամեն ինչ անում ենք, ովքեր մեզ համար անհանգստանում են, խնդրում եմ իրենց փոխանցեք, որ շատ լավ ենք, բարեւում ենք իրենց։

– Բացի մանդատները վայր դնելու առաջարկը, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի լուծումը։

– Դիտեք իմ լայվերը, իմ Յութուբ ալիքում ներկայացնում եմ բոլոր հարցերի լուծումները` թե՛ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված, թե՛ բանակցային գործընթացի հետ կապված, թե՛ սահմանազատման հետ կապված։ Պետության առջեւ ծառացած հարց չկա, որ ես խիզախություն չունենամ լուծումն ասելու։ Մյուսները խիզախություն ունեն քննադատելու Փաշինյանին՝ էն վատ արավ, էն վատ արավ, բայց չեն ասում, թե ինչ պիտի անի։ Ինչի՞․ որովհետեւ դա մեծ պատասխանատվություն է, ասել՝ ինչ արա, դա մեծ պատասխանատվություն է։ Ուղղակի քննադատեն՝ ինչ է անում, դա բոլորն էլ կարող են անել, ամենալոդր մարդն էլ կարող է անել։ Դա խնդիր չի։

– Սահմանազատման կանոնակարգին էլ եք անդրադարձել։ Ասում եք, որ քարտեզի բացակայության պարագայում կանոնակարգը վտանգավոր նախադեպ է ստեղծում։

– Ես ուղղակի պնդում եմ, որ առանց քարտեզի կանոնակարգն անորոշություն է իրավական, եւ հնարավոր չի դրանով կողմնորոշվել, թե ինչպիսին պետք է լինեն ապագա գործընթացները, հետեւաբար՝ չի կարելի նման կիսատ քայլեր անել, եւ Սահմանադրական դատարանը պետք է պահանջեր կառավարությունից, կառավարության պատկերացմամբ այն քարտեզները, որոնցով որ կառավարությունն ուզում է անել սահմանազատում, իսկ այնտեղ թողնված է մեծ պրոբլեմ՝ դա իրավական անորոշությունն է։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշումը գոնե այս կարեւոր սկզբունքից` սահմանադրական, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Ընդդիմությունն էլ, փոխանակ գնա քննարկմանը, բոյկոտում է, բայց աշխատավարձը ստանում է։ Ես ի՞նչ անեմ, ասեք։