Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ պատասխանելով այն հարցին, թե վերջին սոցհարցումների ժամանակ ինքն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույն վարկանիշն ունեն՝ հարցվածների երկու տոկոսն է նրանց համակրում։
Հրապարակ թերթը գրել է․ «Ինձ մի առանձնացրեք, ես առանձին վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը դա «Քաղաքացիական պայմանագրի» եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է»։
Սիմոնյանի այս պատասխանը երեկ բուռն քննարկումների առիթ էր դարձել ներիշխանական կուլիսներում, ՔՊ խմբակցությունում չարախնդում էին, որ Սիմոնյանը, ըստ էության, մատնեց, թե ինչ իրավիճակ է տիրում ՔՊ-ում, որ ում ռեյտինգը փոքր-ինչ աճի` վտանգ է կախվում գլխին, Փաշինյանը նրան մրցակից է տեսնում ու ոչնչացնում, ուստի ամենաապահով բանը շարքային ուսապարկ լինելն է: ՔՊ մեր աղբյուրների պատմելով՝ վերջին շրջանում խորհրդարանի խոսնակը թիմի ներսում անհասկանալի խաղեր է տալիս, ինչը դժգոհություններ է հասունացրել իր դեմ, ՔՊ-ական պատգամավորներն էլ նրա անհասկանալի պահվածքի մասին «կաթեցրել» են Փաշինյանի ականջին, եւ հիմա Ալեն Սիմոնյանը մտավախություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն «ժերտվա տալ», ու դրա համար է իր վարկանիշը վերագրում Փաշինյանին, որ իրեն «պատին չծեփի» առաջնորդը։ Մյուս կողմից` գուցե նկատի ունի, որ եթե քիչ է, ապա էլի Փաշինյանինն է: ՔՊ-ում ասում են, որ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացի «քավորներից» մեկը եղել է Սիմոնյանը, նա է Արփի Դավոյանին դրդել, ոգեւորել, որ նման գործընթաց սկսի, ստորագրահավաք նախաձեռնի, եւ հարցը ներկայացնեն վարչապետին։ Բայց ի սկզբանե զգուշացրել է, որ ինքը չի միանալու ստորագրահավաքին, քանի որ ի պաշտոնե չի ընկալվի իր քայլը, բայց կհորդորի, որ հնարավորինս շատ պատգամավորներ միանան։ Իսկ ստորագրահավաքի մեկնարկից հետո Սիմոնյանը լվացել է ձեռքերը, անգամ նրա մտերիմ պատգամավորները չեն ստորագրել՝ մտավախություն ունենալով, որ եթե հանկարծ նախարարի պաշտոնանկությունը գլուխ չգա, իրենք գլխացավի մեջ կընկնեն, նախարարը կթարսվի իրենց հետ եւ այլն։
Ավելին, Ալեն Սիմոնյանն ու իր, այսպես կոչված, խորհրդարանական թեւը ոչ միայն չմասնակցեցին նախարարի պաշտոնանկության ստորագրահավաքին, այլեւ ներկա չգտնվեցին խորհրդարանական հայտնի լսումներին, որոնց մասնակցում էին ուժային բոլոր կառույցների ղեկավարները, եթե անձամբ Սիմոնյանի բացակայությունը հարգելի էր՝ այդ օրը նա Ժնեւում գործուղման էր, ապա անհասկանալի էր մյուսների փախուստը: Թվում էր, թե իր հարսին կալանավորելու օրվանից Քյարամյանին ամեն պատի տակ հայհոյող Սիմոնյանը կմասնակցի ՔԿ ղեկավարին պատին դեմ տալու արարողությանը` գոնե լսումները կհամապատասխանեցնի իր գրաֆիկին, սակայն այդպես չեղավ: Եվ այս օրերին շրջանառության մեջ դրված նախաձեռնությունը, որի հեղինակը Սիսակ Գաբրիելյանն է` ԱԺ նախագահի հետ, նույնպես թեմայի մեջ է: Հիշեցնենք, որ նախագծով ուզում են պարտադիր դարձնել, որ, դատախազությունից եւ ոստիկանությունից բացի, խորհրդարանին հաշվետու լինեն նաեւ մյուս բոլոր ուժային կառույցները, այդ թվում` ՔԿ-ն։ ՔՊ-ում տարակուսած են՝ ինչի՞ց էր վախեցել, օրինակ, Սիսակ Գաբրիելյանը, որ լսումներին չէր մասնակցում, եթե անձամբ հեղինակել է նրանց հաշվետու լինելու նախագիծը։
Մեզ ասացին, որ ՔՊ-ականների բացակայությունների համար ԱԺ ղեկավարությունն անգամ նկատողություն է ստացել Նիկոլ Փաշինյանից, մասնավորապես Հայկ Կոնջորյանը կոշտ հանդիմանության է արժանացել, որ չի կարողացել պատգամավորների ներկայությունն ապահովել, այն դեպքում, երբ մյուս թեւը վարչապետի մոտ դժգոհել է, որ ներքին քննարկումների ժամանակ ֆրակցիայի գրեթե 99 տոկոսը դժգոհ է ուժայինների աշխատանքից, բայց լսումները ցույց տվեցին, որ գործ ունենք մի խմբակի հետ, որոնք փորձում են մի քանի հոգու ձեռամբ կրակից շագանակներ հանել։ Իսկ սա նշանակում է, որ այս մարդիկ վախենալու եւ կաշկանդվելու լուրջ պատճառներ ունեն, եւ ամենեւին էլ անհիմն չեն նրանց ունեցվածքի, կոռուպցիոն գործարքներին ներգրավվածության վերաբերյալ բարձրաձայնումները։
Վերադառնալով Ալեն Սիմոնյանի՝ իր վարկանիշի մասին արձագանքին, ՔՊ-ում երեկ վարկածներ էին քննարկում, թե հնարավոր է Փաշինյանի կողմից Ալեն Սիմոնյանին «խաղից» հանելու սցենար է մշակվում, եւ նման սոցհարցումներ են պատվիրում՝ փորձելով հող նախապատրաստել այդ գործընթացի համար, իսկ Սիմոնյանը շտապեց պաշտպանվել, որ դա ոչ թե իր, այլ Փաշինյանի վարկանիշն է։ Ավելին, նույն ճեպազրույցի ընթացքում նա գրեթե երդում էր ուտում, որ ««Քաղաքացիական պայմանագրում» թեւեր չկան, կա մի թեւ՝ Նիկոլ Փաշինյանի թեւն է, հետո էլ ինքն իրեն գովաբանում էր․ «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես ներկա չլինեի, ԱԺ նիստերն ինչի կվերածվեին»: «Ընդդիմությունն ԱԺ ընտրություններից հետո եկավ-ասեց` փրթենք-թափենք, սպանենք տրամաբանությամբ, բայց, փառք աստծո, եղավ, չէ՞, հետները համագործակցել, կարծում եմ, որ, որպես ԱԺ նախագահ, վատ չեմ իրականացնում իմ պարտականությունները»:
Բաց մի թողեք
Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը
«Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. Լուսանկար
Ավագանու նախկին անդամին դանակահարողը հայտնի է