23/10/2024

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարց

Արցախի կորստից մեկ տարի անց՝ մի շարք պետություններ ու միջազգային կազմակերպություններ ինտենսիվորեն քննարկում են Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։

Կանադաբնակ իրավապաշտպան, հասարակական գործիչ Միքայել Նալբանդյանի խոսքով՝ Շվեյցարիան ևս մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։

«Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է համապատասխան բանաձևը։ Դաշնային խորհրդի ընդունումից հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։ Բանաձևով Դաշնային խորհուրդը կոչ է անում Շվեյացարիայի իշխանություններին կազմակերպել խաղաղության համաժողով, որը կկազմակերպվի մեկ տարվա ընթացքում։ Անհամբերությամբ սպասում եմ, որ այդ հայտարարությունները վերածվեն գործի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Նալբանդյանի՝ «շատ կարևոր է, որ միջազգային դերակատարներն արդեն բարձրաձայն խոսում են այն մասին, որ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ, որը հանգեցրել է ողջ հայ բնակչության էթնիկ զտմանը»։

Խաղաղության համաժողովի նպատակն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունն է, որը շվեյցարական կողմի հայտարարությունների համաձայն պետք է անցկացվի միջազգային դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղում դարերով բնակված հայ ժողովրդի անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ:

«Այս նախագծի հեղինակները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողությունները խիստ սահմանափակ են աշխարհաքաղաքական լարվածության պատճառով»,- նշեց Նալբանդյանը։