Չնայած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտավախություն չունի, որ Ադրբեջանը կձգձգի կամ առհասարակ չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը, Բաքվի հայտարարությունները տրամագծորեն հակառակի մասին են վկայում։
Հրապարակ թերթը գրում է․ Ու մինչեւ Գրիգորյանն առանց որեւէ հիմնավոր փաստարկի լավատեսություն, ավելի ճիշտ՝ բարի ցանկություն է հայտնում, թե «գործընթացը սինխրոն ընթանում է», ուղղակի ինքը չգիտի, թե որ փուլում է այն Ադրբեջանում, Ալիեւի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիրբեկովը հրապարակավ մտավախություն է հայտնում, որ Հայաստանի նոր կառավարությունը կարող է հետագայում պայմանագիրն անվավեր ճանաչել։ Բաքուն Ամիրբեկովի շուրթերով հերթական անգամ հայտարարում է, որ պատրաստ չէ առանց բոլոր կետերի վերջնական համաձայնեցման որեւէ պայմանագիր ստորագրել Հայաստանի, ավելի հստակ՝ Փաշինյանի հետ։
«Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել»,- ասում է Ալիեւի ներկայացուցիչը՝ ի ցույց դնելով այն ակնհայտ փաստը, որ Բաքուն սթափ է գնահատում իրավիճակն ու հասկանում է, որ իր կամքն ու ցանկությունները հլու-հնազանդ կատարող «ոսկե ձկնիկը» մի օր կարող է չլինել։ Այս մասին են վկայում նաեւ Բաքվից պարբերաբար հնչող հայտարարությունները՝ Հայաստանում «ռեւանշիստների» գլուխ բարձրացնելու մասին։ Ադրբեջանում հասկանում են, որ, անկախ ներքաղաքական գործընթացների թափից, հայ ժողովրդի մեծամասնությունը չի սատարում Փաշինյանի հանձնվողականությանը, ու դա մի օր կարող է պայթել։
«Ես դա չէի անվանի վախ, Ադրբեջանը բավականին սթափ է գնահատում իրավիճակը եւ փորձում է հնարավորինս ամրապնդել իր հաջողությունները՝ լինի բանակցությունների արդյունքում, թե սպառնալիքի կիրառման»,- «Հրապարակ»-ին ասում է Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ միեւնույն ժամանակ, տարօրինակ համարելով Ամիրբեկովի հայտարարությունը, որտեղ, իր կարծիքով, տրամաբանական թերացում կա։ «Եթե նա մտավախություն ունի, որ Հայաստանում իշխանության են գալու, իրենց բնութագրմամբ՝ «ռեւանշիստ» ուժեր, ապա այդ դեպքում ինչպե՞ս կարող է Սահմանադրության փոփոխությունը լինել այդ «ռեւանշիստների» կանխարգելման միջոց։ Սա ես ավելի շատ կընկալեի որպես ազդանշան ներկայիս վարչակազմին, որ ժամանակը, որն իրենց հատկացվել է Ադրբեջանի կողմից, սպառվում է, եւ իրենք պետք գնան հավելյալ զիջումների… որովհետեւ գաղտնիք չէ, որ այսօրվա վարչապետն իր իշխանությունը պահելու համար դիմում է զանազան զիջումների, եւ մեր այսօրվա իրավիճակը, որում հայտնվել ենք, այդ քաղաքականության արդյունքն է»,- բացատրում է դիվանագետը։
Ըստ Միրզոյանի՝ ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ Փաշինյանն ու իր խումբը, որոնք գրավել են իշխանությունը Հայաստանում, իր համար ոսկե հնարավորություն են, ուստի փորձում է հնարավորինս օգտվել շանսից։ «Իհարկե, Բաքուն խնդրի առաջ է կանգնած, որովհետեւ մի կողմից հասկանում է, որ պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանում երկարաձգվի նրա իշխանությունը, մյուս կողմից` փորձում է նորանոր զիջումներ պարտադրել։ Ադրբեջանական կողմի այդ կեցվածքը սրանով է պայմանավորված»,- համոզված է Կարեն Միրզոյանը։ Աշխարհաքաղաքական իրավիճակը, դրանից բխող մարտահրավերները` մի կողմից, Միրզոյանի խոսքով, մյուս կողմից՝ այն ակնհայտ հանգամանքը, որ Հայաստանում ցանկացած այլ իշխանություն, որը կփոխարինի այսօրվա վարչակազմին, չի վարելու նման քաղաքականություն, Ադրբեջանին ստիպում է դիմել հավելյալ ջանքերի՝ իր նպատակին հասնելու համար: Իսկ նպատակը` որպես քաղաքական գործոն, տարածաշրջանում վերացնել Հայաստանը եւ այն դարձնել մի տարածք, արբանյակ, որը կգործի ադրբեջանաթուրքական տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում։
«Ակնհայտ է, որ նույնիսկ այսօրվա իրավիճակում կան բազմաթիվ հնարավորություններ, եթե ոչ սկսել նոր բանակցային գործընթաց, ապա զանազան բանակցային ուղիներով պաշտպանել թե՛ Հայաստանի, թե՛ արցախահայության շահերը։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունն այդ ճանապարհով չի գնում, եւ ընտրել են մի քաղաքականություն, որը, իրենց կարծիքով, թույլ կտա երկարաձգել իրենց կեցությունն իշխանության ղեկին։ Այդ քաղաքականությունը, սակայն, վտանգավոր է, որովհետեւ, վաղ թե ուշ, ներկայիս իշխանությունները հայտնվելու են մի իրավիճակում, երբ ստիպված են լինելու պատասխան տալ իրենց բոլոր խոստումների համար, որոնք շռայլորեն բաժանում են բոլոր կողմերին»,- բացատրում է դիվանագետը՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Արցախի շահերն անջատ չեն, ու արցախցիների արժանապատիվ, ապահով եւ անվտանգ վերադարձի իրավունքի պաշտպանությունը պետք է լինի Հայաստանի ապագա իշխանության առաջնահերթությունը։
Իսկ թե ինչու է Ադրբեջանը հապաղում սահմանազատման կանոնակարգի վավերացման գործընթացի մեկնարկն անգամ տալու հարցում, ըստ մեր զրուցակցի, ամեն բան հստակ է՝ Բաքուն չի շտապում որեւէ քայլ անել որեւէ փաստաթղթի ուղղությամբ, որովհետեւ, պարզապես, նպատակ ունի գործընթացն օգտագործելով՝ մաքսիմալ զիջումներ կորզել։
«Ադրբեջանը բացարձակ ցանկություն չունի՝ ստանձնել որեւէ պարտավորություն, իսկ ցանկացած փաստաթղթի համաձայնեցումը հավելյալ պարտավորություն է։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ամբողջ գործելաոճը վկայում է, որ առանց որեւէ փաստաթղթի, Ադրբեջանը կարողանում է ներկայիս իշխանություններից կորզել ցանկացած զիջում, ուստի որեւէ շահագրգռվածություն նա չունի։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում ինչ-որ քայլերի գնա, բայց այս պահին դա անելու ակնհայտ շահը չկա»,-ասում է Կարեն Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար այս պահի հիմնական խնդիրը ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջն է, որին Փաշինյանի իշխանությունն այս պահին գնալ չի կարող, քանի որ հասկանում է՝ դա կարող է նշանակել իր իշխանության ավարտը, բայց անգամ այդ պահանջի կատարումը, ըստ դիվանագետի, չի կանգնեցնելու Բաքվին, որն արդեն իսկ խոսում է արցախյան պատերազմի, այսպես կոչված, «պատասխանատուների դատապարտման» մասին։
«Ադրբեջանի պահանջների շարքն անվերջ է, որքան շտապողական է հայկական կողմը՝ կատարելու այդ հրահանգները, Ադրբեջանի ախորժակն այնքան մեծ է»,-ասում է Միրզոյանը: Ընդգծելով աշխարհաքաղաքական ու Հայաստանի ներքաղաքական զարգացումների գործոնի նշանակությունը՝ Ադրբեջանը հասկանում է եւ գիտակցում, որ իրեն «արտոնված» ժամանակն ավարտին է մոտենում, ուստի փորձում է գործընթացն արագացնել։
Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ, նորանոր պահանջներից բացի, նաեւ ուժային միջոցներով ՀՀ իշխանության վրա ներգործության սցենար են մշակում, հատկապես որ նոյեմբերը սարերի հետեւում չէ, երբ Ադրբեջանը կազատվի կլիմայական համաժողովի «կապանքներից»։ Միրզոյանն ասում է՝ ամեն բան կախված է հարափոփոխ հանգամանքներից՝ վրացական ու ամերիկյան ընտրություններից, մինչեւ մերձավորարեւելյան եւ ուկրաինական հակամարտության գոտիներում իրավիճակ, բայց այն, որ մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավականին բարձր է, Ադրբեջանը չի թաքցնում։
«Այդ մասին վկայում են թե՛ Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչների հայտարարությունները, օրինակ, պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը, թե՛ չդադարող զորավարժություններն ու ռազմական բյուջեի կտրուկ ավելացումը, երբ հաշված օրեր առաջ այդ մասին որոշում ընդունվեց։ Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը, որպես պահուստային տարբերակ, միշտ դիտարկում է նաեւ ռազմական գործողությունների վերսկսումը»,- եզրափակում է Կարեն Միրզոյանը՝ շեշտելով, որ նորանոր խնդիրների շեմին զգոնությունը չպետք է կորցնել։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի