22/11/2024

Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյունաբերության ոլորտ․ նա բաժնետեր է դարձել «Մեղրաձոր գոլդ»-ում

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս – Eighty eight» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ 2024թ․ հոկտեմբերի 17-ին նա դարձել է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 %-ի բաժնետեր, գրել է «Հետքը»։

«Մեղրաձոր գոլդ»-ում միակ բաժնետերը, հիշեցնենք, Վարդան Մարգարյանն էր։ Այժմ նա բաժնեմաս չունի, փոխարենը 34 % բաժնեմաս ունի նրա որդին՝ Նարեկ Մարգարյանը։

«Մեղրաձոր գոլդ»-ի բաժնեմասերի մնացած 33 %-ը ձեռք է բերել Արտեմ Համլետի Սահակյանը: Նա Նարեկ Նալբանդյանի գործընկերն է։

Նարեկ Նալբանդյանն ու Արտեմ Սահակյանը հոկտեմբերի 2-ին նոր ընկերություն են հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն, որտեղ հավասար բաժնեմաս ունեն։

Արտեմ Սահակյանը նաև շինարարությամբ զբաղվող «Լիբրեյթ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն է, որը Նաիրի Զարյան 140 հասցեում այս պահին բազմաբնակարան շենք է կառուցում։

Արտեմ Սահակյանը ներկայացված է մի շարք այլ ընկերություններում՝ «Լեվել Շին» ՍՊԸ-ում հավասար մասնակցություն ունի ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանի (Դևիդ Հովիկի Սաֆարյան) հետ, բաժնետեր է նաև «Թ.Ֆ.ՇՈՓ» ՍՊԸ-ում, որտեղ փոխարինել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին։ Այդ ընկերությանն է պատկանում Պռոշյան փողոցում գտնվող  «Տոռա պալաս» հյուրանոցային և ռեստորանային համալիրը։

Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը, հիշեցնենք, շահագործվում է 2012թ․-ից։ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետն այս հանքավայրի համար ավարտվում էր 2023թ. սեպտեմբերի 10-ին:

Դեռեւս 2022 թվականի գարնանը «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագիծ է ներկայացրել՝ ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու նպատակով: 2022թ. հուլիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի նախագծին:

Չնայած դրան, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դատական կարգով երկարացրեց ընդերքօգտագործման իրավունքը մինչեւ 2040թ. մայիսի 1-ը:

Ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն՝ Մեղրաձորի հանքավայրում 60 հզր տոննա ապրանքային հանքաքար է հաստատված, որտեղ 4753,5 կգ ոսկի կա։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախագծի զեկույցների համաձայն՝ «Մեղրաձոր գոլդ»-ի ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութի արտադրությունը 2017–2021թթ․ ավելացել է:

2022-24թթ․ տվյալները դեռևս հասանելի չեն. ԱՃԹՆ վերջին զեկույցը հրապարակված չէ։

Համաձայն նույն զեկույցի՝ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝ ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութը 2017–2021թթ․  արտահանվել է Շվեյցարիա։

Վարդան Մարգարյանի հետ զրուցել առայժմ չի հաջողվել։ Նա զանգերին չի պատասխանում։ Չի արձագանքում նաև WhatsApp-ին ուղարկված հաղորդագրությանը։

Հեռախոսազանգին չպատասխանեց նաև Նարեկ Նալբանդյանը։ Նրան ուղղված տեքստային հաղորդագրությունը եւս անպատասխան է մնացել։

Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյունաբերության ոլորտ․ նա բաժնետեր է դարձել «Մեղրաձոր գոլդ»-ում