04/06/2025

Պուտինի արյունոտ ձեռքերը հասնում են նաև Մերձավոր Արևելք

Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը ժամանել է Մոսկվա: Ծրագրված է, որ նա մի շարք հանդիպումներ կունենա:

Նույն օրը Կազան է ժամանել Պաղեստինի ազգային ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը, որ օգոստոսի 14-ին այցելել է Մոսկվա և ՌԴ նախագահի հետ իսրայելա-պաղեստինյան կարգավորման շուրջ բանակցություններ վարել:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունը Գազայի հատվածում իրականացնում է ինքնուրույն քաղաքականություն և Մահմուդ Աբասի իշխանությունը փաստացի չի ճանաչում: Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բացահայտել է, որ Ստամբուլում հանդիպել է պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների հետ։ Ֆիդանն ընդգծել է, որ Գազայում հրադադար հաստատելու և Պաղեստինի ապագայի հարցում նրանց մոտեցումներում արձանագրվել է մերձեցում և դա համարել շատ կարևոր ձեռքբերում: Իսրայելը, ինչպես հայտնի է, կտրուկ մերժում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետագա ներկայությունը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Պաղեստինի ապագա քաղաքական համակարգում պետք է իր արժանի տեղն ունենա։ Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին ՌԴ նախագահի վերջին հայտարարությունն այն է, որ Իրանը դաշնակից է, իսկ Իսրայելի հետ հարաբերությունները՝ վստահելի:

Լիբանանի հարավում հոկտեմբերի սկզբին իսրայելական բանակի գործողությունների առաջին փուլի արդյունքներն ամփոփելով՝ Իսրայելի վարչապետը մամուլի ներկայությամբ ասել է, որ այնտեղ առգրավվել է մեծ քանակությամբ ռուսաստանյան արդիական սպառազինություն:

Այս ֆոնին ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ներկայացուցիչ Մարզուկի Մոսկվա այցը և ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Պաղեստինի ինքնավարության ղեկավարի ներկայությունը հուշում են, որ Մոսկվան իսրայելա-պաղեստինյան կարգավորման «խաղի մեջ մտնելու» քայլ է ձեռնարկում:

Ըստ երևույթին՝ խնդիրը նախատեսված է քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը: Նման ենթադրության համար կարելի է հիմք ընդունել «Անադոլու» գործակալության կողմից արված բացահայտումը, որ կազանյան ուղևորությանը Ռեջեպ Թայփ Էրդողանին կուղեկցեն նաև արտաքին գործերի նախարար Ֆիդանը և Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քըլըչը:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շուրջ հրապարակային տեղեկատվությունը կառուցված է այնպես, որ այն հիմնականում տնտեսական, առևտրային, ազգային արժույթով վճարումների հետ կապված հարցեր է քննարկում:

Բայց այդ դեպքում ի՞նչ անելիք ունի այնտեղ Պաղեստինի ինքնավարության առաջնորդը, որ ոչ միայն արտաքին ապրանքաշրջանառություն, այլև սոցիալական հարցեր լուծելու համար անհրաժեշտ միջոցներ չունի, և բնակչության կարիքները հոգում է միջազգային դոնորների, մասամբ էլ՝ Իսրայելի տրամադրած գումարների հաշվին:

Գազայում և Լիբանանի հարավում հրադադար հաստատելու ուղղությամբ ԱՄՆ գործադրած ջանքերը որևէ շոշափելի արդյունք չեն տվել: Politico-ն ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի վերաբերյալ դիտարկում է արել, թե այն վկայեց Մեծ Բրիտանիայի միջազգային հեղինակության նվազումը: Ռուսաստանը չի կարող այդ հնարավորությունը չօգտագործել:

Մոսկվան «խաղի մեջ կմտնի» որպես Իսրայելի հետ վստահելի հարաբերություններ ունեցող դերակատա՞ր, թե՞ կընտրի Թուրքիայի հետ համատեղ գործելու տարբերակը:

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիևը Financial Times-ում հոդված է հրապարակել և մերժել ԱՄՆ նախագահի առաջարկությունը, ինչը կարող է կապ ունենալ Մեծ Բրիտանիայի հեղինակության նվազման հետ: Կազանում հայ-ադրբեջանական կարգավորումը կքննարկվի՞, դժվար է ասել։