22/11/2024

Օսկանյանը՝ արցախյան հարցի գերեզմանափոր

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հանձնախումբն արտերկրում «տիտանական աշխատանք կատարելուց հետո» հայրենիք է վերադարձել, հանդիպումներ ունեցել Արցախի նախագահի, պատգամավորների, կառավարության անդամների, փորձագետների հետ և հաշվետվություն ներկայացրել:

Ըստ տեղեկությունը փոխանցող լրատվամիջոցի աղբյուրների՝ հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանը Ստեփանակերտի ներկայացուցիչներին ճակատային հարց է ուղղել՝ իսկ ի՞նչ եք անում դուք:

Օսկանյանը և «Արցախի իշխանությունները» պայմանավորվել են, որ պետք է ակտիվանան ոչ միայն պատգամավորները, այլև հասարակական-փորձագիտական շրջանակները, որպեսզի մի կողմից զսպեն Հայաստանի իշխանությունների ադրբեջանական խոսույթը, մյուս կողմից հանձնախմբի համար հենարան դառնան, որպեսզի իրենք դրսում կարողանան հղում անել արցախյան շրջանակներին:

Մի կողմ թողնենք այն, որ Արցախի ԱԺ կողմից ստեղծված հանձնախմբի ղեկավարը պահանջում է, որ Արցախի նախագահը, պատգամավորները, կառավարության անդամները դառնան իր հենարանը. Ստեփանակերտի «դիվանագիտական ալքիմիան» կարող է ավելի կոպիտ դրսևորումներ ունենալ, և փորձենք վերծանել Օսկանյանի դժգոհությունը:

Քաղաքական մեծ փորձառություն և դիվանագիտական բացառիկ հմտություն պետք չէ, որպեսզի հասկանանք, որ արտերկրում «տիտանական աշխատանքի» ընթացքում Վարդան Օսկանյանին հարց է ուղղվել. եթե ինքը ներկայացնում է Ստեփանակերտի կոնսոլիդացված մոտեցումները, ապա Լեռնային Ղարաբաղի քաղաքական դասն ինչո՞ւ 2023 թ. սեպտեմբերի 19-24-ի իրադարձությունները ներկայացնում է այնպես, որ Ադրբեջանը խաղաղ բնակչությանը տվել է անվտանգության և քաղաքացիական իրավունքների երաշխիքներ, բայց մարդիկ գերադասել են հեռանալ՝ չընդունելով Բաքվի գերիշխանությունը:

Այսինքն՝ Օսկանյանի հանձնախումբն արտերկրում բախվել է լեգիտիմության և իր ու Ստեփանակերտի քաղաքական խոսույթի տարբերության խնդիրներին, որ, բնականաբար, անհնարին են դարձնում նրա առաքելության նույնիսկ տեսական արդյունավետությունը:

Վարդան Օսկանյանը փորձառու դիվանագետ է և չէր կարող չնկատել, որ եթե Արցախի կուսակցություններ, տասնյակ ՀԿ-ներ, հանրային գործիչներ՝ շուրջ երկու հարյուր իրավաբանական և ֆիզիկական անձ, բռնատեղահանությունից կարճ ժամանակ անց հայտարարություն են տարածում և ասում, որ ազատությունը թանկ են գնահատել և լքել հայրենիքը, ապա արտերկրում իր գործունեությունն անպայման բախվելու է դրանից ածանցվող քաղաքական հետևությունների:

Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա իրեն հարցնելու են. «Պարոն Օսկանյան, ո՞ւմ եք Դուք ներկայացնում, չէ՞ որ Արցախի իշխանությունները և քաղաքական ուժերը հայտարարել են, որ ունեցել ենք հայրենիքում մնալ-չմնալու այլընտրանք, նախապատվությունը տվել են չմնալուն»:

Կարելի է զարմանալ, որ Արցախի ԱԺ-ն մի կողմից Վարդան Օսկանյանի ուսերին չափազանց ծանր պատասխանատվություն է դնում, մյուս կողմից խմբակցությունների հայտարարությամբ, առանձին պատգամավորների հարցազրույցներով նրա համար անհարմարություններ ստեղծում, բայց դա Օսկանյան-Արցախի «իշխանություններ» հարաբերությունների տիրույթի հարց է, եթե, իհարկե, գործ չունենք քաղաքական շատ վտանգավոր սցենարի հետ:

Բացառված չէ, որ Օսկանյանի առաքելության ձախողման հրապարակայնացումը մի նպատակ է հետապնդում՝ ներշնչել, որ քանի դեռ «Հայաստանի իշխանությունների խոսույթն ադրբեջանական է», ԼՂ հայ բնակչության հավաքական իրավունքների պաշտպանության խնդիրը հնարավոր չէ լուծել:

Իսկ ավելի խորքային իմաստով, այդ քարոզչությունը շարունակում է անցյալ տարվա ստեփանակերտյան ավանդույթները և բացառում Ադրբեջանի հետ ԼՂ ներկայացուցիչների ուղղակի երկխոսության միջոցով բռնատեղահանված բնակչության իրավունքների հաստատման հնարավորությունը: Օսկանյանին «հանձնարարված է ԼՂ հարցի փակումը հասցնել ավարտի՞ն»: