03/11/2024

Պետդեպը չի բացահայտում ԱՄՆ նախագահի առաջարկները Երևանին և Բաքվին

Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ պատասխանելով նախագահ Ջո Բայդենի առաջարկների վերաբերյալ «Ազատության» գրավոր հարցմանը:

«Կողմերը նշանակալի առաջընթաց են արձանագրել խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ: ԱՄՆ-ը հանձնառու է սատարել այդ գործընթացը կողմերի համար օգտակար ցանկացած ձևով», – «Ազատությանը» փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ ամփոփելով, որ այս պահին հավելելու ոչինչ չունեն:

«Ազատություն»-ը ամերիկյան արտաքին գերատեսչությունից հետաքրքրվել էր, մասնավորապես, թե հայկական և ադրբեջանական կողմերին հղած նամակներում ի՞նչ է առաջարկել և ի՞նչ փոխզիջումների մասին է գրել ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը վարչապետ Փաշինյանին էր փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: