21/11/2024

Ագրոանտառաբուծության հայկական ասոցիացիայի մեկնարկային աշխատանքները․ Լուսանկարներ

Հայաստանում անցկացվեց ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը (AFCA 2024)։ Կոնֆերանսը իրականացվեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։

Ագրոանտառաբուծության կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել և քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական տեսանկյուններից։

«Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել Շվեյցարիայի կառավարության և մասնավորապես՝ «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։ FORACCA-ի նախնական փուլում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմն իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն, և դրա շնորհիվ մենք կկարողանանք ներդնել երկարաժամկետ համակարգեր։ Կոնֆերանսին մասնակցելու համար արտերկրից ժամանել են հյուրեր, ինչը ևս շատ կարևոր է փորձի փախանակման համատեքստում», – իր խոսքում նշեց ՀԱԱՀ ծրագրի ավագ համակարգող, ռեկտորի խորհրդական Էմիլ Գևորգյանը։

Կոնֆերանսի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վաչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ով կարևորեց ծրագրի անցկացումը։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք ակտիվ համագործակցություն FORACCA ծրագրի շրջանակում։ Շրջակա միջավայրի մարտահրավերներին դիմագրավելը մեզ համար կարևորագույն հարցերից է։ Այս համատեքստում ագրոանտառաբուծությունը նոր հնարավորություններ է ընձեռում շատերի համար, այն նաև օգնելու է բացել նոր աշխատատեղեր, նոր թափ է հաղորդելու գիտահետազոտական աշխատանքներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել կոնֆերանսի կազմակերպիչներին, այստեղ հնարավորություն կունենանք վերհանել առկա խնդիրները, գտնել նոր լուծումներ։ Մենք պատրաստ ենք համագործակցության համար», – իր խոսքում նշեց Համբարձում Մաթևոսյանը։

Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին շնորհակալություն հայտնեց կոնֆերանսի կամակերպիչներին՝ ընդգծելով, որ քննարկվում են ագրոանտառաբուծությանն առնչվող մարտահրավերներ, և իրենք կարևորում են այս իրադարձությունը, քանի որ այդպիսով ազդարարվում է ագրոանտառաբուծության հայկական ծրագրի մեկնարկը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն էլ խոսքում ընդգծեց կլիմայական փոփոխությունները, որոնք սպառնում են Հայաստանին։ Նա շեշտեց, որ ագրոանտառաբուծությունը արդյունավետ պայքարի միջոց է՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝ «Ագրոանտառաբուծության կարևորությունը և ակնկալվող արդյունքները», «Ագրոանտառաբուծության ներածություն և ներկա վիճակը Եվրոպայում»։ Կներկայացվեն «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի և ագրոանտառաբուծության բաղադրիչի նախնական արդյունքները, ինչպես նաև «Ագրոանտառաբուծական պրակտիկաները Հայաստանում»։

Իրականացվեց նաև երեք պանելային քննարկում՝ «Խթանել սոցիալական ներառականությունը․ Համայնքների կարիքները և օգուտները», «Աջակցել ագրոէկոլոգիական վերափոխմանը տնտեսական կայուն զարգացման համար», «Նպաստել հնարավորությունների միջավայրի ձևավորմանը․ Իրավական մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրերով։

Կոնֆերանսի ավարտին ազդարարվեց Ագրոանտառաբուծության հայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի աշխատանքների մեկնարկը։

Միտք․am-ը կարճ զրույց ունեցավ FORACCA նախագծի ավագ համակարգող, Ագրարային համալսարանի ռեկտորի խորհրդական Էմիլ Գևորգյանի հետ․ Նպատակն է խթանել Հայաստանում ագրոարտադրության զարգացումը և ագրոարդյունաբերական համակարգերի ստեղծումը,- ի սկզնբանե մասնավորեց նա։

Ինչու ագրո և անտառտնտեսություն, անտառն ու գյուղատնտեսությունը որքանով են փոխկապակցված։

Շատ կարևոր հարց է, անտառաբուծությունը ենթադրում է գյուղատնտեսական համակարգերում ծառերի, թփերի, վայրի պտղատեսակների ներառում, և դա դասական անտառտնկում չի։ Ըստ միջազգային պրակտիկայի, դրա իմաստն այն է, որ մենք դրանով փորձում ենք կանխել հողի էռոզիան, քամու ուժը, ջրի կորուստը և այլն։ Այսինքն այս դեպքում անտառը պաշտպանիչ դերակատարություն ունի, համակարգերը նաև սոցիալ – տնտեսական խնդիր են լուծում։ Մենք հիմա աշխատում ենք համայնքների հետ, համայնքային հողերի վրա՝ փորձում ենք այդպիսի տնտեսություն նախագծել, որպեսզի օրինակ, միջշարային հատվածներում, այլ հատվածներում հողը բարելավելու համար սկզբում մշակաբույսեր աճեցնել, ապա հողն ազոտով հարստացնել, ապա հետագայում, երբ ավելի լավ միկրոկլիմա կլինի, արդեն կարելի կլինի բարձրարժեք մշակաբույսեր աճեցնել, ինչը նախկինում այդտեղ հնարավոր չէր։ պանելային քննարկումներ են, խնդիրների ու կարիքների մասին ենք մտքերով փոխանակվում։ Վերջում կքննարկենք իրավական հարցերը, հասկանանք, թե իրավակազմակերպական ինչ ձևերով համայնքներում կարող ենք հաջողության պատմություններ ստեղծել, որովհետև գիտենք, որ դասական կոոպերատիվներն այլևս իրենց չեն արդարացնում, նոր մոտեցումներ են անհրաժեշտ։