22/11/2024

Ինչ նոր նվեր կտանի Պուտինը Բաքու՝ պատվելու եղբայր Ալիևին

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ դեռևս չկա նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության հարցի հստակություն:

Միջազգային մամուլը գրել է, որ Կլիմայի գագաթնաժողովին չեն մասնակցի Չինաստանի նախագահը, Հնդկաստանի վարչապետը, ԱՄՆ նախագահ Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Այդ բացակայություններն էապես կնվազեցնեն Ալիևի «տրիումֆի» աստիճանը:

Անկասկած է, որ միջազգային կյանքում էական դեր ունեցող երկրների նախագահների բացակայությունը զգալի կնվազեցնի գագաթնաժողովի «գործակիցը»: Պուտինը կփրկի՞ իրավիճակը Ալիևի համար:

Ըստ ամենայնի՝ հարցը քննարկվում է, եթե Պեսկովը հայտարարում է, որ Պուտինի մասնակցության կամ չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չկա: Ի՞նչ գնով ՌԴ նախագահ Պուտինը իր մասնակցությամբ կպատվի Իլհամ Ալիևին և ինչ-որ իմաստով «կմեղմի» այլ կարևոր դերակատարների բացակայությունը:

Հատկանշական է, որ Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընթացքում չի եղել Պուտին-Ալիև երկկողմ հանդիպում: Պուտինը չհանդիպեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թեև հոկտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը ՌԴ նախագահն ազդարարել էր, որ հնարավորություն կլինի հաղորդակցվել նաև Կազանում:

Չի բացառվում, որ այդ հաղորդակցությունները թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի հետ, եղել են այսպես ասած ոչ հրապարակային, չբարձրաձայնված: Հնարավոր է, որ հենց դրա արդյունքն էր նաև Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը: Անկասկած է, որ, եթե Մոսկվան լիներ դեմ, ապա Կազանում չէր կազմակերպվի Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում:

Հնարավո՞ր է, որ Պուտինի Բաքու այցի վերաբերյալ որոշումը կախված լինի հայ-ադրբեջանական գործընթացում որևէ քայլի հետ: Ուշագրավ է, որ Կազանի հանդիպումից հետո Ալիևն իր ստորագրությամբ հաստատեց սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը, թեև Ադրբեջանում այն չի անցել ներպետական աստիճանական վավերացում:

Ուշադրության առարկա է և այն, որ Պուտինը ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի իր ելույթում, հատուկ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման թեմային, անելով մի հայտարարություն, որը, կարծես թե, արժանացավ քիչ ուշադրության:

ՌԴ նախագահը դրական գնահատեց, որ մեկնարկել է սահմանազատման ու սահմանագծման գործընթացը: Մինչդեռ, այդ գործընթացը մեկնարկած չէ: Ավելին, Հայաստանի փոխվարչապետ Գրիգորյանը, օրինակ, հայտարարում է, որ իրեն հայտնի էլ չէ, թե որտեղից կսկսի այդ գործընթացը:

Արդյո՞ք Պուտինի մասնակցության հարցում դեր կունենա այն, թե ինչպես կվճռվի Բաքվում կայանալիք գագաթնաժողովին Երևանի մասնակցության հարցը: