ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը Արմենպրեսի հետ զրույցում հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ -ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին տեղեկություններով:
Անշուշտ, շատ լավ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է: Բայց մինչ կազմակերպությունը, որ կոչված է աշխարհում պաշտպանել մշակութային ժառանգությունը վանդալիզմից, մտահոգվում է, Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է զբաղվել այդ վանդալիզմով և ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հետքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան հայտնում է, թե ուղիներ են փնտրում, աշխատում են Ադրբեջանի իշխանության հետ՝ հասկանալու համար, թե ինչպես ներգրավվեն հարցերի լուծմանը:
Սա, ըստ էության, ոչ թե ուղիներ փնտրելու, այլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անզորության մասին է: Կամ անզորության, կամ էլ գործնականում անտարբերության: Որովհետև, կրկնեմ, մինչ փնտրվում են այդ ուղիները, եթե փնտրվում են, Ադրբեջանը անարգել ոչնչացնում, խեղում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը: Մի՞թե պարզ չէ, որ Բաքուն կամովին երբեք չի համաձայնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման: Մյուս կողմից պետք է նաև խոստովանել, որ, եթե այսօր, ըստ էության, անաշխատունակ է անգամ այնպիսի միջազգային կառույցը, ինչպիսին ՄԱԿ անվտանգության խորհուրդը, ապա ակնկալել, որ աշխատելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կլինի միամտություն:
Բայց դա բոլորովին չի նշանակում, որ պետք չէ աշխատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Եվ այստեղ առաջանում է հարց, թե Հայաստանն ինչպես և որքանով է կատարում այդ աշխատանքը: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Հայաստանը, անշուշտ, չպետք է ապրի պատրանքով և չափազանցված սպասումներով, թե կա պարտերազմի, ուժի կիրառման հետևանքով ձևավորված նոր ստատուս քվոն ոչ ուժային ճանապարհով որևէ կերպ հետ շրջելու իրատեսական հնարավորություն: Սակայն իրավիճակի ոչ պատրանքային գնահատումը միևնույն ժամանակ չպետք է ենթադրի դիվանագիտական, իրավաքաղաքական աշխատանքի բացակայություն, ինչպես առիթ եմ ունեցել գրելու՝ «ադրբեջանական քրգործը» կազմելու ուղղությամբ:
Իսկ դրա համար պետք է աշխատել միջազգային ոչ միայն քաղաքական, այլ նաև մշակութային բնույթի կազմակերպությունների հետ, ինչպիսին է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Վերջին հաշվով, Հայաստանն այդ կառույցի հետ աշխատանքով պետք է կարողանա ձևավորել այն փաստաթղթային բազան, որը ջնջելը կլինի արդեն Ադրբեջանի «ենթակայության» դաշտից դուրս, և որը խոշոր հաշվով կլինի Ադրբեջանի միջազգային հանցագործությունների, այդ թվում՝ պատմամշակութային վանդալիզմի մասին ապացուցողական բազան՝ գործնականում կազմելով նաև Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման և բռնի տեղահանության արժանացած ժողովրդի իրավունքների պաշտպանության առանցքային բաղադրիչներից մեկը:
Բաց մի թողեք
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար