Եթե հավատանք Ռուսաստանի պաշտոնական քարոզչությանը, ապա ցանկացած երկիր, որ Ուկրաինային անգամ քաղաքական աջակցություն է ցուցաբերում, ակնհայտ թշնամի է, իսկ ովքեր չեն դատապարտում «Կիևի նացիստական ռեժիմը, առնվազն ոչ բարեկամ են: Այդ նարատիվն այնքան կայուն է, որ Կրեմլը նույնիսկ չի խորշում «սարսափ տարածողի» կերպարից:
Վրաստանի պարագայում, մասնավորապես, ռուսաստանյան մամուլն անթաքույց հայտարարում է, որ իշխող ուժը չի միանում պատժամիջոցներին, քանի որ զգուշանում է Ուկրաինայի ճակատագրին արժանանալուց: Նման սպառնալիքներ Մոսկվան ամենատարբեր մակարդակնորով հնչեցնում է նաև հետխորհրդային այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հասցեին: Այսինքն՝ ընդունում է, որ նախկին խորհրդային հանրապետություններն իր նկատմամբ լոյալ են, որպեսզի հարձակման չենթարկվեն, տարածքներ չկորցնեն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում գերմանական Rheinmetall գործարանը ռազմական օրինական թիրախ է: Այսինքն՝ ռուսական օդուժը կարող է այն ռմբակոծել, հողին հավասարեցնել, քանի որ այն թողարկելու է ռազմական արտադրանք:
Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին ընդառաջ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ազդեցիկ ձեռնարկություններից մեկի գործադիր տնօրեն Սելջուկ Բայրաքտարը պաշտոնապես հայտարարել է, որ Կիևի մերձակայքում ԱԹՍ-ների արտադրության գործարանը գրեթե պատրաստ է շահագործման, բայց ծրագրված է, որ առաջին արտադրանքը կթողարկի 2025 թ. օգոստոսին: Ռուսաստանի ոչ մի պաշտոնյա այդ տեղեկությունը չի մեկնաբանել, ոչ էլ զինվորականներն են հայտարարել, որ ԱԹՍ-ների արտադրության թուրք-ուկրաինական համատեղ ձեռնարկությունը «ռազմական օրինական թիրախ է»:
Ստացվում է, որ գերմանական Rheinmetall-ի ապագա արտադրանքն Ռուսաստանի համար սպառնալիք է, իսկ թուր-ուկրաինական համատեղ թողարկած ԱԹՍ-ն՝ ոչ: Փաստացի երկու դեպքում էլ խոսքը հարձակողական սպառազինության, Ուկրաինայի պաշտպանական հզորության ամրապնդման եւ մեծացման մասին է:
Պարզապես ռուս-թուրքական հարաբերությունները շատ էականորեն տարբերվում են ռուս-գերմանականից: Մոսկվան Անկարայի և Կիևի ռազմա-տեխնոլոգիական համագործակցության հանդեպ «աչք է փակում»՝ հետապնդելով տնտեսական և քաղաքական շահեր:
Ամենաառանցքային հարցում, իհարկե, Վլադիմիր Պուտինը շոշափելի հաջողության չի հասել. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Դաշինքից հեռանալու ոչ մի մտադրություն չունի: Դա է, թերևս, հիմնական պատճառը, որ մեկ տարուց ավելի է, ինչ Ռուսաստանի նախագահն «ընդունում է» Անկարա այցի հրավերը, բայց այն միշտ հետաձգվում է:
Հերթական անգամ Էրդողանը Պուտինին Անկարայում տեսնելու ցանկություն հայտնել է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Հրավերը դարձյալ ընդունվել է, Կրեմլի աղբյուրները հաստատել են, որ «այցը նախապատրաստվում է, բայց ժամկետները դեռ հստակեցված չեն»:
Ե՞րբ կհստակեցվեն, պարզ չէ, բայց Ուկրաինայում հետախուզական և հարվածային «Բայրաքթարի» արտադրությունը, հավանաբար, նախատեսված ժամկետներում կսկսվի:
Ռուսաստանն, այսպիսով, Ուկրաինայի դեմ պատերազմում երկակի ստանդարտներ է կիրառում: Բայց նվազ ցայտուն չեն քաղաքական երկակի ստանդարտները: ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո անոնսավորվել է, որ նոյեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնում է Ղազախստան:
Բաց մի թողեք
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
Ինչ է փնտրում հայ ադրբեջանական հարաբերություններում Գերմանիան