ՌԴ Վլադիմիրի մարզի կրթության նախարարությունը հատուկ կարգադրությամբ հանրակրթական դպրոցներում արգելել է կրոնական պատկանելիությունը շեշտող տարազ կրել: Խոսքը վերաբերում է իսլամադավան աղջիկների կողմից հիջաբ և նիկաբ կրելու արգելքին:
Հյուսիսային Կովկասի մուսուլմանների կոորդինացիոն կենտրոնն այդ առթիվ հանդես է եկել կոշտ հայտարարությամբ: Խնդիր է քննարկման առարկա է դարձել նաև պետական դումայում՝ ազգությունների հարցով կոմիտեի նախագահ Իլդար Գուլմիդինովի նախաձեռնությամբ:
«Մենք պետք է հասկանանք, որ նման որոշումները ձեռնտու են մեր ոչ բարեկամներին, որպեսզի մենք հակադրվենք հատկապես միջկրոնական, ազգամիջյան հողի վրա և տարաձայնություններ ունենանք»,- ասել է խորհրդարանականը և խորհուրդ տվել բոլոր զգայուն հարցերը կարգավորել դաշնային օրենսդրության շրջանակներում:
Խնդրի վերաբերյալ տեսակետ են արտահայտել պետական դումայում Չեչնիան և Դաղստանը ներկայացնող պատգամավորներ Դելիմխանովը և Համզաևը: «Վլադիմիրի մարզում հիջաբի արգելքը սահմանադրության կոպիտ խախտում է: Եվ եթե այնտեղ դա չեն հասկանում, ապա մենք պատրաստ ենք հանրամատչելի ձևով բացատրել, թե ինչ է կրոնական ավանդույթը և ինչու չի կարելի այն ցուցադրաբար արգելել», – սոցիալական ցանցում գրել է Դելիմխանովը:
Իսկ դաղստանցի խորհրդարանականը դժգոհել է, որ կրթության նախարարությունը փաստորեն ծնողներին «արգելում է իրենց զավակներին ազգային-կրոնական ավանդույթներ ներարկել»: Նա հայտնել է, որ Դաղստանի մուֆթի շեյխ Ահմադ Աբդուլլաեւը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և խնդրել, որ նա միջամտի, որպեսզի «դպրոցականների կրոնական զգացմունքները հարգվեն»:
Ըստ տեղեկությունների՝ ՌՈՒԵ պատրիարքը «խոստացել է նախաձեռնել, որպեսզի դպրոցներում թույլատրվի, որ ուղղափառ քրիստոնյա աղջիկները գլխաշոր, իսկ մուսուլմանները նիկաբ կրեն»: Ռուսաստանյան «Նեզավիասիմայա գազետան» հայտնում է, որ պատրիարքարանի կայքում այդ հանդիպման մասին տեղեկություն իրոք կա, բայց հիջաբի և նիկաբի մասին ոչինչ ասված չէ։
Նկատի ունենալով խնդրի շուրջ քննարկումների մակարդակը և իսլամադավան սուբյեկտները ներկայացնող պատգամավորների բավական սուր դիտարկումները՝ Վլադիմիրի մարզային իշխանությունների որոշումն Ռուսաստանի մուսուլմանական հանրությունն ընդունել է որպես «կրոնական խտրականության դրսեւորում»:
Ընդ որում, հրապարակային ելույթների տոնայնությունը հուշում է, որ ՌԴ իսլամադավան սուբյեկտներն ուկրաինական պատերազմին իրենց մասնակցությունը և երկրի ներքին կայունության պահպանումը գնահատում են որպես կենտրոնական իշխանություններին մատուցած շատ թանկ ծառայություն, ինչի դիմաց պահանջում են «ազգային և կրոնական ավանդույթների ներարկման» լիակատար ազատություն:
Մամուլի տեղեկությամբ՝ Ռուսաստանում մի քանի տարի առաջ քննարկվել է միասնական դպրոցական համազգեստ ներդնելու հարցը, բայց որոշում այդպես էլ չի ընդունվել: Ամենայն հավանականությամբ, պատճառը հենց «հիջաբի պատերազմն» է, որ դաշնային պետության իսլամադավան սուբյեկտներն արդեն բացահայտ ներկայացնում են:
Խնդիրը, ամենայն հավանականությամբ, օրենսդրական ինչ-որ կարգավորում կունենա: Դատելով Թաթարստանը՝ Չեչնիան և Դաղստանը ներկայացնող՝ պետդումայի պատգամավորների խոսույթին, որոշում կկայացվի հօգուտ մուսուլմանական ավանդույթների հարգման և պահպանման, և մինչև արմատական իսլամականություն կմնա մեկ կամ նույնիսկ կես քայլ:
Դա, ինչ խոսք, Ռուսաստանի ներքին խնդիրն է, թե ինչպես է համադրելու ուղղափառ սլավոնականությունը և մարտնչող իսլամը: Բայց եթե Հյուսիսային Կովկասը և Ռուսաստանի «ներքին Թուրքիան» միավորվեն, իսկ կրոնական համերաշխությունը որոշակի հանգամանքներում կարող է վերաճել քաղաքական սիներգիայի, ապա Ռուսաստանը մասնատելու ոչ մի արևմտյան ծրագիր ավելի սպառնալից չի լինի:
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն