22/11/2024

Սկսել են ուսումնասիրությունը 1991թ․-ից, քիչ էր մնում հասնեին իմ դպրոցական տարիները․ Ղազինյան

Օրերս հայտնի դարձավ, որ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանին, նրա կնոջը եւ որդուն  հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` իրենց պատկանող գույքի առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու:

Հրապարակ թերթը գրել է․ ԵՊՀ երկարամյա դեկանին, փաստորեն, խնայել էին եւ չէին հրապարակել գույքի ցանկը, որն ուզում են նրանից բռնագրավել, մինչդեռ մյուս դեպքերում սովորաբար մեծաթիվ գույքի եւ միլիոնավոր դրամների պահանջ են ներկայացնում՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե մարդը թալանչի է, չնայած դեռ չկա դատարանի որոշում, եւ գույքերի ու պահանջների ցանկն էլ, որպես կանոն, սարսափելի ուռճացված է լինում դատախազության կողմից:

Մի խոսքով, այս փուլում դատախազությունը հարկ չի համարում հանրայնացնել, թե ինչ գույք, որքան դրամական միջոց է ենթակա բռնագանձման։ Մենք այս վարույթի հետ կապված մի քանի հարց ուղղեցինք Գագիկ Ղազինյանին:

– Ո՞րն է խնդիրը, Դուք ապօրինի գո՞ւյք ունեք։

– Այդ հարցով պետք է իրենց դիմեք։ Բնականաբար, ես չեմ գնացել դատախազություն, գնացել է իմ լիազորված անձը։ Բոլոր դեպքերում, դեռեւս ամեն ինչ չէ, որ պարզ է։

– Ինչո՞ւ են Ձեր «հետեւից ընկել»։

– Մտածում եմ՝ մի քիչ ուշացրել են (ծիծաղում է)։

– Հաշվի առնելով Ձեր ընդդիմադիր եւ հակաիշխանական կեցվածքը, այդ պատճառո՞վ եք ասում` ուշացրել են։

– Ավելի ճիշտ՝ քաղաքացիական նորմալ կեցվածքը, ինչը հատուկ է ցանկացած նորմալ հայ քաղաքացու։

– Իսկ դատախազությունում գործընթացը ե՞րբ է սկսվել։

– Ամբողջ պրոցեսը սկսվել է 2021-ին, շուտով պաշտոնական 3 տարին կլրանա, իսկ դրա համար նախատեսված է 3 տարի, ոչ ավելի։ Այնպես որ, այնքան էլ ուշ չէ։

– Ուսումնասիրության փո՞ւլն է, թե՞ արդեն դատարան են ուղարկում գործը։

– Արդյունքները տվել են ծանոթանալու, որից հետո, ձեւավորված պրակտիկայի համաձայն, առարկությունները կամ բացատրությունները չեն ընդունում, ժամանակ չունեն, ուղարկում են միանգամից դատարան, որովհետեւ դեկտեմբերի 1-ին լրանում է այդ 3 տարին, որից ավելի ուշ չեն կարող։

– Իսկ կոնկրետ ո՞ր գույքն է դատախազության համար վիճելի, մինչեւ ո՞ր թվականն են խորացել։

– Սկսել են 2013-ից, հետո իջել են 1997թ․, ապա սկսել են ուսումնասիրությունը 1991թ․-ից, այսինքն՝ քիչ էր մնում հասնեին իմ դպրոցական տարիները։ Այս թեմաներով հետո ավելի մանրամասն կխոսենք։