22/11/2024

Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան

Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից: Ինչո՞ւ… Որովհետև ԵՄ դիտորդներն են խանգարում իրենց Հայաստանը իրար մեջ կիսել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ շարունակելով.

«Եվ սա անառարկելի փաստ է: Եվ քանի որ ԵՄ ներկայությունն է այս իրավիճակում մեզ անվտանգություն ապահովում, տրամաբանական է, որ մենք էլ, հակառակ և ի հակադրություն ՌԴ-ի ու Ադրբեջանի, ՀՀ անվտանգությունը մեծացնելու նպատակով, 60.000 ստորագրությամբ առաջարկենք ՀՀ ԱԺ-ին, օրենքի ընդունմամբ, ԵՄ անդամակցության գործընթաց սկսել, ինչը, բնականաբար, էլ ավելի կբարդացնի ռուս-ադրբեջանական տանդեմի ծրագրերը։

Ի՞նչն է այստեղ սխալ, բարդ, անհասկանալի, կամ՝ անտրամաբանական… Նրանք, ովքեր կարծում են, որ այս խնդիրը հնարավոր է լուծել ՌԴ-ի հետ հարաբերությունները սերտացնելու կամ տարածաշրջանային համագործակցության շրջանակում, թող առավոտյան մաքուր օդին զբոսնեն, քիչ զայրանան, իսկ երեկոյան քնելուց առաջ մածուն ուտեն»։