Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, ի դեմս Կոալիցիայի Կառավարման խորհրդի, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների ակնհայտ դրսևորումների կապակցությամբ:
2024թ. հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինների կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով մի խումբ անձանց հետ ձերբակալվել է նաև հայտնի հասարակական գործիչ, միջազգային փորձագետ, օրինապահ քաղաքացի Հովհաննես Ավետիսյանը: Հարկ ենք համարում նշել, որ Հովհաննես Ավետիսյանը բարձր որակավորում ունեցող մասնագետ է՝ Հարվարդի համալսարանի հանրային կառավարման մագիստրոսի կոչումով, կրթություն է ստացել նաև Թաֆթսի և Ջորջիայի համալսարաններում: Նա ճանաչված փորձագետ է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում, ունի երկարամյա փորձ պետական կառավարման համակարգում, միջազգային և տեղական կառույցներում, Դարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողում պետությունները» գրքի հայերեն թարգմանության համահեղինակ է:
Հատկանշական է, որ Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի է ունեցել հենց այն ժամանակահատվածում, երբ նա հրապարակայնորեն սկսել էր քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը և վերհանել համակարգային խնդիրները: Սա մտահոգիչ օրինաչափություն է դառնում, երբ իշխանությունների հանդեպ քննադատական դիրքորոշում ունեցող հասարակական գործիչները ենթարկվում են տարբեր ճնշումների և հետապնդումների:
Հովհաննես Ավետիսյանը հայտնի է որպես 2018 թվականի գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից, ով իր գործընկերների հետ միավորել էր «ԼՈՒՅՍ» հիմնադրամի միջոցով արտերկրի լավագույն համալսարանների շրջանավարտներին՝ ընդդեմ այդ ժամանակվա վարչապետի պաշտոնավարման: Նման քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկած անձի նկատմամբ ներկայիս իշխանությունների կողմից նմանատիպ վերաբերմունքը խորը մտահոգություն է առաջացնում ժողովրդավարական արժեքների պահպանման տեսանկյունից:
Մենք խորապես մտահոգված ենք մի շարք հանգամանքներով՝
1. Իրավապահ մարմինները կիրառել են ձերբակալման ծայրահեղ միջոց՝ առանց նախապես զենքերի և դրանց փաստաթղթերի ստուգման գործընթաց իրականացնելու:
2. երբակալությունը կատարվել է երկու անչափահաս երեխաների հոր նկատմամբ՝ առանց հաշվի առնելու այս հանգամանքը:
3. Խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:
4. Այս գործողությունները լուրջ վնաս են հասցնում Հովհաննես Ավետիսյանի մասնագիտական հեղինակությանը և կարիերային:
5. Նման գործելաոճը կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ ողջ քաղաքացիական հասարակության համար՝ ստեղծելով ինքնագրաքննության և ինքնասահմանափակման մթնոլորտ:
Հատկանշական է, որ Հովհաննես Ավետիսյանը, իր փաստաբանի մասնագիտական աջակցությամբ, ազատ է արձակվել հոկտեմբերի 31-ի կեսգիշերից հետո, ինչը ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում ձերբակալման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում՝
1. Իրավապահ մարմիններին՝ հետագա քննչական գործողություններն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ առանց անհարկի կոշտ միջոցների կիրառման:
2. Հակակոռուպցիոն մարմիններին՝ անհապաղ ուսումնասիրել այս գործով իրավապահ մարմինների գործողություններում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և տալ համապատասխան գնահատական:
3. Մարդու իրավունքների պաշտպանին՝ ուսումնասիրել տվյալ գործով Հովհաննես Ավետիսյանի իրավունքների հնարավոր խախտումները և ըստ այդմ միջոցներ ձեռք առնել նրա պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու, դրանց հասցված նյութական և բարոյական վնասները փոխհատուցելու ուղղությամբ:
4. Միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ուշադրություն դարձնել Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ աճող ճնշումների միտումներին:
Միաժամանակ վստահություն ենք հայտնում, որ Հովհաննես Ավետիսյանը, լինելով օրինապահ քաղաքացի, կաջակցի անաչառ քննության իրականացմանը՝ ճշմարտության բացահայտման նպատակով:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարում է իր պատրաստակամությունը՝ մանրակրկիտ հետևելու գործի հետագա ընթացքին և անհրաժեշտության դեպքում նոր հայտարարություններով ու գործողություններով հանդես գալու մասին:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Բաց մի թողեք
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան