Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ անց Մինսկում գումարվել է եվրասիական անվտանգության հարցերով երկրորդ խորհրդաժողովը: Եվրասիական տարածքի ո՞ր երկրներն են մասնակցել միջոցառմանը, հստակ տեղեկություն չկա:
Ռուսաստանյան մամուլի ժլատ տեղեկություններից հասկացվում է, որ Հունգարիան ներկայացրել արտգործնախարար Սիարտոն, Սերբիան՝ վարչապետ Վուչիչը: Ռուսաստանը նույնպես մասնակցել է արտգործնախարարի մակարդակով:
Խորհրդաժողովին ելույթ է ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Նա սուր քննադատել է Արևմուտքին և արձանագրել «ժողովրդավարության վախճանը»: Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարական ի՞նչ արժեքներով կարելի է գնահատել այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում: Նա անընդունելի է համարել, երբ քաղաքական առաջնորդներին սպառնում են Միջազգային քրեական դատարանով:
Արևմուտքի ուղղությամբ Բելառուսի նախագահի «կրակոցները» նորություն չեն: Քաղաքական առումով կարևոր է, որ նա քննադատաբար է գնահատել նաև ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեությունը: ԲՐԻԿՍ-ի մասին Լուկաշենկոն մասնավորապես ասել է. «Մենք չափազանց մեծ հույսեր ենք կապում… նրա հետ, դա, չնայած գագաթաժողովի հաջող կազմակերպմանը, պարզ երևաց (Կազանում)»:
Նրա գնահատմամբ՝ պարզ դարձավ, որ մենք, ինչպես ժողովրդական լեզվով են ասում, «ոտքներս հազիվ քարշ ենք տալիս» և կոնկրետ քայլեր չենք ձեռնարկում, որպեսզի այդ գլոբալ կառույցը՝ ԲՐԻԿՍ-ը զարգանա, մինչդեռ մարդիկ այլընտրանքի են սպասում:
Կուլիսային ի՞նչ քննարկումներ են ընթացել Կազանում, միայն ենթադրել կարելի է, բայց Լուկաշենկոյի դժգոհությունից ակնհայտորեն հասկացվում է, որ այն Գլոբալ հարավի «ՆԱՏՕ» դարձնելու նախագիծը, որի մասին անցնող տարում գրեթե միահամուռ խոսում էին ռուսաստանցի փորձագետները, մեղմ ասած, հավանության չի արժանացել:
Կառույցը թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական ու տնտեսական և քաղաքակրթական առումով այնքան «խայտաբղետ» է, որ հազիվ թե հնարավոր է աշխարհաքաղաքական ինչ-որ ընդհանուր պլատֆորմ ձևակերպել և դրա շուրջ համախմբել անդամ բոլոր երկրներին:
Տարաձայնությունները, երևում է, այնքան ընդգծված են, որ Regnum-ի մեկնաբանը թույլ է տվել ձևակերպել, որ Հնդկաստանին և Չինաստանին, չնայած երկկողմ լարվածությանը, միանգամայն ձեռնտու է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգվի: Նախ՝ դա հնարավորություն է տալիս Ռուսաստանից գրեթե անսահմանափակ քանակության էներգակիրներ ձեռք բերել շատ մատչելի գներով, երկրորդ՝ ԱՄՆ-ն և Արևմուտքը կենտրոնանում են Արևելյան Եվրոպայի անվտանգության ապահովման վրա և «մոռացության տալիս» Ասիա-Խաղաղօվկիանոսյան հիպերռեգիոնի խնդիրները:
Ըստ երևույթին՝ նման դիտարկումներ արվում են ոչ միայն փորձագիտական շրջանակներում: Բելառուսի նախագահը փաստացի «գյուղացիական բռիությամբ» բացահայտում է այն, ինչ Ռուսաստանի քաղէլիտայի ոչ մի ներկայացուցիչ չի խոստովանի: Իսկ Լուկաշենկոն, ամենայն հավանականությամբ, ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հասկացել է, որ մեծ խաղում Բելառուսը կարող է վերածվել մանրադրամի:
Նա վերջին երկու շաբաթվա մեջ երկրորդ անգամ բարձրաձայնել է, որ ինքը պետք է մասնակցի ուկրաինական կարգավորման բանակցություններին. «Դա մեր անվտանգության հարցն է, մենք ավելի ոչինչ չենք ուզում», – խորհրդաժողովի ելույթում ասել է Լուկաշենկոն, ինչից կարելի է ենթադրել, որ Մոսկվան ուկրաինական «քաղցրաբլիթը կիսելու» գործարքին Մինսկին մասնակից դարձնելու մտադրություն չունի:
Ալեքսանդր Լուկաշենկոն, երևի, ԲՐԻԿՍ-ի մասին իրոք չափազանցված կարծիք է ունեցել, բայց, երևում է, Կազանում ուղղակի տպավորություններից այն եզրակացության է եկել, որ այդ ամորֆ կառույցը երբեք ինստիտուցիոնալ տեսքի չի գալու, մանավանդ ռազմաքաղաքական միավորման չի վերաճելու: Կարելի է համարել, որ Բելառուսի նախագահը հրապարակայնացնում է այն, ինչ չի կարող անել Վլադիմիր Պուտինը: Բայց այդ դեպքում ո՞րն է նոր աշխարհակարգում Ռուսաստանի տեղը: Պուտինը վերածվում է միջազգային վճռական մենակի՞…
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն