21/11/2024

ՔՊ նիստում իրար բմբլել են ․․․

ՔՊ կուսակցության երեկվա նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը չթաքցրեց նաեւ ինքը՝ Փաշինյանը, նիստից հետո գրելով․ «ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր։ Մի լավ քննադատեցինք իրար, ընդ որում՝ բավականին անողոք»։

Հրապարակ թերթը գրել է․ Բայց մինչ նիստից մանրամասներ հայտնելը, հիշենք, որ երեկվա հավաքին ՔՊ-ում անհամբեր էին սպասում ոչ թե այն բանի համար, որ միմյանց քննադատեին Արցախը հանձնելու, զոհեր տալու, երկիրն այս վիճակին հասցնելու համար, այլ նեղ անձնական դրդապատճառներով։ Բանն այն է, որ իշխող թիմում ներքին հակասություններն այնքան են խորացել, որ կուլիսներում իրար միս կրծելուց բացի, արդեն հրապարակավ են իրար մեղադրում կոռուպցիայի, հովանավորչության եւ այլնի մեջ։

«Պանդորայի արկղը» բացել են Արփի Դավոյանը, Լուլուն, Արմեն Խաչատրյանը՝ շաբաթներ առաջ նախաձեռնող խմբի նիստում խոսելով որոշ թիմակիցների կոռուպցիոն գործունեության մասին։  Տիգրան Ավինյանի, Արմեն Փամբուխչյանի, այդ չարաբաստիկ նիստից հետո պաշտոնանկ արված Գրիգոր Մինասյանի եւ այլոց անուններն են տվել, որոնք, ըստ բանախոսների, իշխանափոխությունից հետո կասկածելի ճանապարհներով մեծ հարստության տեր են դարձել, ոմանք ստվերային գործարքների մեջ են, ինչը բացասաբար է ազդում թիմի հեղինակության վրա։ Հենց այդ նիստից հետո նախաձեռնվեց Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը, ինչը ՔՊ-ն ալեկոծեց, բաժանեց բանակների: Հետո բացահայտվեց, որ «կոռուպցիոներ նախարարի» հարցն օրակարգ է բարձրացվել Անդրանիկ Քոչարյանի «քավորությամբ», որը փորձում է արփիդավոյանների ու լուլուների ձեռքով ոչնչացնել ոմանց։
Երբ ՔՊ վարչությունը մեկը մյուսի ետեւից մերժեց Անդրանիկ Քոչարյանի նախընտրած նախարարացուներին` Արփի Դավոյան, Արմեն Խաչատրյան, ՔՊ-ականների կարծիքով` Անդրանիկ Քոչարյանն անցել է հակագրոհի` Հրաչ Հակոբյանի, Սիսակ Գաբրիելյանի, Արմեն Բամբուխչյանի, Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի մասին այնպիսի հայտարարություններ է արել, որ հարուցել է վերջիններիս զայրույթը: Կրակին յուղ է լցրել նաեւ այն, որ Ալեն Սիմոնյանն առաջադրել է Արփի Դավոյանի թեկնածությունը, բայց մի քանի օր անց Սիսակ Գաբրիելյանին է ներկայացրել որպես նախարարի թեկնածու: ՔՊ վարչությունը բաժանվել է թեւերի` այս կամ այն թեկնածուի օգտին։ Չնայած Սիսակ Գաբրիելյանը բացարկ ներկայացրեց, բայց դա չհանդարտեցրեց արդեն փոթորկված կրքերը։ ՔՊ-ի ներքին խժդժություններն այնքան են սրվել, որ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումներին ՔՊ-ից հաշված մարդիկ էին ներկա, իսկ գլխավոր դատախազի` ամբիոնում նստելը, Քյարամյանի` Հովիկ Աղազարյանին ուղղված մեղադրանքներն էլ ավելի են սրել հակասությունները։

ՔՊ ներքին լարումը հասել էր նրան, որ խմբակցությունում ոմանք մտածում էին Անդրանիկ Քոչարյանին պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անելու մասին, ոմանք էլ վարչությանը բողոքել են, թե Քոչարյանն իրենց վարկաբեկում է` մեկի ապօրինի հարստացման մասին է խոսում, մյուսի՝ թմրանյութ օգտագործելու եւ այլն։ Ուստի ՔՊ-ականները դեռ անցած շաբաթ ԱԺ-ում արտաքին հարցերով փակ հանդիպման ժամանակ Փաշինյանին խնդրել են քննարկել ներկուսակցական հարցերը։

Ինչպեսեւ սպասվում էր, մի լուրջ խումբ է ՔՊ-ում ձեւավորվել` ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի, եւ երեկվա նիստը վերածվել է նրա դեմ «սամասուդի»: Ավինյանական թեւն ամենաակտիվն է եղել, Ավինյանն անձամբ ելույթ ունենալով` վստահեցրել է, որ իր մասին նախորդ նիստում հնչած բոլոր պատմությունները հորինված են, «մուտիլովկա», եւ հորդորել է փաստերը ստուգել ու խոսել փաստերով, հակառակ դեպքում սպառնացել է ուժգին պատասխանել։ Ավինյանի մտերիմ Ծովինար Վարդանյանն է բոցաշունչ ելույթ ունեցել, անհապաղ պատիժ պահանջել Քոչարյանի հարցում՝ ասելով, թե ստացվում է, որ թիմի ներսում կա մի խմբակ, որն իշխանության ներսում իշխանություն է խաղում, փորձում կարգի հրավիրել որոշ պաշտոնյաների, խարդավանքներ է հյուսում: Ասել է, թե չի կարելի ստորացնել, քննադատել նախարարներին, նրանց դեմ պատվերներ իջեցնել, թե` նրանց սեւացնելով, մեզ ենք սեւացնում։ Արթուր Հովհաննիսյանն էլ շարունակել է, թե ընդհանրապես պետք չէր հանրայնացնել Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքը, հենց դա սկիզբ դրեց ներթիմային պառակտմանը, եւ պետք է գտնել ու անողոք պատժել այդ ինֆորմացիան «սլիվ» անողին՝ կասկածի սլաքներն ուղղելով ստորագրահավաքի նախաձեռնողների կողմը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնության մասին առաջինը «Հրապարակն» է գրել։

Սիսակ Գաբրիելյանն էլ է բողոքել «սլիվներից», ասել, որ այլանդակություն է, որ թիմակիցների դեմ թիմից արտահոսքեր են կազմակերպվում, այն էլ՝ սուտ, իբր նարկոբարոններ ենք, նարկոտիկ ենք օգտագործում,  կոռուպցիայի մեջ ենք, հովանավորչության եւ այլն, առանձնատներ ենք ձեռք բերում, փայ մտնում։ Անդրանիկ Քոչարյանի դեմ անողոք ելույթ է ունեցել նաեւ Քրիստինե Պողոսյանը, որը Վիլեն Գաբրիելյանի մտերիմն է։ Ասել է՝ նողկալի է լսել, թե ինչ բամբասանքներ են «ֆռռում» ՔՊ-ում, իրար հետեւից ինչ ասես չեն խոսում, նման պահվածքն անթույլատրելի է համարել: Ի դեպ, պատմում են, որ Քոչարյանը նաեւ Վիլեն Գաբրիելյանի ոչ սթափ լինելու, ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվելու մասին է երբեմն-երբեմն բարձրաձայնում, ընդ որում՝ այնպես, որ հասցնեն Գաբրիելյանին։

Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն ավելի սոլիդ ելույթ է ունեցել, ասել է, որ իրեն որոշ խոսակցություններ են հասցրել իր անձի մասին՝ զրպարտություններ, հենց այդ պատճառով էլ դիմել է վարչությանը, որպեսզի կանչեն եւ քննեն զրպարտություններ տարածողին․ խոսքը կրկին Անդրանիկ Քոչարյանի մասին է եղել։

Ալեն Սիմոնյանն էլ իր ելույթում նշել է, որ եթե կա խնդիր, ապա պետք է քննարկել, հարթել այդ խնդիրները, այլ ոչ թե իրար հետեւից խոսել, իրար դեմ նյութեր պատվիրել: Ելույթ ունեցողների պակաս չի եղել, թեեւ ոմանք «ո՛չ նալին, ո՛չ մեխին» գծի մեջ են խոսել, որ պետք է հաշտ-համերաշխ լինենք։ Բայց ասելիքը եղել է այն, որ այս պահվածքը պառակտում է թիմը, վարկաբեկում իրենց: Մեզ ասացին, որ անգամ ոմանք ակնարկել են, թե թող մանդատները դնեն Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Արփի Դավոյանը, Հովիկ Աղազարյանը: Անդրանիկքոչարյանական թեւի ներկայացուցիչներից Արմեն Խաչատրյանը հակադարձել է, թե չի՞ կարելի քննադատել մեր նախարարներին, թերությունների մասին պետք է ներսում խոսել, եթե մենք չենք քննադատում, դա չի նշանակում, թե մարդիկ չեն նկատում, ավելին՝ մարզային հանդիպումների ժամանակ իրեն տասնյակ պաշտոնյաների վարքի մասին այնպիսի հարցեր են տալիս, որ ինքը կարկամում է՝ ինչ պատասխանել։ Արփի Դավոյանը եւս ասել է, որ այդ բոլորի մասին ժողովուրդն է խոսում, եւ իրենք հենց այդ խոսակցություններն են բարձրաձայնել։

Ելույթ է ունեցել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, լկտի սուտ է որակել, թե ինքը «սլիվներ» է անում, խարդավանքներ հյուսում, ինքը երբեք ական չի եղել, քանի որ Փաշինյանին երդում է տվել, թե իշխանության եւ պետության կողքին է, եւ բոլոր գործողությունները միտված են այդ երկուսի շահին։ Բոլորը սպասել են Փաշինյանի խոսքին՝ ակնկալելով ոմանց դատավճիռը լսել։ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումների վերաբերյալ, ավելի ճիշտ՝ կազմակերպչական մասի՝ պատգամավորների եւ ՀԿ ներկայացուցիչների բոյկոտից մինչեւ այն, թե հրավիրվածներից ով որտեղ պետք է նստեր, նիստն ինչպես պետք է վարեին։ Սակայն նշել է, որ նման լսումներ պետք է հաճախակի անել` ինքը կողմ է, որ բոլոր պաշտոնյաներին բերեն հաշվետվողականության դաշտ եւ քրքրեն։ Հանդիմանել է արտահոսքերից դժգոհողներին։ «Ինչո՞ւ հիմա սկսեցիք նեղվել արտահոսքերից, որովհետեւ ձեր անձի՞ն է վերաբերում»։ Ասել է, որ փոքր երկրում առանց արտահոսքերի էլ բոլորը բոլորի մասին իմանում են, ուրեմն չպիտի արտահոսքի առիթ տան։ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի հարց, ըստ մեր աղբյուրի, չի քննարկվել։ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո մտերիմներին ասել է. «Լավ բոյ տվեցի»:

Ի դեպ, կառավարությունում Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել՝ 2024-2026 թթ. ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի վերաբերյալ, որին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարյանը։