Երևանում անցկացվում է Եվրոպական կինոյի ամիսը խորագրով միջոցառումը, որի մեկնարկը տրվեց Երևանի Կինոյի տանը։ Այն իրականացնում է Հայաստանի Կինոգործիչների միությունը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Կինոյի ամիսը նվիրված է սյուրռեալիզմի մանիֆեստի 100-ամյակին, որի կապակցությամբ ցուցադրվում է նաև Լուիս Բունյուելի ու Սալվադոր Դալիի դասական գլուխգործոցի՝ «Անդալուզյան շունը» (1929) կինոնկարի նոր վերականգնված տարբերակը։
Ծրագիրը ներառում է 2024 թվականին լույս տեսած շուրջ 10 ֆիլմ, որոնց մեծ մասն արժանացել է ամենահեղինակավոր կինոփառատոների պատվավոր պարգևներին։ Ցուցադրությունները տեղի կունենան նոյեմբերին՝ յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին՝ 19։00-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում։
Ծրագրում ներկայացված են իրանական կինոյի ամենահանրահայտ վարպետներին Մոհամադ Ռասուլոֆի նոր՝ «Սուրբ թթենու սերմը» կինոնկարը, որ 2024-ի Կաննի կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին և Օսկարի է առաջադրվել Գերմանիայի կողմից, Լոկառնոյի Գլխավոր մրցանակի արժանացած լիտվական «Տոքսիկ» ֆիլմը, բրիտանական կինոյի մերօրյա դասական դարձած ռեժիսոր Անդրեա Առնոլդի նոր՝ «Թռչուն» կինոնկարը, 2022 թվականին «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր իսպանացի ռեժիսոր Ալբերտ Սեռայի «Մենության ցերեկները» վավերագրությունը և այլն։
«Ամեն տարի Եվրոպական կինոակադեմիան անցկացնում է Եվրոպական կինոյի ամիս միջոցառումը, որին միանում են եվրոպական տարբեր կինոթատրոններ։ Այս ամիսն ամփոփվում է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությամբ և հայտարարվում են եվրոպական լավագույն ֆիլմերը։ Ուրախ եմ նշել, որ այս տարի Հայաստանն առաջին անգամ միանում է այս նախաձեռնությանը՝ ցուցադրելով 10 եվրոպական ֆիլմ»,-նշեց ծրագրի պատասխանատու Սոնա Կարապողոսյանը։
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում կարևորեց ծրագրի անցկացումը։ Իսկ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում ընդգծեց՝ մեծ պատիվ է լինել այս ծրագրի մասը։
«Այս ծրագրի շրջանակում ներկայացվել են շատ կարևոր ֆիլմեր, որոնցից շատերը, վստահ եմ, սիրվելու են ֆիլմասերների կողմից։ Ծրագիրը մենք բացում ենք իսկապես հեղափախական ֆիլմով՝ կցուցադրվի Լուիս Բունյուելի ու Սալվադոր Դալիի դասական գլուխգործոցի՝ «Անդալուզյան շունը» (1929) կինոնկարի նոր վերականգնված տարբերակը, քանի որ Կինոյի ամիսը նվիրված է սյուրռեալիզմի մանիֆեստի 100-ամյակին։ Հուսով եմ, որ բոլորդ կհավանեք այս ֆիլմը․ այն իմ սիրելի ֆիլմերից է»,-նշեց Վասիլիս Մարագոսը։
Ծրագրի իրականացմանը աջակցել են նաև Ֆրանսիայի դեսպանությունը, Շվեցարիայի դեսպանությունը, Թբիլիսիում Ավստրիայի դեսպանությունը, «Գյոթե» կենտրոնը, EUNIC Հայաստանը և Դանիական ինստիտուտը:
Բաց մի թողեք
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը. Լուսանկար
Արցախի կամերային նվագախմբի անդրանիկ համերգն էր Երևանում․ Լուսանկար