«Ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան պսևդոմիջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում խաղաղության պայմանագիր հապճեպ կնքման»: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ողջունում ենք զգալի առաջընթացը, որ ձեռք է բերվել ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացի շրջանակներում: Հաշվի առնելով երկար տարիների թշնամանքը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար կարգավորման առաջընթացի հասնելը»,- ասել է ռուս նախարարը։
Այս ամենը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ, նշել է նա։
Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունը՝ առանց համապարփակ կերպով հաշվի առնելու Բաքվի և Երևանի դիրքորոշումները, ինչպես նաև «գետնի վրա» իրողությունները, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը՝ լարվածության և հակամարտության պոտենցիալ էսկալացիայի լրացուցիչ ռիսկեր կստեղծի»:
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձգտումը՝ դուրս մղել Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները:
«Կարծում ենք՝ կարևոր է ամրապնդել խաղաղության գործընթացը տարածաշրջանային պարադիգմայում, բարեկամների՝ Հարավային Կովկասի և հարակից գործընկեր պետությունների շրջանակում՝ բացառելով ապակառուցողական միջամտությունը դրսից: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու Վաշինգտոնի և Բրյուսելի ձգտումը միայն մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը պահանջվում է երկու բանակցող կողմերի կողմից:
«Հայ և ադրբեջանցի ժողովուրդները Ռուսաստանի, ռուս ժողովրդի բարեկամներն են, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և՛ Հայաստանի քաղաքացիներին, և՛ Ադրբեջանի քաղաքացիներին կրկին հասկացրեց, որ Ռուսաստանը եղել է, կա և մնում է բարեկամ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Նա այսօր Պուտինին է հանձնել իր հավատարմագրերը։
Բաց մի թողեք
Բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել
Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հայաստան խոպան էիք եկել. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին
«Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը Կառավարության շենքում է