Ըստ բոլոր կանխատեսումների՝ Կովկասում Թրամփը շատ ակտիվ չի լինելու, նա Կովկասը համարում է Ռուսաստանի ազդեցության գոտի եւ շոշափելի ակտիվություն չի ցուցաբերի՝ ի տարբերություն Բայդենի ադմինիստրացիայի, որը փորձում էր ազդեցություն ունենալ Վրաստանի ու Հայաստանի վրա։
Հրապարակ թերթը գրել է․ Սա ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի տեսակետն է: Նա ԱՄՆ 47-րդ նախագահի ընտրությունը համարում է հարավկովկասյան տարածաշրջանում ամերիկյան նկրտումների ավարտ։ Տարասովի խոսքով՝ Ամերիկան հեռանում է ոչ միայն Հարավային Կովկասից, այլեւ՝ Եվրոպայից, ու առաջիկա չորս տարիներին Թրամփը զբաղված է լինելու բացառապես ամերիկյան խնդիրներով։
«Թրամփը կենտրոնանալու է Ամերիկայի վրա, նա կնվազեցնի ամերիկյան շոշափուկների տարածումը դեպի Եվրոպա, փոփոխություններ կլինեն նաեւ Մերձավոր Արեւելքում»,- ասում է Տարասովը։ Ռուս քաղաքագետը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները, որոնք հովանավորվում էին ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի կողմից, հիմա ստիպված են լինելու նոր գործընկերներ փնտրել Եվրոպայում` այն պարագայում, երբ Եվրոպայի ազդեցությունն էլ է նվազելու Հարավային Կովկասում, որովհետեւ հիմա Եվրոպան աշխարհաքաղաքական խաղերի համար ռեսուրս չունի։ «Ի դեպ, վրացիները դա շատ լավ հասկացան։ Այնտեղ ընտրությունների արդյունքները դա են վկայում։ Վրաստանը բավականին հաջող կարողացավ դուրս գալ այդ ընտրություններով պայմանավորված իրավիճակից, եւ հիմա հարցն այն է, թե ինչպես կդասավորվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- «Հրապարակ»-ին ասում է Տարասովը։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը, Տարասովի խոսքով, մոտ է ավարտին, հիմա այդ կոնֆլիկտից դուրս գալու հարցը պետք է լուծվի, որը, իհարկե, երկար ժամանակ կպահանջի։ Ռուսաստանը, նրա խոսքով, իր առաջարկությունն արել է, բայց գործընթացը հեշտ չի լինի։ «Հիմա իրավիճակ է փոխվել, եւ Ուկրաինան այլեւս դադարել է լինել գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոնը, որի շուրջ ծավալվում են իրադարձությունները՝ հատկապես հետխորհրդային տարածաշրջանում, իսկ դա բումերանգի էֆեկտ է ունենալու նաեւ նախկին խորհրդային հանրապետությունների հետ հարաբերությունների վրա»,-բացատրում է քաղաքագետը։
Հայաստանի իշխանությունը, ըստ Տարասովի, ինքն է ընտրել աշխարհաքաղաքական մեկուսացման ճանապարհը․ «Ստացվում է այնպես, որ Հայաստանը մշտապես ուշանում է գնացքից։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանն ամրացնում է իր ազդեցությունը, Հայաստանի իշխանությունը գնում է դեպի Արեւմուտք, բայց Արեւմուտքը փլուզվեց, երբ ԱՄՆ-ում Բայդենի վարչակարգի դիրքերը թուլացան, նրանք սկսեցին ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնել ու հիմա կարող են հայտնվել հպարտ մենակի կարգավիճակում»։
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում հնարավոր ձնհալը կարո՞ղ է դուռ բացել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման համար, այդ թվում՝ որպես մի հարթակի, որտեղ աշխարհաքաղաքական տարաձայնություններ ունեցող ու մրցակցության մեջ գտնվող երկրները կկարողանան մի սեղանի շուրջ նստել եւ Արցախի հարցում տեղաշարժ ապահովել։ Տարասովը կարծում է՝ ոչ, ասում է՝ գնացքն արդեն գնացել է, որովհետեւ Հայաստանի իշխանությունն ինքն է այդ ձեւաչափի չեզոքացմանը նպաստել, հիմա դրա անհրաժեշտությունն այլեւս չկա, որովհետեւ Ադրբեջանն իր համար խնդիրը լուծել է, մնում է տեխնիկական հարցը՝ Հայաստանի հետ համաձայնություն ստորագրելը։
«Գործնականում պայմանավորվածությունները ձեռք բերված են, մնացել է 3 կետ, կարծում եմ՝ մոտ ապագայում այդ խնդիրը կլուծվի, իհարկե, մինչեւ այս տարեվերջ՝ մինչեւ ամերիկյան նոր վարչակարգի կողմից իշխանության ստանձնումը դա չի լինի, իսկ ապագայում այդ հնարավորությունը լիովին հավանական է»,- կարծում է ռուս քաղաքագետը՝ կրկին շեշտելով, որ գործնականում Հարավային Կովկասում ԱՄՆ-ն միայն հայտարարությունների մակարդակով է ներկա, որովհետեւ Վրաստանում նա ձախողվեց։ Մեր զրուցակիցը կարծում է, որ, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, ԱՄՆ-ն արդեն հետաքրքրված չի լինի նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցով։
«Այլ բան է, եթե Վրաստանում նրանք հաջողություն գրանցեին, այդ ժամանակ կլիներ Վրաստան-Հայաստան դաշինքը, եւ դա իրենից որոշակի ուժ կներկայացներ, բայց հիմա փակուղի է։ Հայաստանը կարող է միանալ Հյուսիսային հոսքին, եթե միանա՝ լավ, չի՞ միանա՝ կրկին լավ։ Զանգեզուրի միջանցքի շուրջ խաղացին-խաղացին, հիմա ճանապարհն Իրանով է անցնում, եւ հարց է առաջանում՝ այլեւս ո՞ւմ է հարկավոր Զանգեզուրն այս նոր իրավիճակում։ Միակ բանը, որ կարող է լինել, Իրանի հետ կապված իրավիճակի հնարավոր բարդացումն է, բայց չեմ կարծում, որ գործը կհասնի պատերազմի, հարցը կլուծվի սանկցիաներով։ Բացի այս, Իրանը կասկածներ ունի Երեւանի ու Արեւմուտքի շփումների մասով, թեեւ, ցավոք, արդեն փաստ է, որ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ։ Սա Հայաստանի իշխանութունների քաղաքականության հետեւանքն է, նրանք սա էին ուզում, դե հիմա թող գործեն»,- ասում է Տարասովը։
Իսկ Ադրբեջանը, նրա խոսքով, լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ Իրանի հետ, Հյուսիս-Հարավ նախագծի մասնակից է։ Ադրբեջանին մնում է իրավաբանորեն ձեւակերպել հաղթանակը, հաղթանակը` Ղարաբաղում, իսկ հետագայում՝ ցույց կտան իրադարձությունները։ Տարասովը չի բացառում, որ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը հնարավոր լինի ստորագրել մոսկովյան հարթակում։ Եվրոպան ու ԱՄՆ-ն, ըստ նրա, հիմա Երեւանի ժամանակը չունեն։ «Ո՞ւմ են պետք ՀՀ իշխանությունները։ Մոսկվան, ինչպես միշտ, կընդունի, կասի՝ պայմանավորվե՞լ եք, եկե՞լ եք համաձայնության` եկեք, ստորագրեք»,- եզրափակում է ռուս քաղաքագետը։
Բաց մի թողեք
Կոռուպցիոն ռիսկեր ու «բառդակ»՝ վարորդական իրավունք ստանալու գործընթացում․ ի՞նչ իրավիճակ է հաշվառման-քննական բաժիններում
Վրաստանը չի հրաժարվում եվրաինտեգրման գործընթացից ու արժանապատիվ քայլ է անում
Ինչպես Գյումրին մնաց անտեր. ովքեր են ինքնառաջադրվելու՝ հին ու նոր անուններ. Լուսանկարներ