04/12/2024

ՀՅԴ-ն վախենում է ԼՂՀ գերեվարված պաշտոնյաների ազատ արձակումից և նրանց պատմելիքից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը, հետ չմնալով վերջին շաբաթների քարոզչական տենդենցից, անդրադարձել է գերիների թեմային և մի շարք անհեթեթ ու ծիծաղաշարժ հայտարարություններ արել։

Հընթացս արձանագրենք, որ գերիների հարցն այն հարցը չէ, որի առնչությամբ հայտարարություններ անելիս պարտադիր է ցինիզմ դրսևորել ու… ապուշ ձևանալու «մաստեր կլասս» կազմակերպել։

Եվ ուրեմն, պարոն Խաչատրյանը նախօրեին տված իր հարցազրույցում նախ հայտարարել է, թե ՀՅԴ-ի լոբբիստական ջանքերի արդյունքում գերիների հարցերի հետ կապված միջազգային կառույցների մակարդակով արվել է այս, այս, այս, ապա ազդարարել՝ «իսկ ի՞նչ է արել այս իշխանությունը…»։ ՀՅԴ-ական երեսփոխանն աս երեստվանքից հետո ազդարարել է՝ ՀՀ իշխանությունը չի ցանկանում «մեր (հատուկ շեշտելով «մեր»-ը-խմբ.) Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ արձակվի։ Փաշինյանի և նրա ամբողջ թիմի թեզը ինչի՞ վրա է կառուցված. ա՜յ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, և Ադրբեջանը հարձակվեց։ Հիմա, պատկերացրեք, Արայիկ Հարությունյանը գա, ասի՝ ես ինքս եմ հրաժարական տվել, որովհետև չգիտեի՝ ինչ անեի այդ օրերին։

Պատկերացրեք՝ կուզե՞ր Նիկոլ Փաշինյանը, որ այդ մարդիկ գան Հայաստան և խոսեն։ Իհարկե չի ուզենա, այդ հարցում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի շահերը 100 տոկոսով համընկնում են։ …Էլի եմ ասում՝ Փաշինյանի և նրա թիմի թեզը կառուցված է մի կանխավարկածի վրա, որ՝ կար Արայիկ Հարությունյան, ամեն ինչ լավ էր, հանկարծ եկավ Սամվել Շահրամանյանը և Դաշնակցությունը, չնայած Դաշնակցությունը ԱՀ ԱԺ-ում ընդամենը 3 պատգամավոր ուներ, և սկսվեց պատերազմ։

Հետևաբար ՀՅԴ-ն է մեղավոր և Սամվել Շահրամանյանը։ Հիմա պատկերացրեք, գալիս ա Արայիկ Հարությունյանն ու ասում ա՝ չէ, ես ուղղակի կառավարումը ձեռքիցս կորցրել էի։ Ի դեպ, Եվրախորհրդարանի՝ մի 10 օր առաջ ընդունած բանաձևում հստակ գրված է՝ «նախապես պլանավորված հարձակում», Ադրբեջանը նախապես էր պլանավորել էդ հարձակումը, բայց էս իշխանությունների համար դա կարևոր չի, իրանք իրանց սեփական աթոռը պահպանելու համար պատրաստ են ամեն ինչ ուրանալ, ամեն ինչ ծուռ հայելիների միջով ներկայացնել»։

Պարոն Խաչատրյանը, ինչպես երևում է, ինքն է հայտնվել «ծուռ հայելիների» միջավայրում, այլապես չէր կեղծի ու չէր ուրանա բաներ, որոնք կեղծել-ուրանալը անհնար է Ինտերնետի և Գուտենբերգի գյուտերի ի հայտ գալուց հետո։ Եվ ուրեմն, առաջարկում ենք դաշնակցական պատգամավորին վերընթերցել կամ վերաունկնդրել մասնավորապես ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՄԱԿ ԱԽ-ում ունեցած ելույթը 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

Ուշադիր կարդալու կամ լսելու դեպքում Խաչատրյանը հաստատ կհանդիպի իր սպեկուլյատիվ պնդումը («պլանավորված հարձակման» դրվագով) հերքող, ջախջախող արձանագրումների։ «…Գործընկերներ, սա կանխատեսելի էր. հստակ նշաններ կային։ Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք ահազանգում էինք: Միջազգային հանրությունը հրաժարվեց բավարար լրջությամբ վերաբերվել դրան։ Երբ Ադրբեջանը արգելափակեց Լաչինի միջանցքը, և մենք 2022թ. դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ նախաձեռնեցինք, այս Խորհուրդն այդպես էլ համարժեք արձագանք չտվեց:

Այս ագրեսիան հանդիսացավ Լաչինի միջանցքի 10 ամիս շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պարտադրված սովահարության մատնելու գագաթնակետը։ …Պետք է միամիտ լինել՝ կարծելու համար, որ սա հստակ ծրագրված չէր՝ սկսած անմարդկային արգելափակման մեկնարկից, եթե ոչ նույնիսկ դրանից առաջ՝ նպատակ հետապնդելով կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ու կարողությունը՝ դիմադրելու և իրենց կյանքն ու ապրուստը վարելու իրենց նախնյաց հայրենիքում։

Ադրբեջանական ագրեսիան, որն իրականացվեց բացահայտ բարբարոսությամբ և խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, այս ողբերգության վերջնական գործողությունն էր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի արտագաղթին»։ Հուսանք՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, գործարար վարչարարության մագիստրոս Արթուր Խաչատրյանի աչքերն ու ականջները որսացին պաշտոնական Երևանի՝ ՄԱԿ բարձր ամբիոնից հնչեցրած դիրքորոշումն առ այն, որ ԼՂՀ-ում տեղ ունեցածը «ծրագրված», նույնն է՝ «պլանավորված» էր դեռ ամիսներ առաջ։ Իսկ թե ով է ուրացողն այսքանից հետո, ում շահերն են, որ 100 տոկոսով համընկնում են Ալիևի շահերի ու քարոզած նարատիվների հետ, թող դատի ընթերցողը։

Ինչ վերաբերում է Խաչատրյանի այն՝ զավեշտ հիշեցնող պնդմանը, թե ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը գերությունից ազատվելուց և ՀՀ վերադառնալուց հետո կպատմի բաներ, որոնք ձեռնտու չեն Նիկոլ Փաշինյանին, կասի, որ ԼՂՀ-ում իրականացրած իշխանափոխության հետևանքով չէ, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմեց, ապա նկատենք՝ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ արձակվելուց ու անփորձանք ՀՀ վերադառնալուց հետո, իրոք, շատ բաներ ունի պատմելու և վկայելու։ Եվ այդ պատմվող բաներից է, որ ՀՅԴ-ն սարսափում է և ավանսով փորձում է ապահովագրել ինքզինքը՝ պատմվելիքից վախենալու մեջ մեղադրելով ՀՀ իշխանությանը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն, արդ, պետք է պատմի՝ ո՞ւմ դրդմամբ կամ ցուցումով է, որ սեպտեմբերյան ագրեսիայից ժամանակ առաջ վիժեցվել են (թեև ՀՀ իշխանությունները խրախուսում էին) Ադրբեջանի հետ արևմտյան միջնորդությամբ բանակցելու առաջարկները՝ մեկը պետք է տեղի ունենար Սոֆիայում, իսկ մյուս 2-ը՝ Եվլախում (նշենք, որ ևս մեկ հանդիպում էլ պլանավորված էր Բրատիսլավայում, սակայն Բաքուն տապալեց այն)։

Ինչպե՞ս, ո՞ւմ առաջարկով կամ ցուցումով է, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո արդեն նույն ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ստորագրեց մի հայտարարության տակ, որում մասնավորապես այսպիսի խնդրահարույց ձևակերպում կար. «Կողմերը պայմանավորվել են ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և ԼՂ զինված կազմավորումների լուծարման և ամբողջական զինաթափման մասին»։ Մինչ ՀՀ-ն հերքում էր ադրբեջանական քարոզչաթեզը ԼՂՀ-ում «ՀՀ զինված ուժերի մնացորդների» մասին և պնդում՝ ԼՂՀ-ում չկան ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ, ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, փաստորեն, այս հայտարարությամբ «գործ էր տալիս» ՀՀ-ի դեմ։

Ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում է, որ գերեվարվել են ԼՂՀ նախկին նախագահներն ու մյուս պաշտոնյաները, իսկ այ Սամվել Շահրամանյանին հաջողվել է բարեհաջող հանգրվանել Հայաստանում, արդյոք ռուս խաղաղապահները որևէ միջամտություն ունեցե՞լ են հիշյալ անձանց գերեվարման հարցում։

Հարցերը, որոնց պետք է պատասխանեն ԼՂՀ գերեվարված պաշտոնյաները, ենթադրում ենք, այսքանով չեն սահմանափակվում, և թե Հայաստանի քաղաքացիները, թե արցախահայությունը շահագրգռված են ստանալ պարզաբանումներ ռազմական ագրեսիային նախորդած և հաջորդած մի շարք զարգացումների մասին։

Այժմ դառնանք Խաչատրյանի այն փաստարկին, թե ՀՅԴ-ն ընդամենը երեք պատգամավոր ուներ ԱՀ ԱԺ-ում, իմա՝ չէր կարող իշխանափոխության հեղինակ ու շահառու լինել։ Դաշնակցական պատգամավորի այս թեզը նույնպես հօդս է ցնդում, ընդ որում՝ հենց նույն ՀՅԴ-ի աղմկահարույց 004 շրջաբերականի միջոցով։ Այդ փաստաթղթում, արձանագրենք, դեռ 2022-ի դրությամբ է արձանագրվել, որ Արցախում պետք է փոխել ձևավորված քաղաքական ստատուս քվոն։

«Արցախի Հանրապետությունում «Ազգային համաձայնության իշխանության» ձևավորումը հնարավորություն է ազատագրական պայքարի նոր հանգրվան սկսելու և հավանական նոր ռազմաքաղաքական իրավիճակում հայ ժողովրդի հետագա կազմակերպված պայքարը ղեկավարելու համար»,- նշված է շրջաբերականում, որի հաջորդող արձանագրումների մեջ էլ նշված է. «Միաժամանակ ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգիծ, չվերականգնվի Արցախի գործոնը»։

Ակնկալում ենք, որ Արթուր Խաչատրյանն ու ՀՅԴ-ն հոդաբաշխ բացատրություն տան առ այն, թե ինչ նկատի ունեին «պետք է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել Արցախում» ասելով՝ փաստորեն հավակնելով փոխել Արցախի ժողովրդի կողմից արդեն ընտրված իշխանությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Պատահմամբ հո 2023-ի ագրեսիայից առաջ տեղի ունեցած «պերեվառոտի» սցենարը նկատի չունեի՞ն, որը, ինչպես իրենց ագիտպրոպն էր հավաստիացնում, պետք է լիներ ՀՀ-ում ևս իշխանափոխության հասնելու նախերգանքը։

Հեղինե Մանուկյան