21/11/2024

Կրակոց է հնչել ԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում․ կա վիրավոր

Նոյեմբերի 8-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում կրակոց է հնչել և վիրավորը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված գյուղում գործող Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի ալկո»-ի տարածքում է հրազենային վնասված ստացել քաղաքացին։

Քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ «Աստղիկ» բժկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 49-ամյա Սերգեյ Հ․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, Սերգեյ Հ․-ին ըստ նախնական տեղեկությունների հրազենային վնասվածքը պատճառել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 49-ամյա Գառնիկ Խ․-ն՝ «Վեդի ալկո» ընկերության տարածքում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, իսկ ոստիկանների կողմից տարած բացատրական աշխատանքների շնորհիվ Գառնիկ Խ․-ն ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն՝ իր հետ տանելով նաև հանցագործության գործիք համարվող հրազենը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։