22/11/2024

Զինված հեղաշրջման փորձը տարեց «խոպանչիներն» են բացահայտել

«Մենք օրեր առաջ հարցազրույց էինք արել կառավարության շենքի մոտ ակցիա անող քաղաքացու` Արսեն Ավետիսյանի հետ, որը պատմել էր, որ ինքն է ցուցմունք տվել ԱԱԾ-ում եւ բացահայտել Սերոբ Գասպարյանի եւ մյուսների կողմից կազմակերպված «հեղաշրջման նախապատրաստությունը», եւ հիմա բողոքում է, թե ինքը փրկել է Փաշինյանի եւ մյուսների կյանքը, այժմ իր կյանքին վտանգ է սպառնում` իրեն պաշտպանության միջոցներ չեն տրամադրում:

Տեսանյութի տակ բազմաթիվ մեկնաբանություններ կային, որոնց 90 տոկոսն այն մասին է, որ մարդը հոգեպես առողջ չէ` ինչպե՞ս են նրա ցուցմունքը հիմք ընդունել:

«Հրապարակին» հայտնի դարձավ, թե ուրիշ ովքեր են իրավապահ մարմիններին ցուցմունք տվել առ այն, թե Հայաստանում զինված հեղաշրջում պետք է լիներ՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու համար։

Մենք նաեւ գրել էինք, որ կառավարության շենքի մոտ ակցիա անող անձը՝ Արսեն Ավետիսյանը, բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ առերեւույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանում զորավարժությունների մեկնած մի խումբ մարդկանց մասին է, որոնք, ըստ ԱԱԾ մեղադրանքի, պետք է հետո վերադառնային Հայաստան եւ իշխանափոխություն իրականացնեին։ Այս գործի շրջանակներում են կալանավորված «Սեւ հովազ» ՌՀ կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանը եւ 2 այլ անձ, եւս 4 հոգի հետախուզման մեջ են։

Կալանավորվածներից մյուսն արցախցի Արմեն Մնացականյանն է, որը զբաղեցրել է զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն, ունի համապատասխան զինվորական կոչում։ Արմեն Մնացականյանը Ռոստովից Հայաստան էր եկել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով, եւ նրան այդ ժամանակ են կալանավորել։

Նրա դեմ ցուցմունք են տվել Վանո Հովսեփյանը, Սերգեյ Մելոյանը, Արմեն Խաչատրյանը, Սարգիս Մարտիրոսյանը։ Ընդ որում, մեր տեղեկություններով, վերջիններս մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը՝ մեկ ասել են, թե չեն ճանաչում նրան, հետո պնդել են, թե ճանաչում են։ Ըստ վկաների՝ Մնացականյանը «հեղաշրջման օպերացիայի» մեջ զբաղեցրել է «զամպալիտի» պաշտոնը։ Նա այս պահին գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ կարանտինային բաժանմունքում։

Վկաներ Վանո Հովսեփյանը եւ Արմեն Խաչատրյանն անցնում են նաեւ Սերոբ Գասպարյանի գործով։ Այս անձանց Սերոբ Գասպարյանը Ռուսաստան է տարել զորամասերում շինարարություն, վերանորոգում անելու նպատակով: Նրանք իրավապահներին պատմել են, թե, իրենց կարծիքով, անհնար է, որ Սերոբ Գասպարյանն «օպերացիայի» մասին չիմանար։ Փաստացի, Գասպարյանը կալանավորվել է վկաների ենթադրությունների հիման վրա։ Ուշագրավ է, որ Գասպարյանի փաստաբանները մի քանի անգամ դիմել են վկաների հետ առերեսում իրականացնելու համար, սակայն քննիչը մերժել է։

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ վկայի կարգավիճակ ունեցող անձինք ֆիզիկական խնդիրներ ունեն. մեկը ողնաշարի խնդիր ունի՝ չի կարողանում նորմալ քայլել, մյուսի մատն է կտրված։ Այս մարդիկ Ռուսաստան են մեկնել առնվազն «խոպանչու» կարգավիճակով՝ փող աշխատելու համար, մինչդեռ վերադարձել են Հայաստան ու դարձել «կարեւոր» վկա` ցուցմունք են տվել, թե իրենց «վարժեցրել են»՝ հեղաշրջում անելու նպատակով։

Լավատեղյակ անձը մեզ ասաց, որ գործով անցնող վկաները «վերբովկա արված» մարդիկ են, ովքեր մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը»։