14/11/2024

Թրամփ – Պուտին հարաբերությունները սկսվում են ստերով, բա վե՞րջը ․․․

Կրեմլը բացարձակ սուտ է որակել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին տեղեկությունը, որ իր անանուն աղբյուրին հղում անելով տարածել էր ամերիկյան հեղինակավոր «Վաշինգտոն Փոստ» պարբերականը:

Ինչո՞ւ է հեղինակավոր պարբերականը տպագրել տեղեկություն, որը չի համապատասխանում իրականությանը: Ինչ- որ մեկը խաբել է պարբերականի՞ն, թե՞ Թրամփի և Պուտինի թիմերի միջև եղել է հեռախոսազրույցը չհրապարակելու մասին պայմանավորվածություն: Այդ դեպքում ինչո՞ւ կամ ինչպե՞ս է այն խախտվել ու հայտնվել «Վաշինգտոն Փոստի» էջերում:

Ի դեպ, թերևս ուշագրավ է նկատել, որ խոսքը մի պարբերականի մասին է, որը նոյեմբերի 5-ի քվեարկությունից առաջ աննախադեպ որոշում կայացրած ամերիկյան երեք հեղինակավոր լրատվամիջոցներից մեկն էր, որը ավանդաբար կոչ է արել իր ընթերցողներին աջակցել դեմոկրատների թեկնածուին, սակայն այս անգամ զերծ էր մնացել այդ կոչից եւ հայտարարել էր չեզոքության մասին:

Հիշեցնեմ, որ մյուս երկուսը «The Los Angeles Times» և «US Todey» պարբերականներն էին, որոնք ևս ավանդաբար սատարել են և կոչ են արել ընթերցողներին քվեարկել դեմոկրատների օգտին, այս անգամ, սակայն, հայտարարել էին ոչ մեկին չաջակցելու մասին:

Սա, իհարկե, իմիջայլոց, պարզապես «Վաշինգտոն Փոստի» հրապարակման շուրջ ստեղծված տարօրինակ իրավիճակի համատեքստում: Տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումներ՝ հատկապես Կրեմլի հերքումից հետո, պարբերականը դեռ չի հրապարակել: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ Թրամփի հաղթանակի մասին հայտնի դառնալուց հետո ՌԴ նախագահ Պուտինը Վալդայ փորձագիտական ակումբի առաջ իր ելույթում հայտարարել էր, որ պատրաստ է Թրամփի հետ խոսելու և ասել էր, որ ամենևին չի զլանա շնորհավորել նրան հաղթանակի առիթով:

Բոլոր դեպքերում, ըստ էության, ստացվում է, որ Թրամփի ընտրությունից հետո կա նրա և Պուտինի հարաբերության առնչությամբ այսպես ասած առաջին «կոնֆուզը», կամ ինչ որ իմաստով սկանդալը: Սա գործնականում վկայում է այն, ինչի մասին խոսել էի ավելի վաղ՝ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին տեղեկության առիթով, երբ այն չէր հերքել Կրեմլը: Գործնականում չի կարող լինել Թրամփ-Պուտին ձևաչափ:

Այստեղ կա էական մի հանգամանք: Պուտինն ինքը, օրինակ, պարբերաբար խոսում է բազմաբեվեռ աշխարհի մասին, ընդ որում՝ դա ներկայացնելով նաեւ իր քաղաքականության որոշակի ձեռքբերում: Խոշոր հաշվով, բազմաբևեռ աշխարհը մի իրողություն է, որն այլ ոճով, այլ համատեքստում և գնահատմամբ, բայց թերևս ընդունել է նաև Միացյալ Նահանգները:

Իսկ բազմաբևեռ աշխարհում չի կարող լինել Թրամփ-Պուտին կամ Վաշինգտոն-Մոսկվա այն փոխհարաբերությունն ու հաղորդակցությունը՝ իր դերով, նշանակությամբ և առանցքայնությամբ, ինչպես եղել է օրինակ նախկինում՝ ԽՍՀՄ շրջանում, կամ դրան հաջորդած առաջին տասնամյակի ընթացքում: