Գյումրին հստակ ու վստահ քայլերով թաղվում է կառավարման և տնտեսական ճգնաժամի մեջ։ Արտահերթ ընտրություններից դեռ լուր չկա, սակայն նույն վստահությամբ էլ ամենատարբեր զբաղվածության տեր մարդկանց անուններ են շրջանառվում՝ որպես ապագա համայնքապետեր։
Միակ կուսակցությունը, որը պաշտոնական հայտարարություն է արել ընտրությանը մասնակցելու մասին և հայտնել սեփական թեկնածուի անունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:
Առաջիկա ընտրությանը մասնակցելու մասին հայտարարել է նաև Վարդան Ղուկասյանը։ «Դեմոկրատիա Օրինականություն Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը ներգրավվելու է Գյումրու ընտրապայքարում։
«Գործարար» կուսակցությունը ևս հայտարարել է, որ արտահերթ ընտրություններում ակտիվ մասնակցություն է ունենալու, գյումրեցիների քվեն ու ավագանու մանդատներ ստանալու դեպքում լծվելու է բարդ ու պատասխանատու գործին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանն ասում է՝ նախնական տվյալներով՝ կմասնակցեն ընտրությանը, սակայն դեռ վերջնական որոշում չկա։
«Տեսնենք, թող պաշտոնական օր և ընտրության կարգը հայտարարվի, մենք նիստ կանենք, կորոշենք, պաշտոնական հայտարարություն կանենք։ Նախնական քննարկվում է իմ թեկնածությամբ մասնակցությունը։ Քննարկումներ կան կոալիցիոն տարբերակով մասնակցելու, առաջին դեմքով ես եմ գնալու»,- մանրամասնում է Բաղդասարյանը։
Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե «Գործարար»-ը «Բալասանյան դաշինք»-ի անդամների հետ է բանակցում ու քննարկում մասնակցության հնարավորությունը։
Բաղդասարյանն ասում է՝ չի կարող այս պահին բարձրաձայնել, թե ում հետ են քննարկումների սեղանի շուրջ, սակայն «Բալասանյան դաշինք»-ը բացառվում է։
Քաղաքապետի ընտրության վերոնշյալ հայտարարություններին զուգահեռ շատ ավելի ակտիվ են լուռ մնացող, սակայն համայնքապետի իրենց թեկնածուներն ունեցող շատ ուժերի ներկայացուցիչների շուրջ պտտվող լուրերը։
Գյումրու քաղաքապետի ընտրապայքարում այս անգամ հնարավոր է «Բարգավաճ Հայաստան»-ն էլ լինի։ Որպես համայնքապետի թեկնածու՝ շրջանառվում է կուսակցության ՇՄ կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանի անունը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վիրաբյանը չի հերքում լուրերը՝ նշելով, որ զարմացած չէ դրանցից։ Նրա խոսքով՝ Գյումրու կյանքում բավական ներդրում ունի, բնական է, որ մարդիկ իրեն կարող են տեսնել այդ պաշտոնում։
«Բարգավաճ Հայաստան»-ը ընտրության մասնակցության նախնական քննարկում ունեցել է, սակայն որևէ հստակ ասելիք այս պահին չկա։
«Նախնական փակ քննարկում ունեցել ենք, բայց դեռ որոշում չունենք՝ ո՞ւմ ենք առաջադրում, ո՞նց ենք առաջադրում, ո՞նց ենք մասնակցում։ Երբ ընտրության օրը լինի, արդեն հստակություն կլինի այս հարցում, մենք դեռ մասնակցության վերաբերյալ որոշում էլ հստակ չունենք»,- ասում է Վիրաբյանը։
Նոր անուններից է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի անունը:
Մեզ հետ զրույցում Պետրոսյանն ասում է՝ այն, որ իր անունը շրջանառվում է, իր պատկերացմամբ լավ է, այսինքն՝ կան մարդիկ, որոնք իր ունեցած գիտելիքը, հմտությունը, կարողությունը, փորձը դիտարկում են որպես քաղաքի զարգացման կարևոր ռեսուրս։ Ինչ մնում է մասնակցությանը, եթե հանրային պահանջ լինի, դա թույլ կտա մտածել և քննարկումներ ունենալ քաղաքի կառավարման ծանր բեռը ստանձնելու մասին։
«Նմանատիպ ցանկացած որոշում քո հարմարավետ կյանքի հաշվին է կայացվելու, այսինքն, եթե դու ունես շատ ավելի հարմարավետ միջավայր, սիրում ես քո աշխատանքը, բայց պետք է տեղափոխվես մի միջավայր, որտեղ խնդիրները, անորոշությունները, փորձությունները շատ ավելի շատ են, դա լուրջ մտորելու առիթ է տալիս։ Մասնակցությունը նաև այլ գործոններից է կախված, թե արդյոք հավակնություններ կդրսևորեն մարդիկ, ովքեր մեր քաղաքը լավ կամ վատ կկարողանան կառավարել։ Եթե կլինի վատ կառավարիչների օրակարգ, մենք ավելի պարտավորված կլինենք քաղաքին առաջարկել լավ կառավարիչների օրակարգ»,- ասում է նա:
Պետրոսյանի խոսքով՝ այս պահին իր մասնակցության վերաբերյալ հարցը քննարկումների փուլում է, առաջիկայում էլ նախատեսում են շատ գործընկերների հետ տարբեր ձևաչափերով նոր հանդիպումներ ունենալ. «Արդեն ունենք որոշակի քննարկումներ, ինչը կարող է վերջնական ազդել մեր մասնակցության որոշման վրա։ Կան արժեքային մարդիկ, որոնց հետ քննարկում ենք համագործակցության հնարավորություններ, մասնակցության հետ կապված, եթե որոշվի մասնակցել, ապա՝ ինչ ձևաչափով։ Անձերի մակարդակով քննարկումներ կան, բայց խմբակցությունների հետ չենք նախատեսում հանդիպումներ, քննարկումներ։ Երբ որ հստակություն կլինի ընտրության օրվա վերաբերյալ, այդ ժամանակ էլ մենք ավելի հստակություն կունենանք մեր մասնակցության ու ձևաչափի հարցում՝ անհատակա՞ն, թե՞ կոալիցիոն»:
Պտտվող անուններից հաջորդը որպես քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանինն է՝ Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարինը:
Մեզ հետ զրույցում Մալխասյանն ասում է՝ «Ապրելու երկիրը» նախնական քննարկում ունեցել է, և ընտրապայքարին մասնակցելու նախնական որոշում կա։
«Այո, մասնակցելու ենք, ենթադրվում է, որ հենց իմ թեկնածությամբ, որովհետև տեղի կառույցի ղեկավարը ես եմ, խմբակցության ղեկավարը ես եմ, բայց դեռ վերջնական որոշում չկա»,- ասում է Մալխասյանը։
Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանի անունը ևս շրջանառվում է քաղաքապետի թեկնածուների թվում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակոբյանը նշում է՝ այս պահին անձամբ նման որոշում չունի, սակայն իր թիմակիցներն ու մարդիկ, որոնց հետ շատ շփումներ ունի, իրեն առաջարկել, պնդել են գնալ նման քայլի։
«Այո, ինձ առաջարկում են, պնդում են, որ ես պետք եմ քաղաքին, բայց դա նաև իմ անձնական որոշումը պետք է լինի, որը դեռ չունեմ»,- նկատում է Հակոբյանը։
Թիմակից ասելով՝ ո՞ւմ նկատի ունի ավագանու անկախ անդամը, վերջինս ասում է՝ ճիշտ է, ինքը դադարեց լինել Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավարը և դարձավ ավագանու անկախ անդամ, սակայն թիմն իր կողքին է։
«Էդ թիմը հո 4 հոգին չեն, թիմը ես եմ ստեղծել, և մարդիկ, որոնք այս ընթացքում իմ կողքին են եղել, 3000 ձայն ենք ստացել նախորդ ընտրությանը, իսկ դրա համար շատ մեծ թիմ է աշխատել, ու էդ թիմը հիմա կա»,- ընդգծում է Հակոբյանը։
Առաջիկա ընտրություններին մասնակցելու, նաև թեկնածուի մասին նախնական քննարկում ընդհանրապես չունի ՀՀԿ-ն։ Գյումրու ավագանու խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասում է՝ դեռ որևէ քայլ չեն նախաձեռնել, սպասում են, որ ընտրության օրը նշանակվի։
«Բացարձակ քննարկում չենք արել ընտրության օրը հայտնի չլինելու պատճառով։ Երբ որ նշանակվեն ընտրությունները, մենք քննարկում կունենանք, հայտարարությամբ հանդես կգանք։ Էս պահին քաղաքը ֆորսմաժորային իրավիճակում է, չենք ուզում շտապել, օրը կլինի, կունենանք քննարկումը»,- նշում է Միրզոյանը։
Բաց մի թողեք
3 միլիոն դրամը փող չԷ՞․ Լուսանկար
Նարեկ Զեյնալյանը կնշանակվի Առողջապահության նախարար․ Լուսանկար
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են