Բարձրագույն դատական խորհրդում այս պահին երկու անդամի թափուր տեղ կա: Հայտնի է, որ ԲԴԽ-ի կեսը դատավորներ են, կեսը` գիտնական անդամներ: Եթե դատավորներն ավելի անկախ են եւ հաճախ դատական համակարգի շահերն են պաշտպանում, ապա իշխանության կողմից ընտրված եւ այս խորհրդում հարմար ու տաքուկ տեղավորված գիտնական անդամները, որպես կանոն, իշխանության կամքն են կատարում եւ միայն կոճակ սեղմող են աշխատում, երբ ԲԴԽ-ում քննարկվում է որեւէ դատավորի լիազորություններից զրկելու հարցը:
Հրպարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Անդրեասյանը մեկ տասնյակից ավելի փորձառու, հմուտ, քիչ թե շատ անկախ դատավորների հեռացրին պաշտոններից` փոխարինելով երիտասարդ, անփորձ, հաճախ թերի գիտելիքներ ունեցող, բայց իշխանության ցանկացած հրահանգ կատարելու պատրաստ դատավորներով:
Այս պահին ԲԴԽ-ում թափուր մնացած 2 անդամի տեղերից մեկը Վիգեն Քոչարյանի տեղն է, որն ազատվել է հունիսին` ժամկետը լրանալու պատճառով, մյուսը՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի, որը վերջերս դատավոր է ընտրվել եւ աշխատանքի անցել Վճռաբեկ դատարանում։ Առհասարակ, ցանկացած թափուր հաստիք այս իշխանությունը մեծ դժվարությամբ է լրացնում, որովհետեւ առաջնորդվում են թեկնածուի՝ իրենց յուրայինը լինելու սկզբունքով, եւ ստացվում է, որ յուրաքանչյուր հաջորդ կադրն ավելի վատն է, քան նախորդը:
Արդեն հայտնի է, որ իշխանությունը որոշել է ԲԴԽ գիտնական անդամի մեկ տեղը լրացնել ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանով, որն արդեն եղել է ԱԺ-ում, հանդիպել ՔՊ խմբակցության հետ, որը պետք է առաջիկայում ընտրի նրան: Իսկ մյուս թեկնածուն, ըստ լուրերի, իշխանության սրտի մեկ այլ փաստաբան Տիգրան Եգորյանն է։ Նրանք այն եզակի փաստաբաններից են, որոնք հայտնի են իրենց իշխանամետ կեցվածքով։
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսելով այս թեկնածությունների մասին, ասաց․ «Սիրունյան եւ Եգորյան… Սիրունյանին անձամբ ճանաչում եմ եւ Ձեզ ասեմ․ որպես իրավաբան՝ նորմալ իրավաբան է, ոչ մի բանով արտառոց չէ մյուս իրավաբաններից։ Նայած թե Սիրունյանն ինչպես կդրսեւորի իրեն: Եթե ուզենա քանդել ԲԴԽ-ի աշխատանքը, նրան անհրաժեշտ կլինի 30 րոպե, եւ ԲԴԽ-ի աշխատանքները կկազմաքանդվեն։ Հասկանալով, ճանաչելով Սիրունյանին՝ կարող եմ նման պնդում անել, կարող է ե՛ւ կոնստրուկտիվ լինել, ե՛ւ դեստրուկտիվ լինել։ Ինչ վերաբերում է Եգորյանին, ապա ես «շնորհավորում» եմ ԲԴԽ նախագահին, եթե Եգորյանի օգտին քվեարկեն, եւ նա դառնա ԲԴԽ անդամ, դա նշանակում է, որ ԲԴԽ-ի աշխատանքները կխափանվեն, եւ որեւէ կերպ հնարավոր չի լինի այլեւս վերականգնել կամ կոնստրուկտիվ դաշտ բերել ԲԴԽ աշխատանքները»։
Անդրադառնալով փաստաբանների քաղաքականացված լինելու հարցին՝ նախկին պաշտոնյան ասաց․ «Երբ 2015-ին Սահմանադրությունը փոփոխվում էր, եւ որոշվում էր Արդարադատության խորհրդից անցնել Բարձրագույն դատական խորհրդին, ես հիշում եմ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, որ սկզբունքային հարց էր դնում ՀՀ իշխանությունների առջեւ․ ԲԴԽ-ում պետք է դատավոր անդամների քանակն ավելի լինի, քան գիտնական անդամներինը: Ես միանշանակ համաձայն եմ Վենետիկի հանձնաժողովի գնահատականի հետ։ Քաղաքականացված լինելը նորություն չէ, եւ ցանկացած իշխանություն փորձում է ԲԴԽ-ում ներառել ակնհայտ քաղաքականացված անդամների, որպեսզի ԲԴԽ-ն պահեն իրենց իշխանության ծիրի ներքո։ Կարեն Անդրեասյանի, Գագիկ Ջհանգիրյանի օրինակները շատ ցայտուն ցույց են տալիս այն իրավիճակը, որի մասին ես խոսում եմ։ Միանշանակ է իմ մոտեցումը, որ դա չի կարելի թույլատրել։ Երբ խորհրդակցական սենյակում քննարկում էինք հարցեր, մի քանի ԲԴԽ անդամ ակնհայտ ասում էին, որ իրենք համաձայն են դատավոր անդամների դիրքորոշումների հետ, բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենա այդ որոշումն ընդունելուց հետո: Այսինքն՝ մեր տերերն ի՞նչ կասեն»։
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է