ՔՊ-ի դեմ ահաբեկչություն իրականացնելու համար մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Սակայն ուշագրավ է, որ ՔՊ-ի գրասենյակում պայթուցիկ սարք տեղադրած, գործողությունն իրականացրած անձը՝ Էդվարդ Պետրոսյանը, ազատության մեջ է։
Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել ու տակնուվրա արել ամեն ինչ, ապա՝ ձերբակալել նրան։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան եւ ՔՊ Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ նյութեր տեղադրելու գործով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ Գործն այժմ մտել է դատարան, ապացույցների հետազոտման փուլն է։ Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է, չնայած վարույթն իրականացնող մարմինը որեւէ փաստ չի ներկայացրել առ այն, որ Սարգսյանը մասնակցել կամ գոնե աջակցել է ենթադրյալ ահաբեկչությանը։
Գագիկ Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում պնդում է՝ ե՛ւ մեղադրանքը, ե՛ւ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները շինծու են։ «Պատվերով գործ է, դատախազին հարցրեք՝ ահաբեկման համար պայթուցիկ սարք, ժամացույց տեղադրողը, պայթեցման պրոցեսն իրականացնողն ինչո՞ւ է ազատության մեջ։ Ամբողջ գործի մեջ միակ ցուցմունք տվողն ինքն է»,- ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Սարգսյանը միայն դաշնակցական լինելու պատճառով է շարունակում գտնվել կալանքի տակ․ «Դաշնակցության դեմ հերթական գործն են կարել»։
Գագիկ Սարգսյանի որդին՝ Արամ Սարգսյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր հայրն այդ գործի հետ առնչություն չունի, ամբողջովին սարքված գործ է։ «Պայթուցիկ սարքը տեղադրող Էդվարդ Պետրոսյանը, որն առնչություն է ունեցել ՔՊ-ի հետ, առնվազն ցանկացել է դառնալ ՔՊ-ական, ազատության մեջ է։ Այս չկայացած ՔՊ-ականի տված ցուցմունքն ուղղակի անհեթեթություն է։ Հիմնական կատարող անձին բաց են թողել, իսկ մյուսներին, այդ թվում հորս՝ Գագիկ Սարգսյանին, կալանքի տակ են պահում։ Հայրս ենթարկվում է քաղաքական հետապնդման, որովհետեւ ոչ մի լուրջ ապացույց մինչեւ հիմա չի հայտնաբերվել, չի ներկայացվել նրա՝ ահաբեկչության կազմակերպման մասին»,- նշեց նա։
Հիշեցնենք․ մարտի 14-ին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց այն մասին, որ Երեւանում 2024-ի փետրվարին կազմակերպված ահաբեկչության 2 դեպք է բացահայտել։
Ըստ ՔԿ-ի՝ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, երկուսը կալանավորված են, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: Քննչականի տվյալներով՝ ՀՀ քաղաքացի Գ. Ս.-ն եւ նախաքննությամբ դեռեւս չպարզված անձինք «հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել» եւ 2024-ի փետրվարի 10-ին Երեւանի Նոյ թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 եւ Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել: Ըստ մեղադրանքի՝ Գ. Ս.-ն կազմակերպել է Ա. Գ.-ի եւ Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա. Գ.-ն, Է. Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղեւորվել են Երեւանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է. Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա. Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է եւ առանձնատան սեփականատեր Ա. Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս: Ըստ Քննչական կոմիտեի՝ Վ. Հ.-ն, Գ. Ս.-ի եւ նախաքննությամբ դեռեւս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ եւ գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ «ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել, եւ նշված հետեւանքները վրա չեն հասել պատահականությամբ»։
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է