26/12/2024

ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։

Ինչպես հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, կրթության ոլորտի, այդ թվում՝ միջազգային և սփյուռքի տարբեր կառույցների ավելի քան 70 ներկայացուցիչ։

Համաժողովի շրջանակում անցկացվել է կրթական էքսպո, որի ընթացքում կրթական, սփյուռքի և ՏՏ 9 կազմակերպություններ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և կրթական բարեփոխումների առաջխաղացմանը։

Երկրորդ անգամ անցկացվող այս համաժողովն արդեն դարձել է մի ձևաչափ, որով նախարարությունը հրավիրում է զարգացման գծով իր գործընկերներին՝ քննարկելու ոլորտի առաջընթացն ու առկա խնդիրները, լսելու փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև երկխոսության միջոցով առաջարկներ ստանալու և համադրելու ռեսուրսները հետագա քայլերի համար։

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է կրթության ոլորտում կարևոր անելիքների շուրջ քննարկումների հնարավորությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Եվրոպական միության գործընկերներին համատեղ ջանքի համար: Անդրադառնալով համաժողովի վայրի ընտրությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն պատահական չէ ընտրված:

«Հանրակրթության ոլորտի կարևորագույն բարեփոխումները և հանրակրթության չափորոշչի փորձարկումը սկսել ենք հենց Տավուշի մարզից, և դրանք բոլորովին հեշտ ժամանակներ չէին: Երբ ամբողջ աշխարհը համավարակի պայմաններում կրթության շարունակականության խնդիր էր փորձում կարգավորել, կարծես խենթություն էր այդ պայմաններում բարեփոխումների գործընթաց մեկնարկելը: Այդ դժվարությունների համատեքստում կարողացանք գործընթացը մեկնարկել, և դա, իհարկե, համատեղ աշխատանք էր, որովհետև հանրակրթության չափորոշչի բարեփոխումների ծրագիրն իրականացրել ենք Եվրոպական միության գործընկերների և Համաշխարհային բանկի աջակցությամբ»,- ասել է նա:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ երկու տարի առաջ Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը հիմնական ռազմավարական փաստաթուղթն է կրթության ոլորտում: Նրա խոսքով՝ երկու տարվա արդյունքներին հետհայացք գցելով՝ պարզ է դառնում, որ որոշակի փոփոխությունների կարիք կա գործողությունների ծրագրում և սահմանված մոտեցումներում, որպեսզի արդեն իսկ ելնելով դրա իրականացման ընթացքից՝ կատարվեն անհրաժեշտ խմբագրումներ ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով:

Անդրադառնալով ոլորտի կարևոր թիրախներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման նպատակով Կառավարության իրականացրած ծրագրերը, որոնք վերաբերում են ուսուցիչների ատեստավորմանը, վարձատրության բարելավմանը և մասնագիտական զարգացմանը: Նրա խոսքով՝ այս քաղաքականությունների արդյունքում նախորդ տարի համակարգում գրանցվել է ավելի քան 3 հազար նոր ուսուցչի մուտք դպրոց։

«Մարդիկ արձագանքում են իրականացվող քաղաքականությանը, և ուսուցչի մասնագիտությունը դրանով իսկ դառնում է շատ ավելի գրավիչ: Հատկապես ուրախալի է, որ դպրոց նոր մուտք գործած ուսուցիչների շրջանում մեծ համամասնություն են կազմում երիտասարդները. մինչև 40 տարեկան ուսուցիչները կազմում են նոր մուտք գործած ուսուցիչների շուրջ 60 տոկոսը, ինչը բավականին լուրջ թիվ է: Կարևորում եմ նաև, որ նոր ուսուցիչների շուրջ 56 տոկոսն աշխատում է գյուղական դպրոցներում. սա նշանակում է, որ մեր առանձին թիրախային ծրագրերը, որոնք ուղղված էին հենց այս խնդիրների կարգավորմանը, տալիս են իրենց առաջին արդյունքները: Մեզ համար շատ կարևոր տարի է նաև հանրակրթության բովանդակային բարեփոխումների տեսանկյունից. նոր չափորոշիչն արդեն յոթ դասարաններում ներդրվել է, և հաջորդ տարին մեզ համար լինելու է վճռորոշ, երբ գրեթե բոլոր դասարանները կսկսեն աշխատել նոր չափորոշչով: Սա նաև բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում այն առումով, որ դպրոցները պետք է ճիշտ գործածեն չափորոշիչը: Նույնիսկ ամենալավ գրված փաստաթղթերը չեն կարող տեղ հասնել, եթե մենք չունենք մոնիթորինգի հստակ մեխանիզմ, եթե մենթորության համակարգը չի աշխատում, և դպրոցները չեն ստանում այն աջակցությունը, որը կօգնի նրանց հասկանալ նաև չափորոշչի տրամաբանությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոչ միայն հանրակրթության, այլև մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև բարձրագույն կրթության համակարգերի վերաբերյալ քննարկումները: Որպես տարվա կարևորագույն ձեռքբերում՝ ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումը և կարևորել վերջինիս պատշաճ կիրառման ապահովումը ինստիտուցիոնալ նոր մեխանիզմների ներդրման միջոցով: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների մեկնարկի և նոր օրենքի նախագծի վերաբերյալ բաց և անկեղծ քննարկումները: Նախարարն ընդգծել է՝ նոր օրենքի նախագիծը բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ է առաջ բերելու բուհերի խոշորացման, հետազոտական բաղադրիչի ուժեղացման և ոլորտում որակական նոր ստանդարտների սահմանման տեսանկյունից, ինչպես նաև նոր որակի ու մակարդակի է բարձրացնելու թափանցիկության, հաշվետվողականության և ինքնավարության համակարգերը:

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ գործընկերների ներգրավվածությունն ու աջակցությունը կարևոր են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում, որը Կառավարության ամենախոշոր և կարևոր առաջնահերթություններից է:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է ոլորտում բազմակողմանի գործընկերության շարունակականությունը:

«Եվրոպական միությունը մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, ինչպես նաև Սյունիքի մարզերի կրթության, և մեզ համար սա կարևոր ներդրում է մարդկային կապիտալի զարգացման և Հայաստանի Հանրապետության դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ Մենք աջակցել ենք ԲՏՃՄ (STEM) լաբորատորիաների գործունեությանը, ներդրումներ ենք կատարել միջնակարգ դպրոցների և նախակրթարանների վերակառուցման, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության և արտադասարանային պարապմունքների ուղղությամբ: Այս բոլոր ուղղություններով և կրթությունից անդին շատ կարևոր է շարունակել ներգրավել երիտասարդներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան նշանակալից դեր ստանձնելու և նպաստելու քաղաքականությունների մշակմանը, քանզի այն քաղաքականությունը, որ մշակվում է այսօր, անմիջական կերպով անդրադառնալու է նրանց ապագա կյանքի վրա»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» շրջանակում։

«Այն, ինչ կրթության մեջ հաջողություն էր համարվում, հիմնովին այլ է մեր օրերում. այսօր խոսքը վերաբերում է նրան, որ օգնենք երեխաներին զարգացնել իրենց ինքնությունը, ճանաչողական, սոցիալական և էմոցիոնալ հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց հասարակության ձևավորման համար: Երեխաներին հիմնավոր գիտելիքներ և կարողություններ ուսուցանելիս կարևոր է այս երկու մոտեցումները հավասարակշռել։ Հայաստանն առաջընթաց է արձանագրել երկու դեպքում էլ, որի մասին նշվել է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի վերջին եզրափակիչ դիտարկումներում»,- նշել է Մեստրոնին:

Համաժողովին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների առաջընթացը: