21/11/2024

Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում

Երևանի ավագանու նիստում հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթի քննարկման ժամանակ ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ասաց, որ քվեարկության է դրվելու մի նախագիծ, որտեղ մի շարք խմբեր արտոնություններ են ստանալու տրանսպորտից օգտվելիս:

«Իսկ այն խմբակցությունները, որոնք դեմ են քվեարկելու, դրանցից մեկի ղեկավարը մի արտահայտություն է ձեզ ուղղել ու ցույց տվել, թե ոնց է ինքը ձեզանից զզվում, սիրելի երևանցիներ: Իսկ մյուս խմբակցության ռոբաքորարյանա-հանրապետականա անհասկանալի հավաքածուն՝ դաշնակցականախառը, իրենց կառավարման տարիներին, երբ եղել է «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», իրենց կառավարման մեթոդը ցույց են տվել, հետևաբար լավ գիտեք՝ այս դահլիճում մենք ինչ ենք քվեարկելու, նրանք՝ ինչ»,- ասաց Խաչատրյանը:

Ապա դիմելով ավագանու ընդդիմադիր անդամենրին՝ հայտարարեց. «Դուք դասական խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ»:

Վերջինիս ելույթից հետո իրարանցում առաջացավ, ավագանու ընդդիմադիր անդամները սկսեցին Խաչատրյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ապա դուրս եկան տեղերից, միմյանց վրա գրիչ շպրտեցին, ու սկսվեց բանավեճ: