03/12/2024

Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով

Կիրակի ուշ երեկոյան մեդիադաշտն ալեկոծվեց բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության մասին լուրերի արտահոսքից: Հինգ բարձրաստիճան պաշտոնյա, որոնք երեւի շոկի են ենթարկվել հեռախոսով ստացված sms-ներից, թե` դիմում գրեք:

Հրապարակ թերթը գրել է․ Այդ կառույցները տեւական ժամանակ ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում էին լուրերը։ ՔՊ «նեղ կռուգում» էին անգամ անտեղյակ «շեֆի» գիշերային որոշումներից եւ կեսգիշերին մոտ կարծում էին, թե այդ լուրերը հումորի ժանրից կլինեն։ Անգամ շատ բան տեսած ՔՊ-ականները չէին հավատում, որ ժողվարչապետն իր նշանակած, իր հետ տարիներով աշխատած, մանավանդ՝ պատերազմից հետո պաշտոններ ստանձնած եւ իր հրահանգները սրբորեն կատարած մարդկանց կարող է այդպես նվաստացնել եւ sms-ով տեղեկացնել իրենց ազատման մասին:

Նրանցից շատերը կապիտուլյանտ ղեկավարին օգնել էին՝ հաղթահարելու 20 թ․ նոյեմբերից հետո երկրում առաջացած ճգնաժամը, եւ նրա հետ կիսել էին ամեն ինչի պատասխանատվությունը՝ ընդհուպ մինչեւ Արցախը հանձնելու համար։
Համացանցում սկսեցին հումորներ անել, թե ալկոհոլի մեծ սիրահար Փաշինյանը, որ հայրենի Տավուշում մատաղի արարողության էր մասնակցում, հավանաբար, լավ գինովցել է ու sms-ներ ուղարկել, իսկ առավոտյան կսթափվի, ու պաշտոնյաների համար «լույսը բարի» կլինի։ Գրում էին, թե Վոթսապն անջատեք, «թռիչքի» ռեժիմի դրեք, մինչեւ վտանգն անցնի եւ այլն: Սակայն առավոտյան Փաշինյանը հաստատեց այդ լուրերը՝ փաստելով, որ մամուլն իր որոշումների մասին ավելի շուտ է իմացել, քան թիմակիցներից շատերը: Նրա գրառումից հետո արդեն սկսեցին հրաժարականների ուղերձներ հրապարակել նաեւ «զոհերը»։ Բոլոր հեռացողների հրաժեշտի ուղերձներն էլ «սրտառուչ» էին` աշխատել են, լավ են աշխատել, ճգնաժամեր են հաղթահարել, հերոսություններ են արել, նվիրվել են պետությանն ու Նիկոլ Փաշինյանին։

Պաշտոնյաների «ջարդը» քաղաքական եւ հասարակական շրջանակներում տարբեր գնահատականների արժանացավ, իշխանականները հորդորեցին՝ արտառոց ոչինչ չփնտրել, քանի որ դժգոհ էին արդարադատությունից, ուստի փոփոխության է ենթարկվում իրավապահ-ուժային բլոկը։ Վստահեցնում էին, թե զանգվածային պաշտոնանկություններն իրենց համար անակնկալ չէին` 2 օր առաջ կառավարության նիստում վարչապետը գրեթե անոնսել էր դրանք: Իսկ կառավարության վերջին նիստում Փաշինյանը հայտարարել էր, թե դատական եւ ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքներ չի տեսնում։ «Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է»,- մորուքը սափրելու հաջորդ օրն ասել էր նա՝ հասկացնելով, որ վերադարձել է նախկին «սրսուռ» ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին ԱԺ ամբիոնից քննադատական բուռն ճառեր էր ասում՝ ուղղված նախկին իշխանություններին։

Ընդդիմադիր հատվածի կարծիքով էլ Փաշինյանը ռեյտինգի հարց է լուծում, սա նախընտրական տրամաբանությամբ արվող քայլ է, որը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական զարգացումների իր սցենարներում չի բացառում արտահերթ ընտրությունների հավանականությունը: Ավելին, գուցե դա արտաքին զարգացումներով եւ մարտահրավերներով է պարտադրված, ուստի նախընտրական շոուն սկսելու ժամանակն է՝ սերժսարգսյանական «հին ու բարի» ձեւերով՝ «բարի թագավորն ու չար բոյարները» սցենարին հավատարիմ: Երբ իշխանություն պահելու խնդիր ունեցող ղեկավարը ժամանակ առ ժամանակ, հանրային դժգոհությունները պարպելու, իշխանության վարկանիշը բարձրացնելու նպատակով, հարկադրված է «ժերտվա» տալ յուրայիններին՝ փորձելով մոլորեցնել հանրության որոշ շերտերի, որ ինքը լավն է` մեղք չունի, այդ պաշտոնյաներն են վատ աշխատում: Այս դեպքում՝ նա կարծում է, որ իր ընտրողը դժգոհ է արդարադատությունից` որ նախկին թալանչիներն այսօր բանտերում չեն, ուստի ուժայիններին ազատելով՝ այդ զանգվածի պահանջները կբավարարի: Վեց տարի անց նույն նարատիվներով, նույն լոզունգներով ու «կտերով» փորձում է կերակրել իր էլեկտորատին, որ նորից քվե խնդրի եւ «պողպատե մանդատ» ստանա նրանից: Պաշտոնանկությունների մասին Փաշինյանն ընդամենը հայտնեց, որ պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային են, որոնց մասին ինքը հրապարակային խոսել է։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանն էլ էր գրեթե նույն հիմնավորումը բերում։ Նա իր երկրորդ պաշտոնավարման ժամկետի վերջին՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, լծվեց ԶՈՒ-ում «չիստկա» իրականացնելուն, սեպտեմբերին պաշտոնանկ արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հայտարարեց, որ համակարգային բարեփոխումներ է իրականացնելու՝ «որակապես նոր պետություն» ունենալու նպատակով: Ապա փոխեց կառավարության «ֆասադը»` վարչապետ նշանակեց հաջողակ մենեջերի համարում ունեցող Կարեն Կարապետյանին: Հայտարարեց, թե ձեւավորելու է պրոֆեսիոնալների, տեխնոկրատների կառավարություն, եւ գործադիրից հեռացվեցին օլիգարխիայի երկու կարկառուն դեմքերը՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրանց փոխարինեցին խոշոր արտադրական ձեռնարկությունների մենեջերներ, մաքուր հեղինակությամբ, ոչ այնքան հայտնի մարդիկ, որոնք Կարեն Կարապետյանի կառավարության կազմում ընդգրկվեցին:

Զուգահեռաբար՝ ՏԻՄ ընտրություններում, բազմաթիվ համայնքներում ՀՀԿ-ն պաշտպանեց ոչ թե Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ-թեկնածուներին, այլ՝ «ինքնառաջադրված» անկուսակցականների՝ փորձելով ցույց տալ, որ անկուսակցականներին էլ են տեղ տալիս, եւ հանրապետականացման դարն ավարտվել է: 2017-ի ընտրություններին էլ գնացին՝ Կարեն Կարապետյանին որպես շիրմա օգտագործելով, ՀՀԿ-ի վարկաբեկված դեմքերին հեռացրին առաջին պլանից: Իսկ վերարտադրվելուց մեկ տարի անց պարզվեց, որ Կարեն Կարապետյանը չէ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը` նրան փոխվարչապետի պաշտոն առաջարկվեց, եւ այդ հարցում էլ խաբեցին ընտրողին: Իսկ թե ինչով ավարտվեցին այդ իրադարձությունները, բոլորին է հայտնի։