Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը: Այն, որ Անալենա Բերբոքը ժամանելու է Երևան, հայտնի էր դարձել միայն նոյեմբերի 19-ի առավոտյան, ինչը հուշում է, որ այցը եղել է որոշակիորեն հանպատրաստից:
Համենայն դեպս ավելի վաղ չի եղել այդօրինակ սպասվող այցի մասին որևէ ազդարարում: Ինչպես դիտարկել էի Բերբոքի այցի վերաբերյալ ավելի վաղ հրապարակած հոդվածում, Գերմանիայի ԱԳ նախարարը Երևանում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ուղևորվել է Բաքու:
Նա փաստորեն Երևանում է մնացել մոտ երկու-երեք ժամ: Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մանրամասներ հայտնի չեն: Հայաստանի ԱԳՆ տարածել է միայն տեղեկություն, որ քննարկվել են երկկողմ ու ռեգիոնալ հարցեր: Արդյո՞ք Գերմանիայի ԱԳ նախարարի այցը պայմանավորված էր նրանով, որ նա մեկնելու էր Բաքու՝ Cop29-ին մասնակցելու համար, և, ըստ այդմ, որոշել է նաև օգտագործել առիթն ու այցելել Երևան, թե՞ Երևան և Բաքու նրա այցերը պայմանավորված են Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացով, ինչը կնշանակի, որ Անալենա Բերբոքը ժամանել է կոնկրետ որևէ գաղափարով:
Դա, իհարկե, քիչ հավանական է, եթե նկատի առնենք երկու հանգամանք: Նախ, այսօր Գերմանիայի կառավարությունը բավականին խրթին ներքին վիճակում է, կառավարող կոալիցիան փլուզվել է և այդ իմաստով հազիվ թե Բեռլինը որոշակի պատասխանատվություն հանձն առնի Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ գաղափար առաջ քաշելու համար, եթե հայտնի չէ, թե ինչ կլինի այդ կառավարության ճակատագիրը շատ մոտ ապագայում: Եվ, առավել ևս, եթե Ադրբեջանը հայտարարել է, թե այժմ զբաղված է Cop29-ով և Հայաստան-Ադրբեջան գործընթացին կվերադառնա կամ դեկտեմբերին, կամ գուցե նույնիսկ հունվարին՝ կախված իրավիճակից:
Այդ մասին օրեր առաջ հայտնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը: Հետևաբար, հազիվ թե այդ պարագայում Գերմանիայի ԱԳ նախարարը որևէ հատուկ նպատակով ժամաներ Երևան ու Բաքու:
Միևնույն ժամանակ, Բերբոքը, անշուշտ, փորձել է Կլիմայի գագաթնաժողովի առիթով ժամանումն օգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացի վերաբերյալ Երևանից ու Բաքվից այսպես ասած առաջին ձեռքից տեղեկանալու համար: Գերմանիան անմիջական նախաձեռնողականություն դրսևորեց փետրվարին, երբ Մյունխենում միջազգային անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակում կանցլեր Շոլցի մասնակցությամբ կազմակերպվեց Փաշինյան-Ալիև հանդիպում, որի արդյունքում եղավ նաև Բեռլինում արտգործնախարարների բանակցության ռաունդ իրականացնելու պայմանավորվածություն:
Միրզոյանն ու Բայրամովը Գերմանիայի մայրաքաղաքում ունեցան երկօրյա բանակցություն՝ նաև Անալենա Բերբոքի մասնակցությամբ: Սակայն գերմանական նախաձեռնությունը, կարծես թե, չունեցավ շարունակություն, առնվազն հենց գերմանական հարթակում: Այլևս Գերմանիայի մասնակցությամբ չեղավ որևէ հայ-ադրբեջանական շփում՝ ստեղծելով տպավորություն, որ գերմանական փորձը խոշոր հաշվով ուներ ավելի շատ իրավիճակային բնույթ:
Այդ իմաստով հազիվ թե հնարավոր է արձանագրել իրավիճակի էական փոփոխություն այժմ, և Բերբոքը հայ-ադրբեջանական գործընթացի մասով պարզապես կարող է շոշափել առկա իրադրությունը, դրանից անելով որոշակի եզրակացություններ ավելի լայն միջազգային համատեքստով, չի բացառվում՝ նաև Շոլց-Պուտին հեռախոսազրույցից հետո:
Բաց մի թողեք
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը
Բարձրացնել պետական համակարգի դիմադրողականությունը՝ կոտրելով պետական ապարատի դիմադրությունը