26/12/2024

Կարեն Անդրեասյանն իր օրինակով ցույց տվեց, որ Հայաստանում չկա արդար դատական համակարգ․ Արշակյան

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

– Վերջին դեպքերը` WhatsApp-ով` SMS-ների միջոցով բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ եղան: Ուժային կառույցների, անկախ մարմինների ղեկավարներին, ընտրված պատգամավորներին աշխատանքից նման կերպ ազատելն ու ժողովրդավարությունը խիստ անհամատեղելի են: Նման երեւույթներն ավելի շատ մոտ են ավտորիտար ռեժիմների մոդելին, բայց ոչ` դեմոկրատական: Դուք նախկինում պատգամավոր եք եղել, հիշո՞ւմ եք նման դեպքեր, երբ, օրինակ, պատգամավորներ, նախարարներ ազատվեին հեռախոսազանգի միջոցով:

– Իհարկե, դեմոկրատ երկրներին այդ վարքագիծը սազական չէ, այո, այսօրվա իշխանությունը` Նիկոլ Փաշինյանը, ավտորիտար երկրներին հատուկ վարքագիծ է որդեգրել: Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է Հայաստանի այսօրվա իշխանությունը: Մեր ժամանակ էլ, այո, լինում էին նման դեպքեր: Դրանք տգեղ երեւույթներ են: Բայց այն ժամանակ արդարացումն այն էր, որ փորձ չկա, կայացման փուլում է երկիրը` սովետական տոտալիտար իշխանությունից հետո: Բայց ասեմ, որ այն ժամանակ իշխող քաղաքական ուժի ներսում կար դեմոկրատիա: Կային կադրեր, որոնք նշանակվում էին անհեթեթության սկզբունքում, օրինակ` մեկի դասընկերն էր, մեկի համակուրսեցին էր, մեկի խաղընկերն էր, մյուսի բարեկամն էր, քեռու-մորաքրոջ տղան էր, քենին էր, բաջանաղն էր, չափաջաղն էր եւ այլն…. Բայց, այնուամենայնիվ, թեկնածուի հարցը պարտադիր դրվում էր քննարկման, եւ բոլորը կարծիք էին հայտնում: Գոյություն ունեին Ազգային ժողովի հանձնաժողովներ, որոնք չափազանց կարեւոր դեր էին կատարում, քննարկումներ էին անցկացնում: Գուցե այդ քննարկումները միանշանակ չէին ազդում, բայց թողնում էին իրենց ազդեցությունը: Կային նախարարների թեկնածուներ, որոնց թեկնածությունն այդ քննարկումների ժամանակ մերժվում էր: Եթե համեմատենք Գերագույն խորհրդի հետ, ապա, միանշանակ, մեր կարծիքը հաշվի առնվում էր:

– Ասում եք` այն ժամանակ էլ լինում էին նման դեպքեր, երբ նամակի ու հեռախոսազանգի միջոցով պաշտոնյաների էին հեռացնում աշխատանքից: Կնշե՞ք օրինակներ:

– Նրանք արդեն հանգուցյալներ են: Հանգուցյալների մասին եկեք ոչինչ էլ չխոսենք: Ի դեպ, ասեմ Ձեզ, որ մեր ժամանակ կար ձգտում, որ կադրերը լինեին քաղաքական ճանապարհ անցած մարդիկ: Մարդիկ, ովքեր կունենան կենսագրություն: Արհեստավարժության առումով, ցավոք, ամեն ինչ իդեալական չէր, լավ հիմքերի վրա շատ բաներ չդրվեցին, դրա համար այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսօր կադրային փոփոխություններից առաջ պետք է հաշվետվություն ներկայացվեր, բայց այն բացակայեց: Հաշվետվության հետեւանքով կամ արդյունքում նոր կարող էին լինել պաշտոնանկություններ, բայց հաշվետվությունն անբավարար է: Նախ պետք է նկատողություններ լինեին, մարդիկ պետք է հասկանային, որ իրենք լավ չեն աշխատում, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանեին:

– Այսինքն` Դուք կարծում եք, որ նրանք իրենց վատ աշխատանքի համա՞ր են հեռացվել, բայց կան պնդումներ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է երկրում տիրող քաոսի ողջ մեղքը բարդել մի քանիսի վրա՝ ապահովագրելով իրեն….

– Ասում են` առաջ դու բռնիր գողին, քանի գողը քեզ չի բռնել…. եթե դու չես ընդունում, որ մեղավոր ես, օրինակ, վատ կադրեր ընտրելու հարցում կամ բավարար վերահսկողություն չես իրականացրել, ապա բնական է, որ մեղքը պետք է բարդես ենթականերիդ վրա, բայց նրանց էլ դու ես ընտրել, երկնքից չեն ընկել, քո անձնական ծանոթներն են, ընկերներդ էին, հիմա նրանց զոհաբերում ես, որ փրկե՞ս քո վարկանիշը: Եթե ինչ-որ հանձնարարություն չեն կատարել, ապա պետք է այդ մասին ուղիղ տեքստով խոսել, եթե չես խոսում, ուրեմն չի եղել նման բան, ուրեմն այդ մարդիկ պարտաճանաչ կատարել են իրենց տրված բոլոր հանձնարարությունները: Աբսուրդ է այս ամենը․ եթե այդ մարդիկ լավ են աշխատել, ինչո՞ւ են նեղացնում, իսկ եթե վատ են աշխատել, ապա ինչո՞ւ հստակ չի ասվում, թե ինչում են իրենց աշխատանքը ձախողել:

– Բայց Բարձրագույն դատական խորհրդի հետ ի՞նչ կապ ունի գործադիրը: Ինչո՞ւ է Փաշինյանը միջամտում անկախ մարմնի գործունեությանը:

– Դե, հենց ամենատգեղը դա է, փաստորեն, նա լավ էլ գործ ուներ այդ անկախ մարմնի հետ: Կարեն Անդրեասյանը լյուստրացիա արեց: Նա ապացուցեց, որ Հայաստանում չկա արդարադատության համակարգ՝ առանց գործադիր իշխանության միջամտության, հսկողության, առանց պարտադրանքների եւ այլն: