21/11/2024

Իշխանական թիմում կարծում են, որ Գնել Սանոսյանի հեռանալու որոշումը մի բան էլ ուշացած էր

Եթե շարքային քաղաքացիներիս համար առաջին հայացքից տարօրինակ թվաց, որ ուժային բլոկի պատասխանատուների հետ Փաշինյանը ազատեց նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ապա իշխանական թիմում կարծում են, որ այդ որոշումը մի բան էլ ուշացած էր:

Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ-ում ակտիվորեն քննարկում են Սանոսյանի եւ իր ազգուտակի, ընկեր-բարեկամների կայծակնային հարստանալու փաստերը։

Մեզ պատմեցին, որ դիցուք՝ 2021-ին Գնել Սանոսյանի Տարածքային կառավարման և ընթակառուցվածքների նախարար նշանակվելուց հետո ճանապարհային դեպարտամենտի յուղոտ պաշտոններում սկսել են նշանակվել Սանոսյանի մերձավորները, համագյուղացիները, ծանոթները։ Մենք արդեն գրել ենք, որ Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը Սանոսյանի ընկերն է՝ ճանապարհաշինության հետ բացարձակ կապ չունեցող, նախկինում գեոդեզիստ- բանվոր աշխատած Գոռ Ավետիսյանը, որի կենսագրությունը խնամքով թաքցված է եւ որի հայրն այժմ կալանավորված է` կոռուպցիոն մեղադրանքով։

Տնօրենի խորհրդականներ են նշանակվել դարձյալ ճանապարհաշինության մասին ոչ մի պատկերացում չունեցող Սանոսյանի գյուղացին, դասարանցին, կուրսեցին։ Ոլորտի մասնագետներին կամաց ազատել են պաշտոններից եւ նրանց փոխարինել Սանոսյանի և Գոռ Ավետիսյանի համագյուղացիներով, մտերիմներով։ Դեպարտամենտում աշխատանքի է անցել նաև Սանոսյանի կինը, ով աշխատանքի է ժամանում ամուսնու ծառայողական ավտոմեքենայով։ Սանոսյանի և Գոռ Ավետիսյանի մտերիմները բավականին արտոնյալ վիճակում են դեպարտամենտում և, ի տարբերություն մյուս աշխատակիցների, ավելի հաճախ են պարգևավճարներ ստանում, ինչը փորձում են խնամքով թաքցնել։

Դեպարտամենտի աշխատակիցների մեջ մարտունեցիները թիվը բավականին մեծացել է՝ Դեպարտամենտի տնօրենի խորհրդական, Սանոսյանի կուրսեցի Վլադ Աբրոյան, Դեպարտամենտի տնօրենի խորհրդական, Սանոսյանի գյուղացի Մարատ Առաքելյան, Դեպարտամենտի տնօրենի խորհրդական, տնօրենի համագյուղացի Գարիկ Նահապետյան, Գոռ Ավետիսյանի գյուղացի, Վարչատնտեսական բաժնի պետ Վարդգես Աթոյան, նույն մարդու տղան՝ Արա Աթոյանը՝ գույքագրման բաժնի աշխատակից, նույն բաժնի մյուս աշխատողները Սանոսյանի բարեկամներ: Արխիվի պետ, տնօրենի գյուղացի Նաիրա Աբրահամյան, մեր աղբյուրը նշում է, որ շարքը ձգվում է մինչեւ ստորին օղակներ։

Բացի այդ վերջերս հրապարակվեց Սանոսյանի թոշակառու մոր 230 հազար դոլարանոց ամառանոցը, որը կառուցել է վերջին տարիներին: Իրականում ասում են, որ անգամ արտաքուստ ակնհայտ է, որ այն մի քանի անգամ ավելին արժե եւ ՔՊ-ում չեն բացառում, որ Փաշինյանը չի հանդուրժել, որ առանց իրեն` նման գումարներ են աշխատում: Սանոսյանը, դատելով այս ամենից, դուրս է եկել իր կոնտրոլից եւ հատել է թույլատրելի կոռուպցիայի սահմանները։ Անգամ Սանոսյանի նշանակած կադրերն են նման սկսել շքեղ առանձնատներ կառուցել: Օրինակ, մեզ են տրամադրել Ճանապարհային դեպարտամենտի տնօրենի տեղակալ, նախկինում` կոմբայնավար Սերժիկ Պետրոսյանի նորակառույց առանձնատան լուսանկարները, որը Քասախ գյուղում է։

Օրերս գրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է Տարածքային կառավարման նախարարության Ճանապարհային դեպարտամենտի նախկին պետ Գոռ Ավետիսյանի հայրը՝ Ավետիք Ավետիսյանը։ Իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գոռ Ավետիսյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ում, որից հետո կալանավորել են նրա հորը եւ ընկերության հաշվապահին։ Մեղադրանքի հիմքում այն փաստերն են, որ Ավետիսյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ն ճանապարհաշինարարական բազմաթիվ տենդերներ է շահել վերջին տարիներին, ապա աշխատանքները հանձնել է ենթակապալառուի ու մեծ գումարներ աշխատել։ Գոռ Ավետիսյանի հայրը, ըստ մեղադրանքի, օգտագործելով ճանապարհային դեպարտամենտի պետ որդու հարաբերությունները ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ՝ իր ուզած գնով շահել է տենդերները եւ ենթակապալառուի հետ «կիսել» են փողերը։