21/11/2024

«Դիшկդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Մասիս համայնքում

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Արտուշ Փաշոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Աշոտ Արամի Գևորգյանի հետ խմբի կազմում կատարել են խուլիգանություն, որի ընթացքում խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել Էդուարդ Ներսեսի Կարապետյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Այսպես. 2024 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 21:00-ից մինչև 21:30-ը ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրի 21-րդ փողոցի սկզբնամասում իրար են բախվել Էդուարդ Ներսեսի Կարապետյանի «Մերսեդես Բենս» մակնիշի 37 UQ 464 հաշվառման համարանիշի և Տիգրան Բախշիյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 37 RO 692 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները: Նշված վթարի կապակցությամբ Էդուարդ Ներսեսի Կարապետյանը մոտեցել է «ԲՄՎ» մակնիշի 37 RO 692 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդին և նկատել է, որ վերջինս գտնվում է հարբած վիճակում:

Նրան առաջարկել է մոտենալ իր ավտոմեքենային՝ վթարի արդյունքում պատճառված վնասը հասկանալու համար, սակայն նշված խոսակցությանը միջամտել է Աշոտ Արամի Գևորգյանը, ով փորձել է իրականությունը խեղաթյուրել և Էդուարդ Ներսեսի Կարապետյանին ասել է, «ստեղ ես եմ իրեն կանչել և պատասխանատուն ես եմ», ինչպես նաև հավելել է, որ «ԲՄՎ» մակնիշի 37 RO 692 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ղեկին ինքն է եղել, սակայն Էդուարդ Ներսեսի Կարապետյանը հակադարձել է Աշոտ Արամի Գևորգյանի հայտնած տվյալին, ասելով, որ նա չի եղել «ԲՄՎ» մակնիշի 37 RO 692 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ղեկին, այլ այն վարել է Տիգրան Բախշիյանը:

Նշված հարցի կապակցությամբ առաջացած խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Աշոտ Արամի Գևորգյանը բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել Էդուարդ Ներսեսի Կարապետյանի հասցեին, որը լսելի է եղել նաև մոտակայքում բնակվող Արմեն Հովհաննիսյանին: Այնուհետև, ինչպես Էդուարդ Ներսեսի Կարապետյանը, այնպես էլ Արմեն Հովհաննիսյանը հորդորել են Աշոտ Արամի Գևորգյանին դադարեցնել հնչեցվող հայհոյանքերը, սակայն վերջինս խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, այն է՝ իրեն կարգի հրավիրելու կապակցությամբ Էդուարդ Ներսեսի Կարապետյանի և Արմեն Հովհաննիսյանի կողմից արված իրավաչափ դիտողությունը ցավագին ընդունելով և հակադրվելով դրանք դադարեցնելուն ուղղած կոչերին, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և գտնվելով հասարակական վայր հանդիսացող Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրի 21-րդ փողոցի բանուկ հատվածում՝ շարունակել է իր հակաիրավական վարքագիծը, որն արտահայտվել է բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով, որից հետո Էդուարդ Ներսեսի Կարապետյանի հասցեին կատարել է հետևյալ արտահայտությունը. «Դիակտ ստեղ կթողեմ, հեսա կզանգեմ սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ, Մարմարաշենի մեջից չես կարա դուրս գաս»:

Այնուհետև՝ կարճ ժամանակ անց, Աշոտ Արամի Գևորգյանի կանչով «Ֆորդ» մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենայով նշված վայր են ժամանել Արտուշ Արտավազդի Փաշոյանը և Արայիկ Պարույրի Հակոբյանը: Դրանից հետո, Արտուշ Արտավազդի Փաշոյանը մոտեցել է Էդուարդ Ներսեսի Կարապետյանին և հարցրել է՝ «Ստեղ ով Աշոտի հետ պռոբլեմ ունի, ով ա կռիվ սարքել», որին Էդուարդ Ներսեսի Կարապետյանը պատասխանել է, որ ոչ ոք կռիվ չի սարքել, այնուհետև Արտուշ Արտավազդի Փաշոյանը բռունցքով հարվածել է Էդուարդ Ներսեսի Կարապետյանի գլխի հատվածին, որի արդյունքում վերջինս ընկել է գետնին, որից հետո Աշոտ Արամի Գևորգյանը շարունակելով իր խուլիգանական գործողությունները, արդեն խմբի կազմում՝ Արտուշ Արտավազդի Փաշոյանի հետ միասին, փոխլրացնելով միմյանց գործողությունները, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով Էդուարդ Կարապետյանի կնոջ, Գայանե Մակարյանի և անչափահաս թոռնուհու ներկայությամբ, հայհոյանքներ են հնչեցրել ու ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Էդուարդ Ներսեսի Կարապետյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ քունքա-ճակատային շրջանի արյունազեղման, քթի, ձախ սրունքի, աջ արմնկահոդի, աջ բազկի շրջանների ձևով՝ այդ կերպ Էդուարդ Կարապետյանի կնոջ, Գայանե Մակարյանի և անչափահաս թոռնուհու ներկայությամբ ստորացնելով վերջինիս, ինչպես նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: