06/12/2024

Ավագանու նախկին անդամին դանակահարողը հայտնի է

Երեք տարի առաջ դիմակավորված անձինք ներխուժել էին Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանի տուն եւ դանակահարել նրան։

Հրապարակ թերթը գրել է․ Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, գտնվում էր արհեստական կոմայի մեջ։ Նրան դանակահարել էին ծնողների աչքի առաջ, հարվածներ հասցրել նաեւ նրա 87-ամյա հորը՝ Ազատ Անտոնյանին, որը եւս տեղափոխվել էր հիվանդանոց։

Այն ժամանակ գրել էինք, որ տեղի ունեցած դեպքը, ըստ ամենայնի, կապ ունի Անտոնյանի բերած նախագծի հետ, որն ավագանու նիստում ընդունվել էր։ Նախագծով՝ «Երեւանի Արաբկիրի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ն անվանափոխվել էր «Երեւանի հեծանվասպորտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, եւ կազմակերպության կանոնադրությունը հաստատվել էր նոր խմբագրությամբ:

Այսինքն՝ ավագանին հիմնադրել էր Երեւանի հեծանվասպորտի մարզադպրոց։ Կարծիքներ կային, որ նախագիծն Անտոնյանը մշակել է հենց իր «հագով», որպեսզի հետագայում տեղավորվի իր իսկ կողմից անվանափոխված ՀՈԱԿ։

ՀՈԱԿ-ը կապվում էր նաեւ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի անվան հետ։ Այն ժամանակ գրվեց, որ Արման Սահակյանը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահն է, եւ Անտոնյանի ու Սահակյանի միջեւ շահերի բախում կա։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության վարկածով՝ իրենց գործընկերոջ հետ տեղի ունեցածը հենց Արման Սահակյանի ձեռքի գործն է։ Դա իշխանականների համար եւս մեկ առիթ էր՝ նախկիններից մեկի վրա մի նոր գործ «կարելու», նոր մեղք բարդելու։ Սակայն այսօր պարզվում է՝ Սահակյանը որեւէ առնչություն չի ունեցել այս դեպքի հետ, իշխանականների վարկածներն էլ լրիվ հերքվել են։

Բացի սա, իրավապահ մարմիները դեպքից 3 տարի անց որեւէ բացահայտում չեն արել։ Արման Անտոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն դանակահարած անձը Սուրեն Խաչատրյանն է, որն այժմ հետախուզման մեջ է, գործն էլ օդում կախված է մնացել։ «Ինձ համար երկու աբսուրդ կա. առաջինը՝ ո՞նց եղավ, որ չհասցրին ձերբակալել, երբ հաջորդ օրը պարզ էր, թե ով է դանակահարողը, եւ երկրորդ՝ Քնչական կոմիտեն մինչ օրս գործը տրամաբանական ավարտին չի հասցրել` սառեցված վիճա՞կ է, թե՞ դրել են կողքի՝ չգիտեմ»,- ասաց նա։

Անտոնյանի վրա հարձակվել են խմբով, նշում է՝ մյուսները դիմակով են եղել․ «Դիմակով են եղել, բացվել է միայն ինձ դանակահարողի դիմակը, մնացածը կասկածյալներ են, այլ մանրամասների չեմ տիրապետում, որովհետեւ քննիչն ինձ ոչինչ չի ասում»։ Հարցին, թե ով է դանակահարող անձը` Սուրեն Խաչատրյանը, ինչ կապ կա այս դեպքի եւ իր՝ ավագանու անդամի այն ժամանակվա գործունեության միջեւ, Անտոնյանն ասաց. «Երեւանի հեծանվահրապարակը Երեւան համայնքի սեփականությունն է, 10 տարի այդ կառույցը տվել են «Հայաստան մարզական միությանը»՝ բազմաթիվ խախտումներով, որը հիմա քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Բյուջեի քննարկման ժամանակ առանձին կետով նշված էր՝ հեծանվահրապարակի պահպանում՝ 50 միլիոն դրամ, ես` որպես ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, հարց տվեցի՝ ինչի՞ համար է այս կետն առանձնացված եւ ոչ թե մնացած կառույցների նման ընդհանուր ենթաբաժիններով։

Չպատասխանեցին իմ հարցին, ես հետաքրքրվեցի, հասկացա, որ մի շարք խնդիրներ կան՝ կապված գործող սխեմաների հետ։ Ու, փաստորեն, իմ բարձրաձայնած միտքը հիմնավորվեց իրենց մահափորձի կազմակերպմամբ։ Ու աբսուրդն այն է, որ Երեւանի քաղաքապետարանում մինչեւ հիմա բան չի փոխվել։ Էն խմբավորումը, որը կազմակերպել էր իմ մահափորձը, իրենք էլ շարունակում են շահագործել։

Իսկ Սուրեն Խաչատրյանը, երբ քաղաքապետարանը տալիս է «Հայաստան մարզական միությանը» շահագործման, իրենք էլ իրենց խմբի անդամներից մեկին նշանակում են հեծանվահրապարակի տնօրեն, այդ տնօրենի տղան` Սուրեն Խաչատրյանը, մյուս տղան էլ կազմակերպիչների մեջ են։ Այսինքն՝ մարդիկ իրենց ֆինանսական, անձնական շահագրգռվածության պատճառով փորձեցին մարդու կյանք խլել»։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին․ «Կա քրեական հետապնդման ենթարկվող անձ, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Այդ հիմքով քրեական հետապնդման ժամկետը կասեցված է։ Նոր քրեական դատավարության իմաստով՝ վարույթն այդ պատճառով պասիվացված է»։

Ստացվում է, որ կարելի է անձին դանակահարել, հասցնել մահվան դուռ, հիվանդանոց գցել ծեր անձի, փախչել եւ որեւէ պատասխանատվության չենթարկվել։ Փաստ է, որ նախաքննական մարմինը մինչ օրս որեւէ գործուն քայլ չի արել՝ խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ։

«Հրապարակ»․ Ավագանու նախկին անդամին դանակահարողը հայտնի է