Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու հանդեպ պարզ է ու հստակ. թերեւս միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը, ներառյալ այլ ՔՊ-ականներ, այցելեցին Սուրբ Էջմիածին` մայր տաճարի վերաօծմանը, սակայն մինչեւ պատարագի ավարտը չմնացին եւ հաղորդության պահին դուրս եկան եկեղեցուց, բավական է՝ հասկանալու համար, որ մարդիկ չունեն ո՛չ հավատ, ո՛չ էլ տարրական հարգանք Հայ առաքելական եկեղեցու հանդեպ:
Հրապարակ թերթը գրել է․ Բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ այցելում է Վատիկան` Հռոմի պապից օրհնություն են ստանում եւ հպարտորեն գրում են այդ մասին սոցցանցերում: Կարելի է կարծել, որ նրանք ոչ թե Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, այլ՝ կաթոլիկ եկեղեցու:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ զարմանալի ոչինչ չկա այստեղ, դա հայերին բնորոշ վարքագիծ է։ «Հայի պարագայում դա բավականին տարածված երեւույթ է: Ո՞ր ղեկավարն այդպիսին չի եղել, որ սա էլ այդպիսին չլինի: Հային հատուկ բան է՝ անտեսել իր եկեղեցին, գնալ այլ ուղղությամբ, պսեւդոհային` ավելի շատ, բայց ընդհանուր հայերին, միջին հայերին է սա ավելի շատ բնորոշ: Շատ տարածված է ու արդեն վաղուց զարմանալի եւ արտառոց չէ: Դա գալիս է, հավանաբար, մարդկանց գենետիկայից կամ մտածողությունից: Ոչ մի քաղաքական շահ ես այստեղ չեմ տեսնում, զուտ մտածում են` ուրիշինն ավելի լավն է, քան մերը: Այդ մտածումը մեծամասնության մոտ է նստած: Օրինակ` տեսե՞լ եք, հիշո՞ւմ եք մեր նախկին նախագահներից որեւէ մեկին, որը հաղորդություն ստանար: Չեք հիշի, որովհետեւ չի եղել նման բան: Գալիս էին, նստում, թողնում գնում` առանց օրհնություն ստանալու: Ես մեր ժողովրդին խորհուրդ կտամ` գնահատել սեփականը, այլ ոչ թե օտարի հետեւից գնացեք»,- եզրափակում է Աջապահյանը:
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից էլ հետաքրքրվեցինք` ի՞նչ է մտածում այս կապակցությամբ, ինչո՞ւ են իշխանավորներն արհամարհում իրենց եկեղեցին` Հայ առաքելական եկեղեցին, սակայն օրհնություն ստանալու համար գնում հասնում են Վատիկան։ «Գիտե՞ք ինչ, ես կարծում եմ, որ մարդը ում հանդեպ որ հոգեւոր կապ է զգում, նրանից էլ պետք է ստանա օրհնություն: Դա լրիվ անձնական մոտեցում է, թե ով ինչպես կվարվի, դա իր խնդիրն է: Ես այստեղ չեմ տեսնում քաղաքական հարց: Հո անպայման չէ՞, որ մարդը գնա եպիսկոպոսից օրհնություն ստանալու, կարող է գնալ, մի ինչ-որ հասարակ գյուղի քահանայից ստանալ օրհնություն եւ ջերմություն: Անպայման չէ, որ մարդն իր զգացումները, հոգեւոր կապը միայն բարձրաստիճան հոգեւորականների մոտ տեսնի: Սա խիստ անձնական մոտեցում է, եւ ես այստեղ ոչ մի բան չեմ տեսնում: Մայր տաճարի վերաօծումն ընդհանրական աղոթքի օր էր, այլ ոչ թե անձնական շփումների, բոլորը մասնակցում էին: Ի՞նչ ասեմ, գուցե նա Հռոմի պապի՞ց է ստանում այդ ջերմությունը։ Եթե նրան հարցնենք էլ՝ ումի՞ց ես հոգեւոր կապ ստանում, գուցե ասի` Ջրվեժի կամ Քանաքեռի եկեղեցու հոգեւորականներից: Իշխանությունն ու անձի հոգեւոր ընկալումները լրիվ տարբեր բաներ են: Եթե եկեղեցին էլ են սեւ-սպիտակի մեջ տեսնում, ես չեմ կարող համոզել իրենց, որ մենք այդպիսին չենք, որ մենք լավն ենք, եւ այլն»,- նշեց մեր զրուցակիցը:
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ