06/12/2024

ՊԵԿ նոր նախագահը հիմա ինքն է իր պլանավորած հարկերը հավաքելու

Երեկ հայտնի դարձավ ՊԵԿ նոր նախագահի անունը՝ ֆինանսների փոխնախարար Էուարդ Հակոբյանը տեղափոխվում է ՊԵԿ։ Նա 33 տարեկան է, տնտեսական գիտությունների թեկնածու, ֆիննախի համակարգում է 2013 թվականից, կարիերան սկսել է դեռ «նախկինների» օրոք։

Հրապարակ թերթը գրել է․ Ի տարբերություն արդեն նախկին ՊԵԿ նախագահ, իրավաբան Ռուստամ Բադասյանի, տնտեսագետ Հակոբյանը մեծ ցատկեր չի կատարել համակարգից համակարգ, մասնավորից` պետական։ Նա ֆիննախի կադր է։ Պաշտոնների աստիճանակարգով անցել է դանդաղ, հաստատուն քայլերով՝ մակրոտնտեսական քաղաքականության վարչության կրտսեր մասնագետից 2022 թվականին հասնելով նախարարի տեղակալի աթոռին, ինչը մեր օրերում եզակի դեպք է:

Ֆինանսների նախարարության նրա կոլեգաները Հակոբյանին հիշում են մակրոտնտեսական քաղաքականության վարչությունից, բնորոշում որպես «մակրոյի» բանիմաց մասնագետ։ «Կիրթ տղա է, լրագրողների վերապատրաստումների ժամանակ ինքն էր ելույթ ունենում` կհիշեք»,- ասում է Էդուարդ Հակոբյանի նախկին կոլեգան։

Եվ իրոք, հիշում ենք: Օրինակ, հիշում ենք, թե ինչպես էր ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը մոտ մեկ տարի առաջ Հանրային հեռուստատեսությամբ գովաբանում ՀՀ կառավարության տնտեսական հաջողությունները, որոնք պայմանավորված էին զուտ արտաքին գործոններով՝ ռուս-ուկրաինական պատերազմով, ռելոկանտների ու ֆինանսների ներհոսքով դեպի Հայաստան։

2023 թվականի օգոստոսին ֆինանսների փոխնախարար Հակոբյանը Հանրայինի լսարանին պատմում էր, որ նաեւ կառավարության լավ տնտեսական քաղաքականության շնորհիվ էր Standard & Poor’s Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը «B+»-ից բարձրացրել մինչեւ «BB-», այսինքն` կայունից փոխել էր դրականի։

«Պետք է օբյեկտիվորեն ասել, որ թեեւ գործոններն արտաքին են եղել, բայց էական է եղել կառավարության դերը, որը համապատասխան քայլեր է ձեռնարկել, միջավայր է ձեւավորել, որ կարողանանք կլանել այդ դրական ազդակները՝ արտաքին աշխարհից եկած, կարողացել է մակրոտնտեսական կայունություն ապահովելու միջոցով նաեւ այդ հոսքերը կլանել, որի արդյունքում մեզ մոտ տնտեսական արդյունքները դրական են, ֆիսկալ արդյունքները դրական են»,- ասում էր Հակոբյանը, ճշմարտանման փիառ ապահովելով Փաշինյանի եւ նրա թիմի համար։

Իսկ թե ինչով ավարտվեց այդ հաջողության պատմությունը, երբ արտաքին գործոնների ազդեցությունը թուլացավ, արդեն տեսանք 2025-ի բյուջեի քննարկումների ժամանակ, երբ  պարզվեց, որ բյուջեի ահռելի թերակատարում ենք ունենալու` ե՛ւ եկամուտների, ե՛ւ ծախսերի առումով, եւ եկամուտների թերակատարումը կազմելու է մոտ 5 տոկոս։

Ֆինանսների նախարարությունում Էդուարդ Հակոբյանը կոորդինացնում էր եկամուտների հավաքագրման պլանի հաշվարկը, իսկ այժմ ապահովելու է եկամուտները։ Ստացվում է, որ նրա թեթեւ ձեռքով ուռճացված թվեր են գրվել բյուջեի նախագծում, այդ թվում` 2025 թվականի համար, որի տակից ՊԵԿ-ը չէր կարողանում դուրս գալ, իսկ հիմա ինքն է իր գրած պլանը կատարելու։ Ահա թե ինչու կառավարությունում կատակում են, թե, փաստորեն, Հակոբյանը հիմա ինքն իր փորած փոսն է ընկնելու, քանի որ անձամբ է ապահովելու իր նկարած թվերի հավաքագրումը։
Մենք փորձեցինք սույնի վերաբերյալ Էդուարդ Հակոբյանի կարծիքը հարցնել, սակայն նա ո՛չ զանգերին, ո՛չ էլ նամակներին է պատասխանում։ Կարիերային թռիչքը երեւի շլացրել է, եւ մենք արդեն բարիկադների հակառակ կողմում ենք։ «Հրաշալի անձնավորություն է, բոլոր առումներով՝ իբրեւ մասնագետ, մարդ, քաղաքացի»,- ՊԵԿ նորանշանակ նախագահին իր հաճոյախոսությունն է շռայլում Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանը։

Ասում են` ինքն է ուռճացված թվեր գրել՝ եկամուտների հավաքագրման պլանը կազմելով, Դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին։ Այս հարցից պարոն Սանդոյանը դիվանագիտորեն խուսափեց․ «Ես անձն եմ բնութագրում, իսկ Ձեր ասածը մասնագիտական քննարկման հարց է, որի ժամանակը ես չունեմ»։ Բայց հաճոյախոսությունն արդեն ասված է, եւ, հավանաբար, ՊԵԿ նոր նախագահը կկարդա ու կիմանա, թե Սանդոյանն ինչպես է իր նշանակման օրն իրեն գովաբանել: