Իշխանություններին հավատարիմ «Ժողովրդի իշխանություն» շարժման անդամ, հայտնի նախկին ֆուտբոլիստ, պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին «Վրացական երազանքի» քաղխորհուրդը առաջադրել է Վրաստանի նախագահի պաշտոնում:
Ընտրությունը կլինի դեկտեմբերի 14-ին, նախագահին կհաստատի կամ կմերժի ընտրական կոլեգիան:
Նախքան քաղաքական կարիերան սկսելը, Միխայիլ Կավելաշվիլին հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սպարտակ-Ալանիան» (Վլադիկավկազ), «Մանչեսթեր Սիթին», իսկ հարձակվողի կարիերան ավարտել է Ցյուրիխում 2006 թվականին։
Վրաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է ինը գոլի հեղինակ։
Ներկայացնելով թեկնածուին՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Կավելաշվիլիին անվանել է «սկզբունքային հայրենասեր»։
Նրա խոսքով՝ Կավելաշվիլիի ընտրվելուց հետո «Վրաստանի Սահմանադրության կոպիտ խախտման (-խմբ. նկատի ունի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարումը) պրակտիկան և պետությանը դավաճանելը կմնա անցյալի իրողություն»:
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի վերջին ուղղակիորեն ընտրված նախագահն է։
Հաջորդ նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Աջարիայի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդների անդամներ, ինչպես նաև ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Ինչպես նշում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, Վրաստանի նախագահը պետք է լինի մարդ, որը կգործի իր «երկրի շահերին համապատասխան»։ Ինչպես հայտնի է, ներկայիս նախագահ Զուրաբիշվիլիի և իշխանությունների կարծիքները չեն համընկնում:
Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահի ընտրություններն անցկացվում են պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ հոկտեմբերին, սակայն եթե ընտրությունների ամսաթիվը ընկնում է խորհրդարանական ընտրությունների ամսին կամ նախորդ ամսին, ապա նախագահական ընտրություններն անցկացվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո՝ 45 օրվա ընթացքում։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար