Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը մեծ պատվիրակությամբ այս օրերին ԱՄՆ-ում է, ճոխ գնումներ է անում համայնքային միջոցներից: Մենք արդեն ներկայացրել ենք ամանորյա զարդարանքի վրա ծախսվող աննախադեպ գնումների թեման` 600 միլիոն դրամից ավելի գումար է ծախսվում այս տարվա ամանորյա զարդարանքի վրա: Բայց միայն դա չէ` չարդարացված նորոգումներ, հուշանվերների եւ այլ կամայական ծախսերի մեծ ցանկ կա Երեւանի քաղաքապետարանի կայքում:
Հրապարակ թերթը գրել է․ Այս անգամ էլ հերթական միլիոններն են ծախսում քաղաքային բյուջեից` տեխնիկա գնելու համար։ 21 միլիոն 623 հազար դրամի գնում կատարելու որոշում է քաղաքապետը ստորագրել՝ Երեւանի քաղաքապետարանի կարիքների համար գնվում է տեսանկարահանման եւ լուսանկարահանման տեխնիկա։
Հետաքրքիրն այն է, որ այս անգամ եւս գնումը կատարել են մեկ անձից` առանց մրցույթի, ինչն արդեն կասկածի տեղիք է տալիս։ Առհասարակ ՔՊ-ական իշխանությունը գրեթե վերացրել է մրցույթների` տենդերների ավանդույթը եւ հիմնականում կլորիկ գումարով գնումներ են կատարում կոնկրետ կազմակերպություններից։
Երեւանի քաղաքապետարանի Լրատվության բաժնից փորձեցինք ճշտել՝ այդ տեխնիկան ո՞ր բաժնին է հարկավոր եւ ինչո՞ւ է գնումը կատարվել մեկ անձից եւ ով է այդ «անձը»։ Մեզ պատասխանեցին, որ որ այդ տեխնիկան գնվել է Լրատվության վարչության համար, քանի որ նախկինն արդեն հնամաշ է։
Ինչ վերաբերում է մեկ անձից գնում կատարելուն, ասացին․ «Գնումների մասին օրենսդրությամբ ու այդ ընթացակարգերով, նախատեսված ժամկետներով, քանի որ մինչեւ տարեվերջ է տալիս գնումների մասին օրեսնդրությունը, մենք չէինք հասցնի դա անել։ Գնումների մասին օրենսդրությամբ ենք արել, բայց մեկ անձի տարբերակով, որովհետեւ ներկրման ժամկետների սղությունից բացի, մրցութային տարբերակով` ապարանքի լրակազմերը, որպես կանոն, մեկը մյուսին չեն համապատասխանում, այսինքն՝ եթե մենք առանձին չափաբաժիններով մրցույթի դնենք, քանի որ սպեցիֆիկ տեխնիկա է` որպես կանոն իր բաղադրիչները բերում են ոչ թե մեր ուզածը, այլ փոխարինողը։ Պարբերաբար նման խնդիրներ եղել են։ Տեխնիկայի մեծ մասը ձեռք էր բերվել 2013-2014 թվականներին, շատ հին տեխնիկա էր, ու հիմա էլ այդ տեխնիկայի պատճառով պարբերաբար խնդիրներ ենք ունենում նկարահանման ժամանակ։ Անգամ դեպքեր են եղել, որ տեխնիկան չի միացել շրջայցերի ժամանակ։ Այնքան ենք նորոգել, որ այդ ամեն ինչն այլևս նպատակահարմար չէր»։
Մեզ նաեւ փոխանցեցին, որ գնումը կատարվել է «Ջի ՎԻ ԷՆ ՊՌՈ» ՍՊԸ-ից։ Փորձեցինք տեղեկություն ստանալ այս ընկերության վերաբերյալ, սակայն համացանցը փորփրելու արդյունքում ոչինչ չգտանք այս ընկերության մասին, անգամ հեռախոսահամար չկա։ Պետռեգիստրից տեղեկացանք, որ ՍՊԸ-ն գրանցված է Գեւորգ Խանոյան անձի անունով, հիմնադրվել է 2019-ին։ Սա անհայտ, կենսագրություն չունեցող ընկերությունից գնում կատարելու հերթական որոշումն է, չի բացառվում, որ այս ընկերությունը որեւէ իշխանական պաշտոնյայի կամ իշխանության մտերիմին փոխկապակցված ընկերություն է, որի միջոցով գումարները գրպանից գրպան են մտնում։
Արձանագրենք, որ քաղաքապետարանի այս կասկածելի գնումներով որեւէ իրավապահ մարմին չի զբաղվում, հանրությանն անհայտ է մնում՝ ինչո՞ւ է քաղաքապետն իր շրջագայությունների, սենյակի վերանորոգման եւ այլ նպատակներով միլիոններ հատկացնում: Իսկ գուցե Երեւանում տեղի ունեցող այս թանկացումները, հարկուտուրքերի անհամաչափ բարձրացումը, տրանսպորտի եւ կարմիր գծերի գումարները հենց այդ նպատակների՞ն են ուղղվում։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ