Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հունգարիայում ՀՀ դեսպանություն բացելու մասին որոշում է ընդունել։
Հիմնավորման մեջ նշված է, որ 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:
Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով և բազմակողմ հարթակներում հանդիպումներով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով:
Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։
Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր:
Հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:
Երկկողմ հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի նաև Հունգարիայի հայ համայնքը:
Բաց մի թողեք
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը. Լուսանկարներ
Հրադադարից հետո՝ մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը