23/12/2024

Նախկին ՀՀԿ-ականի դեգերումները․ ՌԴ-ում ծվարած և երկիրը հեռակապով փրկող գեներալ Արշակին լքել, միացել է նույն վայրում ծվարած մեկ այլ փրկչի՝ «Քեթրինի Միհրանին»

Նախկին ՀՀ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը լքել է Պաշտպանության նախկին նախարար, այժմ ՌԴ-ում ծվարած Արշակ Կարապետյանի «ճակատը» և նոր «քաղաքական բնակատեղի» է գտել՝ նորեն նախկին ՀՀԿ-ական, նորեն ՌԴ-ում ծվարած մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ «ԴԱՀԿ-ի Միհրան»-ի՝ Միհրան Պողսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունում։

Այս մասին Շահինյանն ինքն է ազդարարել, որի այդ որոշման մասին հայտարարությունը զետեղվել է ՀՀՄ ֆեյսբուքյան էջում։ «Ելնելով Հայաստանի ներքաղաքական իրողություններից, օր-օրի ահագնացող արտաքին սպառնալիքներից, հաշվի առնելով արցախահայության իրավունքների վերականգնման առաջնահերթությունն ու ազգային պետություն ձևավորելու հրամայականը՝ անհրաժեշտ եմ համարում առավել ակտիվացնել քաղաքական գործունեությունս։

Ըստ այդմ՝ որոշում եմ կայացրել անդամակցել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը։ Որոշումս բացառապես պայմանավորված է ՀՀՄ կուսակցության առաջնային նպատակների ու ծրագրային դրույթների (տեսնես որո՞նք են դրանք՝ բացի, իհարկե, օր առաջ իշխանափոխության հասնելը) իրագործմամբ, ինչպես նաև գաղափարական ընդհանրությամբ»,-մասնավորապես ասված է նախկին թաղապետի հայտարարության մեջ։

Նշենք, որ Շահինյանը ամիսներ առաջ Արշակ Կարապետյանի «Համայակական ճակատ»-ում էր, ավելին՝ ընտրվել էր սույն քաղաքական պրոյեկտի նախագահ։ Կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ (Կարապետյանը ստիպված եղավ երկրորդ անգամ համագումար անցկացնել, քանի որ Պետռեգիստրը չէր գրանցել կուսակցությունն ու մի շարք խնդիրներ մատնանշել), սակայն Հովհաննես Շահինյանը չընտրվեց նախագահ, ավելին՝ ընդհանրապես ներկա չէր կուսակցության համագումարին:

Կայքերից մեկի հետ զրույցում Շահինյանն այս առնչությամբ մասնավորապես պարզաբանել էր․ «2019թ-ի հունվարից իմ նկատմամբ քրեական հետապնդումներ սկսվեցին, գործը այս պահին հասել է Հակակոռուպցիոն դատարան: Քանի որ առաջին համագումարից հետո մեր կուսակցությունը չգրանցեցին, իսկ դա համընկավ իմ գործի քննչականում ավարտելու և դատարան ուղարկելու հետ, ես կուսակցության առաջնորդին՝ գեներալ Արշակ Կարապետյանին և իմ թիմակիցներին խնդրեցի, որ չեմ մասնակցի կազմակերպչական աշխատանքներին: Ուժերս պետք է կենտրոնացնեի դատավարության վրա, որպեսզի վերջապես հասկանամ՝ ինչում են ինձ մեղադրում: Ինձ ո՛չ հարցաքննեցին, ո՛չ քննչական գործողություններին մասնակցեցի, ո՛չ էլ առերեսումներին, գործը բացեցին, փակեցին, վերաորակավորեցին, տարբեր փուլեր անցանք: Մենք իրավական դաշտում կռիվը շարունակում ենք, քանի որ պատվիրված հետապնդում է իրականացվում, իմ ակտիվությունը կարող էր ազդել կուսակցության գրանցման ու հետագա աշխատանքների վրա:

Այս փուլում իմ ուժերը կենտրոնացրել եմ դատաքննության վրա, իսկ մեր ընկերները շարունակում են աշխատել՝ կուսակցությունը գրանցվեց, ինչու ոչ, հենց իմ մասնակցությունն այս վարչախմբի համար պատճառ կարող էր հանդիսանալ կուսակցությունը չգրանցելու համար: Սա է եղելությունը»։

Հարկ է նկատել, որ կուսակցությունը չգրանցելու պատճառները եղել է ոչ թե Շահինյանի անձնական գործոնը, այլ՝ «Կուսակցությունների մասին» օրենքի մի շարք խախտումները։ Իսկ կուսակցության համագումարի, գրանցման հետ կապված կազմակերպչական հարցերը հոգացել էր ինքը՝ Շահինյանը։ Ի դեպ, այդ խախտումները վերացնելուց հետո Պետռեիգստրը կուսակցությունը գրանցեց ս․թ․ օգոստոսի 23-ին։ Կարապետյանը կուսակցության գրանցման օրվա համընկնումը Անկախության հռչակագրի ընդունման օրվա հետ ընդհուպ համարել էր նախախնամության ձեռքի գործը։ Կարելի է ենթադրել, որ Շահինյանն այլևս դատավարության վրա ուժերը կենտրոնացնելու խնդիր չունի և ուժերն այսուհետ կենտրոնացնելու է նոր քաղաքական տանիքի շենացման ուղղությամբ։

Ի դեպ, Կարապետյանի ստեղծած քաղաքական պրոյեկտը լքել է և «Հայոց արծիվներ»-ի գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանը։ Վերջինս հայտարարություն էր տարածել ու հայտնել պատճառը․ «Սույն թվականի հոկտեմբերին Երևան քաղաքում տեղի ունեցած հեռակապով ժողովի ընթացքում կրկին Արշակ Կարապետյանի և նրա հովանավորների կողմից եղել է որոշում․ ««Համահայկական Ճակատ» շարժման հետ համագործակցող կուսակցությունները պետք է մասնակցեն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միտինգին և հետո ինչ որ թղթեր բաժանեն», նույն ժողովի ընթացքում ես հերթական անգամ ու վերջնականապես մերժե՛լ եմ Արշակ Կարապետյանի և նրա հովանավորների այդ որոշումը, ինչպես նաև չեղարկել եմ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության և «Համահայկական Ճակատ» շարժման միջև ստորագրված համագործակցության հուշագիրը և դուրս եկել «Համահայկական Ճակատ» շարժումից»։

Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ ՌԴ-ում ծպտված ու ՀՀ-ում իշխանափոխություն անել պատրաստվող փրկչախմբի մասին։