22/12/2024

Նոր ընտրություններ և պատժամիջոցներ. ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Նոր ընտրություններ և պատժամիջոցներ Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի, Ղարիբաշվիլիի, Պապուաշվիլիի և դատավորների նկատմամբ:

Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, Եվրախորհրդարանը Վրաստանի մասին բանաձև է ընդունել:

«Մենք կոչ ենք անում Եվրամիությանը և նրա անդամ երկրներին անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի այն պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների նկատմամբ, որոնք պատասխանատու են ժողովրդավարական հետընթացի, ընտրախախտումների, վարչական բռնության և պետական ինստիտուտների չարաշահումների համար. նրանք են` վարչապետ Իրակլի Կոբախիձե, Թբիլիսիի քաղաքապետ և իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձե, նաև` խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլի: Պատժամիջոցները կտարածվեն նաև քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող դատավորների վրա։ Մենք կրկին կոչ ենք անում Խորհրդին և ԵՄ-ի ժողովրդավարական գործընկերներին անհապաղ և նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ և սառեցնել նրա բոլոր ակտիվները ԵՄ-ի ներսում՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերակատարման համար»,- ասված է փաստաթղթում։

Ըստ ընդունված բանաձևի՝ Եվրախորհրդարանը կոչ է անում Միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները, դրա հետ մեկտեղ կոչ է անում անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ՝ բարելավված ընտրական միջավայրում և անկախ ու անաչառ ընտրական վարչակազմի կողմից և միջազգային ակնդետ դիտարկման ներքո՝ 1 տարվա ընթացքում ապահովելու համար իսկապես արդար և թափանցիկ ընտրական գործընթաց։

«Մենք շեշտում ենք, որ հիմնարար իրավունքների հարգանքը կենսական նշանակություն ունի ԵՄ վիզայի ազատականացման չափանիշներին համապատասխանելու համար և կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին ու Խորհրդին վերանայել Վրաստանին տրված առանց վիզայի կարգավիճակը՝ դրա հնարավոր կասեցմամբ, եթե չդիտարկվեն ժողովրդավարական կառավարման և ազատությունների ԵՄ չափանիշները։

Մենք կոչ ենք անում Եվրամիությանը խստորեն սահմանափակել պաշտոնական շփումները Եվրամիության մակարդակով Վրաստանի կառավարության և խորհրդարանի հետ,

կոչ ենք անում Խորհրդին, Հանձնաժողովին իրականացնել Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության համապարփակ վերանայում, կոչ ենք անում հանձնաժողովին օգտագործել սառեցված 120 միլիոն եվրոյի աջակցությունը, որը նախատեսված է Վրաստանի կառավարության համար՝ աջակցելու նպատակով վրացական քաղաքացիական հասարակությանը, հատկապես ոչ կառավարական հատվածին և անկախ լրատվամիջոցներին, որոնք ավելի ու ավելի են ենթարկվում իշխող կուսակցության ճնշմանը։ Մենք ողջունում ենք բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկն այս կապակցությամբ»,- ընդգծված է ԵԽ-ի ընդունած բանաձևում։