Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ «մերկացնում» է Հայաստանում ԱՄՆ մտադրությունները՝ ասելով, որ Եվրամիությանն անդամակցության հանրաքվեի հայտնի նախաձեռնությունն իրականացնող ուժերին ԱՄՆ ուզում է մտցնել Հայաստանի նոր խորհրդարան՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար:
ՌԴ արտաքին հետախուզական ծառայության այս հայտարարությունը առաջինն ուշադրության է արժանանում այն պարագայով, որ փաստորեն գրեթե անմիջապես հաջորդում է Եվրամիությանն անդամակցության հանրաքվեի համար ստորագրահավաքի թեմայով Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում:
Փաշինյանը, որը գործնականում մինչ այդ ամբողջ ընթացքում ոչ միայն դիստանցավորվել է այդ թեմայից, այլ նույնիսկ թե՛ բաց տեքստով, թե՛ անուղղակի ակնարկներով հայտարարել, որ Եվրամիությունը մեզ չի սպասում, հանկարծ հայտարարեց, որ հենց ինքն է այդ թեման Հայաստանում բերել օրակարգ՝ Եվրախորհրդարանում իր հայտնի ելույթով, հետևաբար, տարօրինակ կլինի նաև, որ մերժի հանրաքվեի հարցի քննարկումը:
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը, որ այսօր ունի վարկանիշի՝ ընդհուպ անձնական վարկանիշի լուրջ խնդիր, իր քայլով փորձեց այսպես ասած «յուրացնել» այն հաջողությունը, որ ստորագրահավաքի միջոցով արձանագրել էին չորս ուժերը՝ հավաքելով խորհրդարանում քննարկում ծավալելու համար անհրաժեշտ քանակի ստորագրություն:
Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը «մատնեց» իրեն՝ ասելով, թե ինքը հենց սկզբից էլ գիտեր, որ ստորագրությունների այդ քանակը և նույնիսկ ավելի մեծ քանակ՝ հավաքվելու է: Դրանով նա փաստորեն ապահովագրվում էր գնահատականից, թե հայտարարությունն արել է տեսնելով ստորագրությունների ծավալը:
Այլ կերպ ասած, Փաշինյանը շատ լավ զգալով իրավիճակը, նաև հասկանում է, որ նախաձեռնության հանդեպ նախկին դիրքորոշումից հետո հանկարծ կատարված շրջադարձը բնականաբար առաջացնելու է հարցեր:
Ահա այդ ֆոնին, Նիկոլ Փաշինյանի կատարած շրջադարձ քայլը փաստորեն կամա, թե ակամա ուժեղացնում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը՝ անելով արդեն հայտնի հայտարարությունը՝ Փաշինյանի շրջադարձից մի քանի օր անց:
Հայտարարություն, որի տոնայնությունը, ըստ էության՝ համահունչ է Նիկոլ Փաշինյանի «շրջադարձի» բովանդակությանը, այլ կերպ ասած՝ չորս ուժերի գործողություններն ուղիղ ասոցացնում է Նիկոլ Փաշինյանի հետ:
Ընդ որում՝ դժվար չէ կռահել, թե ՌԴ արտաքին հետախուզական ծառայության այդպիսի հայտարարությունները ի՞նչ ընկալման և «ընդունելության» են արժանանալու հանրային այն շերտերի մոտ, որոնք եվրաինտեգրացիայի խորացման և ընդհուպ ԵՄ անդամության օրակարգի կողմնակից են: ՌԴ արտաքին հետախուզության հայտարարությունը նպաստելու է այդ շերտերի մոբիլիզացիային՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ:
Միջուկային գերտերության հետախուզական ծառայության համար, թերևս, բոլորովին դժվար չէր հաշվարկել այդպիսի էֆեկտը: Առավել ևս, որ հաշվարկելը, թերևս, այդ ծառայության ղեկավար Նարիշկինի թույլ կողմը չէ, այլապես հազիվ թե նա դառնար ՌԴ ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի, իսկ նրա միջոցով էլ՝ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների բիզնես գործընկերը, ինչի մասին ռուսալեզու ռեսուրսները փաստական մատուցմամբ ազդարարեցին դեռևս 44-օրյա պատերազմի օրերին:
Իհարկե, մեկ այլ հետաքրքիր հարց է, թե նույն Նարիշկինին 2022 թվականի փետրվարի 22-ին՝ Ուկրաինայի վրա գրոհից երկու օր առաջ ինչու էր հեռուստաեթերում համապետական և համաշխարհային նվաստացման ենթարկում ՌԴ նախագահ Պուտինը՝ Դոնբասի և Լուգանսկի անկախության ճանաչման թեմայով ԱԽ նիստի ընթացքում:
Համաձայնեք, որ դա իրապես զարմանալի և «անիմանալի» դրվագ է, երբ պետության գերագույն գլխավոր հրամանատարը ցուցադրաբար հիմար վիճակի մեջ է դնում իր արտաքին հետախուզական ծառայության ղեկավարին, բայց պահպանում է նրան պաշտոնում:
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի