04/12/2024

44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում

«ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձեւը. ձգձգում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը, որն ամիսներ շարունակ հայտարարում է, թե պատրաստ է, բայց զեկույցն այդպես էլ չի հանրայնացվում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»: Իսկ նոյեմբերի 11-ին էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր՝ «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է։ Հանրությունը դեռ տեղյակ չէ, թե զեկույցի որ մասը փակ կլինի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի»,- նշեց Քոչարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ ԱԺ նախագահը մինչ օրս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկելու օրակարգով ԱԺ փակ նիստ հրավիրելու դիմում չի ստացել Անդրանիկ Քոչարյանից. նա ձգձգում է եւ չի ուղարկում դիմումը: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովել եւ բոլոր ժամկետները պահպանել, չի կարողանում Անդրանիկ Քոչարյանին բերել օրինականության դաշտ: Քոչարյանը «օրենքից վեր» է»: