23/12/2024

Լեհաստանը դիտարկում է Հայաստանում ԵՄ առաքելությունում իր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը․ Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ COP29-ի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

«Ես նախագահին ասացի, որ պատրաստվում եմ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և խնդրեցի նրան ներկայացնել իր տեսակետը կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում քննարկվում են։ Բարեբախտաբար, խաղաղության գործընթացը, այդ կոնֆլիկտային հարցերի լուծումն առաջընթաց են ապրում։ Դա շատ դժվար է, բայց այդ գործընթացն առաջ է շարժվում»,- ասել է Դուդան՝ նշելով, որ նույն հարցերը քննարկել է նաև Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը՝ Լեհաստանի նախագահն ընդգծել է՝ անհրաժեշտ է կայունացնել առաքելությունը։

Նրա խոսքով՝ առաքելությունը որոշակի հաջողություններ է արձանագրում սահմանին իրավիճակը հանգստացնելու գործում:

«Լեհաստանը մասնակցում է այդ առաքելությանը և դիտարկում այդ առաքելությունում իր ներկայացուցիչների քանակի ավելացման հարցը»,- նշել է Լեհաստանի ղեկավարը։